«Ժողովուրդ» օրաթերթն այս օրերի ներքաղաքական իրադարձությունների մասին զրուցել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։
-Պարո՛ն Մարտիրոսյան, ի՞նչ ընդհանուր տպավորություն ունեք Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժման մասին։
-Նախ ասեմ, որ վաղուց արդեն այսքան գեղեցիկ մարդկանց չէի տեսել Երեւանի փողոցներում, հրաշալի երիտասարդություն է հավաքվել՝ վճռական, ռոմանտիզմով լի։ Սա այն երիտասարդությունն է, որն ազատագրվել է բուհական ուսխորհրդի կապանքներից եւ դուրս եկել փողոց։ Այս երիտասարդների մեջ Սովետ չկա, ինձ այդպես է թվում։ Հանրապետության հրապարակը այսքան լեցուն եղել էր մեկ էլ 1988-ին եւ 2008-ին։ Ամենակարեւոր հանգամանքներից մեկն այն է, որ հավաքվածներն ազատ մարդիկ են, որոնց ավտոբուսներով չեն բերել ցույցի։ Այս երիտասարդները վաղվա համար ապահովում են լիցք։ Ու չնայած ոստիկանների կիրառած բռնությունների արդյունքում մի քանիսը վախեցել են, բայց շատերն էլ կոփվել են՝ դառնալով վաղվա հաղթանակների ավանգարդը։ Սրանից կարելի է ենթադրել, որ մեզ մոտ ձեւավորվում է քաղաքացիական անհնազանդության, բողոքի արտահայտման մշակույթ։ Կարելի է անգամ զավթիչ ոստիկաններին շնորհակալություն հայտնել` նրանց կոփելու համար։
-Բայց վերջերս շարժման մասնակիցները հայտարարեցին, որ երբ ցուցարարները գրկել են ոստիկաններին, նրանցից ոմանց աչքերում նկատել են երջանկության արցունքներ։ Այսինքն՝ ոստիկաների այսպիսի կերպար էլ կա:
-Դա նշանակում է, որ մենք եւ ոստիկանները զավթիչներին նույն կերպ ենք ընկալում։ Համենայն դեպս Սերժ Սարգսյանն ասում է, որ բողոքողների թիվը փոքր է։ Ուստի բոլոր նրանք, ովքեր օնլայն են հետեւում, պետք է գան, գոնե կես ժամով մասնակցեն ցույցին՝ իրենց մարմնով ցույց տալով, որ դժգոհություն ունեն իշխանություններից։ Եթե անգամ արդյունքում իշխանափոխություն չլինի, նրանց ներկայությունը կզսպի իշխանություններին, եւ վերջիններս լկտի պահվածք չեն ցուցաբերի։
-Ձեզ համար էակա՞ն է, թե ով է շարժման լիդերը, թե՞ ըստ Ձեզ` պետք չէ անհատականացնել պայքարը։
-Ես նկատում եմ, որ լիդերներն օրեցօր շատանում են, օրինակ՝ Զարուհի Փոստանջյանն է միացել պայքարին, ուսանողական շարժումների մասնակիցներն են շատացել։ Սրանից երեւում է, որ շարժումը բազմաբեւեռ է, միայն Նիկոլ Փաշինյանի շուրջ չի պտտվում։ Պետք է նաեւ շեշտեմ, որ այս պարագայում հսկայական շարժիչ ուժ են հանդիսանում լրատվամիջոցները։ Ես նրանց նմանեցնում եմ հանքափորերի վրայի լապտերների, որոնք լույս են սփռում ամենուր։ Բացի այդ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներն են զարգացել, դրանք այսօր շատ բան են փոխում։ Շարժման մոբիլությունն էապես մեծացել է։ Այսօր ցանկացած մեկը կարող է ուղիղ եթեր մտնել։ Իհարկե, այնպես չէ, որ իշխանությունները չեն տիրապետում այդ գործիքներին եւ համապատասխան քարոզչություն չի տանում։
-Բացի երիտասարդներից՝ շարժման նվաճումը ո՞րն եք համարում։
-Շատ նոր մարդիկ են միացել ցուցարարներին, որոնց նախկինում ծեծելով էլ տնից դուրս չէիր հանի։ Իհարկե, նրանց կողքին առկա են նաեւ գաղջ մթնոլորտի «ճարտարապետներ»։ Բայց ես էլի եմ ասում՝ սա ամենակարեւորն է՝ ցանկացած մարդ գոնե կես ժամով պետք է ներկայանա ցույցին եւ ցույց տա, որ ինքը ինչ-որ բանից դժգոհ է։ Կարեւոր չէ, որ նա հենց Սերժ Սարգսյանից դժգոհ լինի, կարող է՝ համակարգից դժգոհ լինել։ Երիտասարդները գնում են, ճանապարհներ են փակում, այսինքն` գործող ուժն են, մյուսներն էլ պետք է իմ ասած ձեւով իրենց մասնակցությունը ցուցաբերեն։ Թե չէ, ընտրություններին այս մարդիկ կա՛մ դուրս չեն գալիս, կա՛մ էլ նրանց թույլ չեն տալիս, որ իրենց ձայնը բարձրացնեն։ Այնպես որ, սա լավ առիթ է։
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԺԱՆԵՑ ՄԵԶ»
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հայտնիների անձնական կյանքից անհայտ կամ քիչ հայտնի դրվագների։ Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի, երգչուհի Իվետա Եդիգարյանն է։ Նա պատմեց, որ առաջին անգամ սիրահարվել է Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին, երբ չորրորդ կուրս էր։
«Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ մենք բաժանվեցինք։ Նա տեղափոխվեց այլ երկիր, եւ կարելի է ասել` տարածությունը բաժանեց մեզ։ Բացի այդ՝ ինչ-որ դեր խաղաց նաեւ իմ՝ դերասանական ասպարեզում լինելը։ Նա մեր ոլորտից չէր, եւ այդ հողի վրա կարող էին որոշակի դժվարություններ առաջանալ։ Ամեն դեպքում, երեւի ճակատագրով այդպես էր նախատեսված, քանի որ ես այն համոզման եմ, որ եթե մարդիկ իսկապես սիրում են իրար, ո՛չ տարածությունը, ո՛չ էլ ուրիշ հանգամանք չի կարող նրանց բաժանել»,-մեկնաբանեց դերասանուհին։
Իվետայի խոսքով՝ եթե ինքը սիրելիից բաժանվում է, այլեւս հետ չի նայում, հարաբերությունները վերականգնելու փորձեր չի անում. «Ես կա՛մ շատ սիրում եմ, նվիրվում եմ, կա՛մ կտրուկ սառում եմ»,-շեշտեց նա։
Հարցին, թե արդյո՞ք բաժանումից հետո իր առաջին սիրո հետ հանդիպել են եւ ինչ հարաբերություններ ունեն, դերասանուհին պատասխանեց. «Մենք նորմալ հարաբերություններ ունենք։ Բաժանումից հետո ես նրա հետ ունեցել եմ մի քանի հեռախոսազանգ։ Ասեմ, որ ոչ մի թշնամանք չեմ զգում ո՛չ նրա, ո՛չ էլ մեկ ուրիշի հանդեպ։ Եթե մարդիկ երբեւէ իրար հետ լավ հարաբերություններ են ունեցել, աբսուրդ է, որ հետո միայն բաժանման պատճառով թշնամանան իրար հետ։ Միշտ չէ, որ հարաբերությունները երջանիկ ընթացք ու ավարտ են ունենում։ Ի վերջո, պատահում է, որ ամուսինները տարիներով ապրում են իրար հետ, հետո բաժանվում, բայց շատերը թշնամանք չեն կուտակում իրար նկատմամբ»։
Իվետան խոստովանեց, որ իր՝ զուգընկերոջը մաքսիմալ նվիրվելու հանգամանքը հաճախ խանգարում է իրեն. «Շատ նվիրվելու պարագայում ամեն մանրուք շատ սրտիդ մոտ ես ընդունում։ Բայց ես այդպիսին եմ ծնվել եւ հաստատ երբեւիցե չեմ փոխվի։ Գնահատողը գնահատում է, ով էլ ոչ, Աստված իր հետ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԸ
Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են ԵՄ անդամ երկրների կառավարություններին` կոչ անելով բոյկոտել Ռուսաստանում կայանալիք 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Պատգամավորները վկայակոչել են անգլիական Սոլսբերիում ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորումը, Սիրիայում եւ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները, ինչպես նաեւ Ղրիմի անեքսիան:
«Մենք կարող ենք համարել, որ սպորտը փոխաբերական իմաստով կամուրջներ է կառուցում մարդկանց միջեւ, սակայն քանի դեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրական կամուրջներ է պայթեցնում Սիրիայում, չի կարելի ձեւացնել, թե ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ոչ մի կերպ չի տարբերվում մյուս խոշոր մարզական իրադարձություններից: Մինչ Պուտինն անօրինաբար գրավել է Ղրիմը, ուկրաինացի քաղբանտարկյալներին անազատության մեջ է պահում եւ պատերազմ է վարում Ուկրաինայի արեւելքում, չի կարելի ձեւացնել, թե առաջնությունը հյուրընկալում է մեր հյուրընկալ հարեւանը»,- ասված է պատգամավորների նամակում:
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) ներկայացրել է Անգլիայի առաջնության 2017/18 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: Տարվա թիմում մեծամասնություն են կազմում երկրի չեմպիոնությունը նվաճած «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստները (5): ԱՊԼ-ի` մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն այս տեսքն ունի.
Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կայլ Ուոքեր, Նիկոլաս Օտամենդի (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»), Յան Վերտոնգեն («Տոտենհեմ»), Մարկոս Ալոնսո («Չելսի»), Քեւին դե Բրույնե, Դավիդ Սիլվա (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»), Քրիստիան Էրիքսեն, Հարի Քեյն (երկուսն էլ` «Տոտենհեմ»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Մուհամեդ Սալահ («Լիվերպուլ»):
ԿՄԵՆԱՄԱՐՏԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի հետ: Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում: Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար, եւ նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: