ՔՊ-Ն ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՐԿԽՈՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները պայքարում են նախագահական տասնամյա ժամկետից հետո հիմա էլ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ: Երեկ էլ նրանք փորձեցին Երեւանում փողոցներ փակել` կազմալուծելով երթեւեկությունը, սակայն ոստիկանությունը բերման էր ենթարկում մարդկանց: Օրվա ընթացքում ոստիկանական բաժանմունքներում հայտնվածների թիվը գերազանցում էր հարյուրը: Իհարկե, ավելի ուշ մարդիկ ազատ արձակվեցին: Չնայած ոստիկանական տեռորին, երեկ Ֆրանսիայի հրապարակից մինչեւ Գարեգին Նժդեհի հրապարակ երթ անցկացվեց, իսկ երեկոյան մարդաշատ հանրահավաք էր, եւ սա չնայած անձրեւին:

Մինչ Փաշինյանն իր կողմնակիցների հետ հանրահավաք էր անցկացնում, տեղի էր ունենում կառավարության նիստը՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, շրջափակված մինչեւ ատամները զինված ոստիկաններով ու զրահամեքենաներով: Այդ ընթացքում մի քանի հազար ցուցարարների բղավոցներն ու սուլիչների ձայնը հասնում էր կառավարության նիստերի դահլիճ: Մոտ մեկ ժամ տեւած նիստից հետո նախարարներն իրենց մեքենաներով շատ արագ հեռացան տարածքից: Իսկ ցուցարարները եւս մեկ անգամ ոստիկաններին կոչ արեցին միանալ իրենց` «Զենքդ դիր, մերժիր Սերժին» կոչով:
Նկատենք` Սերժ Սարգսյանն իր կառավարության առաջին նիստում որեւէ անդրադարձ չկատարեց դրսում տիրող եւ, ընդհանրապես, մեկ շաբաթ շարունակվող քաղաքացիական անհնազանդությանը, կարծես ոչինչ չէր եղել: Փոխարենը, երեկվանից իշխանությունները սկսել են խոսել ընդդիմության հետ երկխոսության անհրաժեշտության մասին: Նախօրեին այդ մասին ակնարկեց ՀՀԿ խոսնակ Շարմազանովը: Երեկ այդ մասին խոսեց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն` նշելով, թե բողոքի ցույցերը «համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են», ու կոչ արեց խորհրդարանական ուժերին նորընտիր նախագահի հովանու ներքո քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծել: Այս հայտարարության համատեքստում նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր հերթին նշել է. «Իմ խորին համոզմամբ` նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձեւաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը: Որպես պետության ղեկավար` ես հրավիրում եմ կողմերին երկխոսության` ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար»: Միաժամանակ նա կողմերին զսպվածության եւ օրինականության սահմաններում գործելու կոչ է արել: Ակնհայտ է, որ երկխոսության առաջարկներն առանց Սերժ Սարգսյանի համաձայնության չէր կարող լինել: Ու պետք է ենթադրել, որ որքան էլ Սերժ Սարգսյանն անվրդով էր ձեւանում` անգամ հեգնանքով ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավորներին կոչ անելով իրենց գործընկերոջը «փողոցից խորհրդարան բերել», միեւնույն է` իշխանություններն անհանգստացած են տեղի ունեցած հանրահավաքներից:
Բայց ինչպես պարզվում է` իշխանության կողմից արվող կոչերին, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահի դրությամբ չի պատրաստվում արձագանքել: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է երկխոսության գնալ իշխանության հետ, շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց բարձրախոսով. «Քայլ արա, մերժիր Սերժին»: Փաշինյանը ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նախագահի՝ երկխոսության առաջարկի մասին նշել է. «Նման առաջարկ քննարկելու համար մի նախապայման կա՝ ոչ թե համաձայնելու, այլ քննարկելու: Որ Արմեն Սարգսյանը ներկայացնի տեղեկանք, թե ինքը որ թվին է հրաժարվել բրիտանական քաղաքացիությունից»:
ՔՊ մեկ այլ անդամ` Արարատ Միրզոյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց. «Նորընտիր նախագահը նախ թող տեղեկանք ներկայացնի, որ ինքը 2011 թվականից հետո Բրիտանիայի քաղաքացի չէ: Իսկ մնացածը…մենք շարունակում ենք մեր ընթացքը: Թող իրենք մտածեն: Իրենք իրենց դրել են օրենքից դուրս: Թող մտածեն` ինչպես են անելու, որ նահանջեն եւ դուրս գան այս իրավիճակից»: Դիտարկմանը, թե իշխանությունը դեռեւս չի պատրաստվում նահանջել, ՔՊ-ն էլ իր հերթին չի նահանջում, ելքը ո՞րն է լինելու, Միրզոյանն ասաց. «Իրենք նահանջելու են. Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության իշխանությունը Հայաստանում չի լինելու»: ՔՊ անդամը վստահ է, որ դրան կնպաստի ՀՀ քաղաքացիների տոտալ կամարտահայտությունը: Նշենք, որ «Իմ քայլը» նախաձեռնությունը շարունակելու է փողոցներ շրջափակել, երթեր ու հավաքներ անցկացնել` թավշյա հեղափոխությունն իրականություն դարձնելու նպատակով:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԽԱՓԱՆԵՑ
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, նախաձեռնելով թավշյա հեղափոխություն, ի սկզբանե այն պատրաստվել է իրականացնել պետական գերատեսչությունների աշխատանքները խափանելով: Ու սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս օրերին նրա նպատակը կամաց-կամաց իրագործվում է: Բանն այն է, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարներն իրենց ակցիան մեկնարկել էին դեռ 08:15-ին եւ շրջափակել կառավարության երրորդ մասնաշենքը: Արդեն աշխատանքային ժամին գալով` այդ շենքում տեղակայված նախարարությունների աշխատակիցներից շատերը դրսում էին մնացել՝ չկարողանալով ճեղքել ոստիկանական պատնեշն ու ներս մտել: Եվ միայն 10:30-ին, երբ ցուցարարները հեռացան շենքի մոտից, նրանց թողեցին ներս մտնել: Ստացվում է՝ պետական գերատեսչությունների աշխատանքը խափանելու ծրագիրն իրագործվեց:
Ի դեպ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատել է, որ կառավարության աշխատակիցները երեկ իրենց աշխատավայրը լքել են աշխատանքային օրվա ավարտից առաջ՝ ժամը 17-ից: Մեր տեղեկություններով` նրանց այդպես է հրահանգվել ղեկավարության կողմից, քանի որ այդ ժամին անցկացվելու էր կառավարության առաջին նիստը: Տեղեկացանք, որ երեկ շատերը ձեւական էին աշխատանքի գնացել` նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին «գոնե հեռվից տեսնելու համար»: Սակայն կառավարության աշխատողները շատ դժգոհ էին, քանի որ վարչապետը հարկ չի համարել շրջել վարչություններով եւ ծանոթանալ իրենց հետ:

 

 

ՇՐՋԱՆԱԿԸ
Այս օրերին բողոքի ցույցի մասնակիցներից շատերը տարբեր հաստատություններ մուտք գործելիս, ինչպես նաեւ` ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո, պատերից պոկում են այնտեղ փակցված Սերժ Սարգսյանի դիմանկարները: Երեկ եւս նման միջադեպ է եղել, եւ երբ ակտիվիստը ոստիկանության բաժանմունքում պատից հանել է Սերժ Սարգսյանի լուսանկարը, ոստիկանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է փչացնում պետական գույքը: Հարցին՝ Ս. Սարգսյանի նկարը պետական գո՞ւյք է, ոստիկանը պատասխանել է. «Ո՛չ, ռամկեն»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, անդրադառնալով միջադեպին, նկատեց. «Այս դրվագն ամբողջությամբ ներկայացնում է այն վատ եւ ծիծաղելի իրավիճակը, որում հայտնվել են Սերժ Սարգսյանները եւ Հանրապետականը: Դա ֆլեշմոբ է, համատարած անում ենք մարզերում, Երեւանում. դպրոցներում, պետական հաստատություններում: Պաշտոնյաները լավ էլ հասկացել են, որ շրջանակն է միայն պետական գույք. նկարն իրենից արժեք չի ներկայացնում»: Միրզոյանը հավելեց նաեւ, որ մարդիկ` անկախ իրենց կոչից, շարունակում են այդ ակցիան իրականացնել եւ դրանից հաճույք են ստանում:

 

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Պաշտոնական Մոսկվան վստահ է, որ Հայաստանում սկսված բողոքի ալիքը կհարթվի խաղաղ ճանապարհով եւ օրենքի շրջանակներում: «Մենք վստահ ենք, որ իրավիճակը բարեկամական Հայաստանում կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով եւ իրավական դաշտում»,- երեկ անդրադառնալով Երեւանում շարունակվող հանրահավաքներին` ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵ՞Մ
Բելառուսի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի տեղակալ Օլեգ Հայդուկեւիչը հայտարարել է, որ Մինսկի կողմից Բաքվին Պոլոնեզի վաճառքը չի հակասում Բելառուսի դաշնակցային հարաբերություններին ՌԴ-ի ու ՀՀ-ի հետ: Նա նշել է, որ Ադրբեջանին Պոլոնեզի վաճառքի մասին դեռեւս պաշտոնական հայտարարություններ չեն հնչել: Այս կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ-ն ու ՊՆ-ն արձագանքել են, որ 2018թ. Բելառուսը մտադիր է տասը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր մատակարարել Ադրբեջանին: ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է. «Մեր դիրքորոշումը Ադրբեջան զենքի մատակարարումների վերաբերյալ հստակ է, այն փոփոխություն չի կրել»: Ադրբեջանին սպառազինության նոր տեսակի վաճառքի լուրը մեկնաբանել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Անկախ նրանից, թե որ պետությունն է վաճառում Ադրբեջանին նման զինատեսակներ, սա հարուցում է մեր ափսոսանքը, քանի որ այդ համակարգերը հայտնվում են զինված ուժերի վրա քաղաքացիական վերահսկողություն չունեցող պետության ձեռքում, ինչը ոչ մի կերպ չի կարող նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-ասել է Ա. Հովհաննիսյանը:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ` Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնում: Սերժ Սարգսյանի մյուս որոշումներով` ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնում են նշանակվել նաեւ Վարուժան Ներսեսյանը, Հրայր Ղուկասյանը, Արմեն Աբելյանը եւ Ավետիս Բերբերյանը: Նշենք նաեւ, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ` Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար: Վերջինս աշխատել է որպես Սերժ Սարգսյանի ռեֆերենտ:

 

 

ՆԱԽԱՐԱՐՆԵՐ ԵՆ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որով երեք նախարարների վերանշանակել է: Մասնավորապես վերանշանակվել են Վարդան Արամյան` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար, Դավիթ Լոքյան` տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, Սուրեն Կարայան` տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար:




Լրահոս