«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը պատրաստվում է առաջիկայում հրաժարական ներկայացնել: Սկզբում Տարոն Մարգարյանը մերձավոր շրջապատում հայտարարել է, թե որպես տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար ինքը պետք է շարունակի պաշտոնավարումը: Սակայն ինչպես հայտնի է` հենց քաղաքապետարանի աշխատակից թաղային խուժանը համաժողովրդական շարժման օրերին փորձեց սադրանքներ անել` հարձակվելով ցուցարարներ վրա:
«Ժողովուրդ» օրաթերթը, ինչպես նաեւ այլ լրատվամիջոցներ բացահայտել են քաղաքապետարանում աշխատող թաղային խուժանի անուն-ազգանունները, հրապարակել են այդ անձանց լուսանկարները, թե ինչպես են հարձակվում ցուցարարներ վրա: Եվ այդպես, կարելի է ասել, Տարոն Մարգարյանի ենթակաները անառարկելի հիմքեր են ստեղծել քաղաքապետի շուտափույթ հրաժարականի համար: Մարգարյանի հրաժարականի կոնկրետ ժամկետներ չեն մատնանշվում:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը հրաժարականի մասին տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ: «Ո՛չ, նման բան չկա»,-արձագանքեց Գեւորգյանը: Նա զարմանք հայտնեց, որ նման լուրեր են տարածվել: Դիտարկմանը, թե գուցե այդպես որոշվի` կապված Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելու փաստի հետ, Գեւորգյանը բացասական պատասխան տվեց: