Կրթության ոլորտում առկա խնդիրների եւ հնարավոր փոփոխությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երեկ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում նշանակված Արայիկ Հարությունյանի հետ, ով մինչեւ այս Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամն էր:
-Պարո՛ն Հարությունյան, Ձեզ համար սպասելի՞ էր այս նշանակումը:
-Կրթության ոլորտը իմ ոլորտն է, եւ Երեւանի ավագանիում իմ գործունեությունը ցույց էր տալիս, որ այդ ոլորտում ես լավագույնս կարող եմ դրսեւորվել: Դրանով է նաեւ պայմանավորված այս որոշումը:
-Եվ ի՞նչ եք պատրաստվում փոխել ոլորտում:
-Պետք է ասեմ, որ մոտ մեկ շաբաթ առաջ ֆորում էր նշանակվել` կրթության ոլորտի մասնագետների մասնակցությամբ, շատ գաղափարներ են գեներացվել, եւ նաեւ փորձագետների եւ իմ տպավորությունն այն է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք մինչեւ հիմա չեն լուծվել քաղաքական կամքի բացակայության պատճառով: Եվ մատնանշված խնդիրների մեծամասնությունն արագ լուծելի են: Դրանցից է հանրակրթական ոլորտում դպրոցների քաղաքականացվածությունը, դրամահավաքներն են, բուհական համակարգում նույնպես քաղաքականացվածությունը, արդյունավետ կառավարման հարցը, ինքնավարության պակասը: Իսկ մանկապարտեզներով ամենաշատն եմ զբաղվել անցած ամիսներին: Կան բազմաթիվ խնդիրներ հատկապես Երեւանում: Պատկերացումները հստակ են, եւ այդ խնդիրները կարելի է լուծել կարճ ժամանակում:
-Օրինակ` կոռուպցիայի մասով ինչպե՞ս եք պայքարելու, որպեսզի դպրոցներում տնօրեններն ու ուսուցիչները տարբեր առիթներով ու անառիթ գումար չպահանջեն աշակերտներից:
-Ցանկացած նման դեպքում, եթե նախկինում իրավապահ մարմինները չէին արձագանքում նման դեպքերին, իսկ այդ դեպքերը շատ էին, ակնհայտ էին, այս դեպքում ցանկացած նման դեպքում դրամահավաք իրականացրած կամ գումար հավաքող որեւէ պաշտոնյա, տնօրեն կամ ուսուցիչ անմիջապես իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում կհայտնվի: Քաղաքական կամքի զուգադրումն իրավապահ մարմինների աշխատանքի հետ զգալի կկրճատի այդ խնդիրները:
-Ականատես եղանք, որ Ռուզաննա Ազիզյանը Մոնթեի անվան դպրոցի տնօրենի պաշտոնից ազատվեց իր դիմումի համաձայն, ծնողների եւ աշակերտների ճնշմամբ: Այս գործընթացը շարունակվելո՞ւ է: Հայտնի է, որ մի շարք տնօրեններ ընտրությունների շրջանում ակտիվ զբաղվել են ցուցակների հավաքագրմամբ:
-Բոլոր այն դեպքերում, երբ կանոնադրությանը հակառակ են գնացել տնօրենները, կրթական օջախների ղեկավարները, բոլոր այդ դեպքերը կքննվեն: Բայց մինչեւ հիմա նշել եմ եւ հիմա էլ նշում եմ, որ վենդետաներ, բռնաճնշումներ որեւէ մեկի նկատմամբ չեն լինելու: Բացառապես օրենքի սահմաններում է լինելու:
-Իսկ եթե նրանք չենթարկվեն օրենքին, եւ եթե արտահերթ ընտրություններ լինեն, իրենք շարունակեն նույն ձեւով ազդել ընտրական գործընթացի վրա, ինչպե՞ս եք վարվելու:
-Իշխանությունը նրա համար է, որպեսզի, եթե ինչ-որ մեկը չի ենթարկվում օրենքին, ենթարկեցնի:
-Հակառակ պարագայում ի՞նչ եք պահանջելու տնօրեններից, եթե իրենք, այսպես ասած, խաղի նոր կանոններով չշարժվեն:
-Օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն: Եթե օրենք են խախտում, չեն կարող պաշտոնավարել, օրինակ` եթե ապօրինի դրամահավաք են կազմակերպում, խախտում են դպրոցի կանոնադրությունը եւ այլն:
-Հիմա ժամանակավոր կառավարությունն է դեռեւս ձեւավորվում: Այսինքն` եթե նշանակված նոր անձինք իրենց չարդարացնեն, ազատվելո՞ւ են պաշտոններից:
-Քանի որ ժամանակավոր կառավարություն է, յուրաքանչյուր ոք, ով կնշանակվի բարձր պաշտոններում, պետք է գիտակցի, որ առավելագույնը պիտի անի` արդյունք տալու համար, քանի որ ժամանակը կարճ է: Իհարկե, չի բացառվում, որ անարդյունավետ ղեկավարների նկատմամբ համապատասխան որոշումներ կայացվեն:
-«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասել է, որ կառավարության 1/3-ը պետք է «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները զբաղեցնեն, լայն ներգրավում ունենան գործադիրի աշխատանքներում:
-Եկեք, սպասենք կառավարության վերջնական ձեւավորմանը:
-Քաղաքացիներից ոմանք արդեն իսկ առաջարկում են որոշակի փոփոխություններ. հատկապես ավագ դպրոցները փակելու կամ այդ դաշտում փոփոխություններ անել:
-Դա այդքան էլ արագ լուծվող հարց չէ: Մասնագետների մասնակցությամբ լուրջ քննարկումներ պետք է տեղի ունենան: Կան ընդհանուր գաղափարներ` դրա հետ կապված, բայց լուծումների առումով քննարկում պետք է լինի:
-Եթե դառնանք շարժմանը, Դուք ինքներդ ակնկալո՞ւմ էիք, որ այն այսքան մեծ հաջողություն կունենա:
-Եթե չակնկալեի եւ չհավատայի, իհարկե, այս գործընթացի մեջ չէի լինի:
-Իսկ առաջին քայլը կամ որոշումները որո՞նք են լինելու, որ պետք է կատարեք` որպես նախարար:
-Առաջին քայլերս լինելու են այցելությունները կրթօջախներ` տեղում խնդիրները վեր հանելու եւ տեղում լուծելու համար: Ես այդ փորձն ունեցել եմ Երեւանի ավագանու կրթության հանձնաժողովի նախագահի կարգավիճակում: Այդ պրակտիկան կշարունակվի: Ունեմ ընդհանուր գաղափարներ` կրթական ոլորտի արագ վերակազմակերպման հետ կապված: Դուք այդ մասին կտեղեկանաք:
-Հիմնականում Նիկոլ Փաշինյանը կառավարությունը համալրում է երիտասարդ կադրերով, հատկապես իր թիմի դեպքում:
-Ես կարծում եմ` 25 տարեկանից հետո արդեն երիտասարդության մասին խոսելն ավելորդ է: Այդ տարիքում արդեն հասուն մարդիկ են եւ պետք է ստանձնեն պաշտոններ: Եվ տվյալ մարդիկ բոլոր հնարավորություններն ունեն` ինքնադրսեւորվելու:
զրուցեց Մերի Մարտիրոսյանը