Ինչու Արա Բաբլոյանը չէր դժգոհում, երբ ԱԺ նախագահին օրենքով հանում էին Ազգային անվտանգության խորհրդի կազմից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետականները երեկ մինչեւ հոգու խորքը վիրավորված էին: Սարդարապատում Հանրապետության 100-ամյակի տոնակատարություններին մասնակցելու հրավեր ԱԺ ՀՀԿ խմբակցությունից ընդամենը երեկ պատգամավորի էր ուղարկվել: Ընդ որում` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հրավիրված էր ոչ թե ի պաշտոնե, այլ որպես ՀՀԿ խմբակցության անդամ: Բաբլոյանը տեղի ունեցածը որակել է այսպես. «Իշխանության առանձին ճյուղի՝ օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կատարվածը որակել է արարողակարգի եւ էթիկայի խախտում. «Հարց եմ տալիս՝ ԱԺ խորհրդի անդամները, ԱԺ փոխնախագահները, ԱԺ հանձնաժողովի նախագահները խորhդարանական երկրում «Ճ կլասի պաշտոնյանե՞ր են», թե՞ պաշտոնյաներ, որոնք օրենսդրի ղեկավարներն են»:

Սա իսկապես տարօրինակ է: Արա Բաբլոյանը զբաղեցնում է օրենսդիր իշխանության ղեկավարի պաշտոնը, եւ իշխանության մյուս երկու ճյուղերը պարտավոր էին հաշվի նստել այդ իրողության հետ` արարողակարգի համաձայն հրավիրելով նաեւ նրան: Չնայած, կառավարությունից պնդում են, որ ե՛ւ ՀՀԿ խմբակցությանը, ե՛ւ ԱԺ նախագահ Բաբլոյանին հրավեր ուղարկվել է:
ԱԺ ղեկավարության այս պահվածքը նաեւ զարմանալի է: Հավանաբար հիշում եք Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում (հատկապես երբ պատրաստվում էր վարչապետ դառնալու ծրագրին) խորհրդարանն իր ղեկավարության հետ համատեղ պարբերաբար ինչպիսի նվաստացումների էր ենթարկվում:

Ամենավառ օրինակը օրենսդրությամբ Ազգային անվտանգության խորհրդի անդամների ցանկը սահմանելն էր, երբ պետության համար կարեւորագույն այս կառույցում այդպես էլ չընդգրկեցին օրենսդիր իշխանության ղեկավարին: Ու սա այն դեպքում, երբ խորհրդարանը պետության կառավարման, երկրի անվտանգության ապահովման հարցում ունի կոնկրետ լիազորություններ, հետեւաբար ԱԺ նախագահն ի պաշտոնե պետք է լիներ ԱԱԽ անդամ` ծանոթ լինելով այնտեղ ընթացող քննարկումներին: Բայց այն ժամանակ ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ էլ նրա տեղակալները ծպտուն անգամ չհանեցին` համակերպվելով իրենց վերապահված դերին: Ավելին` երբ ընդդիմությունը օրենքի նախագծի քննարկումների ժամանակ բարձրացրեց այս հարցը, Բաբլոյանը փորձել էր արդարացնել կառավարությանը` ասելով. «Մենք հանդիսանում ենք բարձրագույն մարմին և ունենք վերահսկողական կարգավիճակ կառավարության գործունեության վրա: Մենք չենք կարող գնալ ու մաս կազմել այն գործունեության, որը պետք է մենք վերահսկենք:…Իջեցնելով ԱԺ նախագահի կարգավիճակը` դուք իջեցնում եք ձեր կարգավիճակը»:
Մինչդեռ հիմա ԱԺ ղեկավարությունը հիշել է իր կարգավիճակի մասին` փորձելով հետամուտ լինել իր իրավունքների պաշտպանության հարցում:




Լրահոս