Որքան փոխհատուցում կստանան վարձով ապրող նախարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարությանը որոշման նախագիծ է ներկայացնելու, որով նախատեսվում է փոխհատուցել կառավարության անդամի բնակարանի վարձը: Ինչպես հայտնի է, այսօր կառավարությունում կան նախարարներ, որոնք Երեւանում վարձու բնակարաններում են ապրում: Իսկ իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափ կսահմանվի ամսական 100 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծը մշակելիս ուսումնասիրվել եւ հաշվի է առնվել ԱԺ պատգամավորներին Երեւանում բնակարան չունենալու դեպքում բնակարանի վարձով կամ համարժեք փոխհատուցումով ապահովելը:

Նշենք, որ փոխհատուցումը տրամադրվում է այն դեպքերում, երբ կառավարության անդամի նստավայրը իր մշտական բնակության վայրը չէ, և նա տվյալ վայրում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի անշարժ գույք: Ի դեպ, ՀՀ ազգային ժողովի կողմից այս տարվա մարտի 23-ին ընդունվել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքը: Իսկ նշված օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տրամադրվում է տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի տրամադրման կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանում է կառավարությունը:




Լրահոս