«Մինաս. Հին ու բոլորովին նոր». ցուցահանդես անվանի նկարչի 90-ամյակի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվել է «Մինաս. հին ու բոլորովին նոր» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված հանճարեղ նկարչի 90-ամյակին: Ցուցահանդեսում մեկտեղված է շուրջ իննսուն աշխատանք՝ տարբեր թանգարաններից եւ մասնավոր հավաքածուներից: Դրանք ցուցադրված են պատկերասրահի 4 սրահում՝ գեղանկար, գրաֆիկա, որմնանկարի էսքիզ, կինոյի և բեմական ձևավորումներ: Ցուցադրության խորագիրը՝ «Մինաս. Հին ու բոլորովին նոր» պատահական չեն ընտրված։ Վիլյամ Սարոյանի խոսքերն են. «Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք։ Ինչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր»։

Մինաս Ավետիսյանի ավագ որդին՝ Արման Ավետիսյանն ասել է, թե նման մասշտաբի ցուցահանդես մոտ 10 տարի չէր կազմակերպվել: «Այս ցուցահանդեսը շատ կարևոր է մեր հանրության համար, որ երկար ժամանակ չէր տեսել Մինասի աշխատանքները»,- ասել է Ավետիսյանը:

Եւ իսկապես, նկատենք, որ արդեն մի քանի տարի է՝ Մինասի նկարները հանված են Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունից: Ժողովուրդ օրաթերթը եւ ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել են այս խնդրին: Հուսանք, այս ցուցահանդեսից հետո պատկերասրահի ղեկավարությունը լուծում կտա խնդրին ու կրկին մշտական ցուցադրության սրահ կվերադարձնի անվանի հայ նկարչի գործերը:




Լրահոս