ՀՀԿ ներկայացուցիչներն այլեւս չեն փորձում խոսել նոր իշխանությունների կողմից իբր քաղաքական հալածանքների մասին. ամենաուշագրավը Սերժ Սարգսյանի լռութունն է․

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Մենք նաեւ քրեականացրել ենք ապօրինի հարստացումը: Մենք լրջորեն ենք տրամադրված եւ հանձնառու ենք շարունակելու մեր համակարգային եւ հետեւողական ամենօրյա աշխատանքը կոռուպցիայի ախտն արմատախիլ անելու ուղղությամբ»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը`  որպես երկրի նախագահ այս տարվա հունվարի 24-ին մասնակցելով ԵԽԽՎ լիագումար նիստին: Եւ ընդհանրապես, պաշտոնավարման վերջին կես տարում Ս.Սարգսյանը հաճախ էր խոսում ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որպես քաղաքական կամքի մասին վկայություն մատնանշում հենց ապօրինի հարստացումը քրեականացնելը: Բայց հազիվ թե Սերժ Սարգսյանը մտածեր, որ միջազգային կառույցների ամբիոններից իր գովազդած օրենսդրական փոփոխությունների համաձայն` առաջին քրեական գործերը կհարուցվեն հենց իր մերձավորների դեմ: Ինչպես հիշում եք, Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանն արդեն կալանավորվել է ապօրինի հարստացման մեղադրանքով: Երկրորդ քրեական գործով էլ երեկ մեղադրանք էլ առաջադրվել է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին ու նրա զավակներին՝ Նարեկ եւ Անի Սարգսյաններին: ՀՔԾ-ն Սարգսյանների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չբացակայելու մասին: Փաստորեն, օրենքը, որի մասին առանձնահատուկ հպարտությամբ խոսում էր Սարգսյանը, իր պաշտոնավարման օրոք այդպես էլ չգործեց, փոխարենը թավշյա հեղափոխությունից հետո ականատես ենք լինում կոռուպցիոն բացահայտումների, որոնց կիզակետում Սերժ Սարգսյանի ազգականներն ու մերձավորներն են կամ նրա իշխանության օրոք բարձր պաշտոն զբաղեցրած անձինք: Բացահայտումները, որոնց ականատես ենք լինում այս օրերին, իրոք, ապշեցնող են իրենց ծավալներով, դրսեւորումներով. տարիներ շարունակ իշխանության ղեկին գտնված անձինք պարզապես աներեւակայելի կերպով թալանել են երկիրը: Եւ դժվար է ասել` դեռ որքան կխորանար այս ամենը, եթե տեղի չունենար թավշյա հեղափոխությունը: Բայց այս ամենի համատեքստում ամենաուշագրավը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ականների լռությունն է: ՀՀԿ ներկայացուցիչներն ամեն առիթով այլեւս չեն փորձում խոսել նոր իշխանությունների կողմից իբր քաղաքական հալածանքների մասին, իսկ Սարգսյանի գրասենյակն էլ որեւէ կերպ չի մեկնաբանում կատարվողը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 




Լրահոս