2015 թվականի փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան էր եղել «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սեփականատեր, 61-ամյա Համլետ Ամիրխանյանը: Իրեն կրակելուց առաջ գործարարը մի նամակ է գրել եւ դրել ծրարի մեջ: Ավելի ուշ, մինչեւ ննջասենյակ բարձրանալը, ծրարը փոխանցել է իր տան աշխատակիցներին եւ խնդրել է, որ այն իր չլինելու դեպքում հանձնեն բարեկամներին կամ փաստաբանին: Ըստ երեւույթին, գործարար Համլետ Ամիրխանյանի հարազատները չեն պատկերացրել, թե ինչ նամակի մասին է խոսքը կամ, առհասարակ, ինչ նկատի ուներ գործարարը` ասելով «իմ չլինելու դեպքում»: Այս ամենից հետո` ուշ երեկոյան, տանը հնչել է մեկ կրակոցի ձայն, որից հետո գործարարին գտել էին ինքնասպան եղած:
Հիշեցնենք` Աբրամ Ամիրխանյանը Երեւանի «ամենայուղոտ» հատվածներում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում: Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը եւ այլ շինություններ պատկանում էին նրան: Այսպիսով` խիստ կարեւոր նամակը կցվել էր Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործին: 2017 թվականին գործի նախաքննությունը փոխանցվել էր ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի վարչություն: Ինքնասպանությունից անցել է 3 տարի, սակայն աղմկահարույց նամակի բովանդակության մասին ոչինչ այդպես էլ չէր հրապարակվել: Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ինքնասպան եղած գործարարի նամակն ամբողջությամբ՝ ռուսերենից թարգմանված:
«Ես հայտնվել եմ «հրեշի» ազդեցության տակ:
Նրանք սարսափելի մարդիկ են, այսինքն` մարդ չեն, նրանք պատրաստ են ամեն ինչ վերցնել, ինչը դու վաստակել ես սեփական քրտինքով: Սկզբում խոստացան իրենց պաշտպանությունը, նրանք շատ վարպետորեն ինձնից «գնեցին» «Յուքոմ»-ի գրասենյակի եւ «Մեգասպորտ» խանութի տակ 5 հարկ տարածք` ցածր գներով, այսինքն` ինչպես իրենք ցանկացան, գինն իրենք որոշեցին: Ես այդ գործարքի արդյունքում կորցրեցի ամեն ինչ, ինչ պետք է վաստակեի 2 շենքի կառուցման ծրագրում` Սայաթ-Նովա 40 եւ Սայաթ-Նովա 40/1 հասցեներում: Ապա ես սկսեցի կառուցել հյուրանոց Աճառյան 40/9 փողոցում, սակայն դրա ընթացքում ֆինանսական դժվարություններ առաջացան պարտապանների մեղքով, ողջ բեռն ընկավ ինձ վրա, ես սկսեցի այլ գործընկերներ փնտրել, գտա, ոմն Սիրակ Մուրադյան, ով ինձ առաջարկեց գնալ իր հովանավորի մոտ, ով հարուստ է, ունի 5 հյուրանոց Շարժայում, Էմիրաթներում: Նա ինձ լավ ընդունեց, հետաքրքրվեց իմ ծրագրով եւ ցանկություն հայտնեց մինչեւ 50% գնել հյուրանոցը, գինը պայմանավորվեցինք, հաջորդ օրը խոստացավ ցույց տալ իր հյուրանոցները, հաջորդը օրն ընթրիքի հրավիրեց: Հանկարծ բանակցությունների վերջում Սիրակը հայտարարեց, որ նա վաղ առավոտյան մեկնում է Ղազախստան, ես զարմացա, շեյխը նույնպես, նա ասաց, որ մենք կշփվենք թարգմանչի օգնությամբ, հաջորդ օրը ես նրան սպասում էի հյուրանոցում: Իմ հետեւից պետք է գան 2 ժամից, ինչպես եւ պայմանավորվել էինք շեյխի հետ, սակայն 2 ժամ ուշացումով զանգեց թարգմանիչն ու ասաց, որ շեյխը մտափոխվել է գնել հյուրանոցը, այդ իսկ պատճառով մեր հանդիպումը չի կայանա: Տարօրինակ է, քանի որ արեւելյան ավանդույթների համաձայն` նման բանն անթույլատրելի է, ընդ որում, նա երեկոյան հանդիպման ժամանակ մանրամասն ուսումնասիրել էր ծրագրի մանրուքները, Երեւան ժամանման ամսաթիվը, այսինքն` 2014թ. օգոստոսի 5-ը: Ես անմիջապես զանգեցի Ղազախստան Սիրակ Մուրադյանին եւ հարցրի, թե ինչ է պատահել, նա հանգստացրեց ինձ` ասելով, որ նա կգնա Շարժա եւ ամեն ինչ կհարթի: Ես, իհարկե, չհավատացի նրան, հասկացա, որ նրա վրա ճնշում են գործադրել, ասել են նրան, որ ձեռքից կվերցնեն հյուրանոցը եւ կվաճառեն շեյխին, Սիրակ Մուրադյանի միջոցով: Ամեն դեպքում ես 15 օրից զանգեցի շեյխին եւ հարցրի, թե արդյո՞ք նրան հետաքրքրում է մեր ծրագիրը, նա շատ ուրախացավ իմ զանգի համար, հարցրեց, թե ուր եմ կորել, ինչու չէի զանգում իրեն, եւ թե որ հյուրանոցն է հետաքրքիր իրեն, եւ ես ամեն ինչ հասկացա: Սիրակ Մուրադյանը Երեւանում տուրիստական ընկերություն ունի, Շարժա-Երեւան չվերթ, իհարկե, նա չէր կարող մերժել «հրեշներին», նրանք կարող են ոչնչացնել եւ իր բիզնեսը, եւ իրեն: Ի դեպ, միեւնույն ժամանակ նրանք գնացին «ՎՏԲ» բանկ` պարոն Գուսեւի մոտ` առաջարկով, որ բանկը ինձնից կվերցնի իմ հյուրանոցը վարկի գումարի գնով` 8 միլիոն դոլար, եւ նրանք` «հրեշները», գնորդ կունենան: 2010թ. ես միամտաբար «հրեշներից» 6 միլիոն դոլար վարկ վերցրի, վարկատուն` ոմն «Բրեդվել Լիմիթեդ» ընկերություն, վարկադրեց հող Վարդանյաց փողոցում` 2200 մ եւ Խանջյան 29 փողոցում գտնվող շենքը եւ երկու ոտքով թակարդն ընկա, եկավ վարկը մարելու ժամանակը, իսկ մեզ մոտ ճգնաժամ էր, ես չխնդրեցի փոխել հիմնական վարկի մարման ժամկետները, ոչ մի զիջում, «հրեշները» մտածում էին վերցնել այդ երկու շենքերը եւս եւ ցանկանում էին իբր ինձ համար նոր վարկ «ՎՏԲ»-ի միջոցով, փաստաթղթեր տարան բանկ, նոր ընկերություն բացեցին, որը պետք է ստանար այդ վարկը, սակայն «ՎՏԲ»-ն այդ արկածախնդրությանը չգնաց, այդ ժամանակ նրանք դիմեցին «Արդշինբանկ», ստացան իրենց 4 միլիոնը: «Հրեշը» ստիպում էր վաճառել Վարդանյացի եւ Խանջյանի բնակարանները իր մտերիմներին ցածր գներով, ինքնարժեքից ցածր, ինչը խանգարում էր մարել վարկը: Սարսափելի է, երբ գործը հասնում է ֆինանսներին, այդ «հրեշները» պատրաստ են ամեն ինչ կուլ տալ: Մինչ շեյխի հետ հանդիպումը ես պայմանավորվել էի հյուրանոցի վաճառքի մասին տարբեր մարդկանց հետ, օրինակ` Արա Խանոյանի հետ, Աբու Դաբիից, նա ավելի վաղ Հայաստանում հարցազրույց էր տվել եւ հայտարարել, որ շատ է ցանկանում Երեւանում կառուցել բարձր դասի հյուրանոց, ինձ նրա հետ ծանոթացրեցին: Նա ինձ Աբու Դաբի հրավիրեց սկզբնական բանակցությունների համար, նրան շատ դուր եկավ իմ ծրագիրը, նա մասնակցության ցանկություն հայտնեց, այսինքն` գնել բաժնեմաս, հրավիրեց իր փաստաբանին, ով ուսումնասիրում էր հարցը, խորհուրդ տվեց Խանոյանին պարտադիր մասնակցել այդ ծրագրին: Ես անզգուշությամբ այդ մասին հայտնեցի Էմիրաթներում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանին, ինչպես նաեւ հայտնեցի «հրեշներին» Արա Խանոյանի հետ հաջող բանակցությունների մասին, եւ միանգամից` 5 օրվա ընթացքում ձախողում, Արա Խանոյանը հրաժարվեց: Ես վստահ եմ, որ նրանք չեն ցանկանում, որպեսզի մեր երկրում արտասահմանցիները ֆինանսական ներդրումներ կատարեն, որպեսզի երկիրը դուրս գա ֆինանսական ճգնաժամից, իմ օրինակով կարող եմ ասել, թե որքան ջանքեր են «հրեշները» գործադրում, որպեսզի նրանց հասնի իմ հյուրանոցը: Հայաստանից դուրս բնակվող իմ շատ հայրենակիցներ միշտ ասում էին ինձ, որ եթե մեզ մոտ ինչ-որ մեկն ինչ-որ լավ բան կառուցի, ապա հետո այն պարտադիր կխլեն: Ես ասում էի, որ մեզ մոտ նման բաներ չեն լինում, դա ասում են միայն չար լեզուները, եւ իմ օրինակն էի բերում, որ ինձ ոչ ոք չի անհանգստացնում, թեպետ ես խոշոր բիզնեսով եմ զբաղվում: Սակայն ես խիստ սխալվում էի: Մանրամասները, որոնք դուք կցանկանաք ոչնչացնել, գտնվում են իմ աշխատակիցների մոտ: Մենք հրաշալի երկիր ունենք, սակայն ինչու չի կարելի ապրել առանց «հրեշների»: Ես մոտ օրերս պետք է վաճառեմ հյուրանոցի բաժնեմասը, հակառակ դեպքում անհնար է ապրել: Ցավոք, ամեն ինչ այդպես ավարտվեց: Վստահ եմ, որ «հրեշները» միշտ արդարացում կգտնեն իրենց արարքների համար, սակայն վստահ եմ նաեւ, որ նրանք երբեք չեն լինի առողջ, ուրախ, նրանց կուղեկցեն հիվանդությունները:
Իսկ այժմ «հրեշի» կոնկրետ անուն` Խաչատրյան Արտյոմ Գագիկի: Նա պատրաստ է ամեն ինչ վերցնել, այժմ նա պլանավորում է վերցնել իմ 2 շենքերը` վարկադրված «Արդշինբանկում» վարկի դիմաց, որը նա տվել է օֆշորային ընկերության միջոցով, 6 միլիոն դոլարից ես մարել եմ 2,4 միլիոնը (Խանջյան 29-ից վաճառված բնակարանները նա ցածր գնով տվեց իր հարազատներին): Անիմաստ է խոսելը, շարունակական կողոպուտ, առանց աղմուկի եւ վեճի, նա ստիպում էր անել այն ամենը, ինչը նա էր ցանկանում: Եվ եթե չլսես, ողջ-ողջ կուտեն: Ինձնից մեծ գումարով ապրանքներ վերցրեց, առանց ձեւակերպումների եւ առանց հաշվարկների, հաշվապահական եւ բոլոր փաստաթղթերը: Հարկայինը 8 ամիս առաջ ամեն ինչ վերցրեց, պարզապես, որպեսզի ամեն ինչ իրենց ձեռքի տակ լինի, գաղտնի պատվերով: Մեկ խոսքով` ողբերգություն: Այժմ ես պատրաստվում եմ «ՎՏԲ» բանկի միջոցով վերցնել հյուրանոցը: Օֆշորային ընկերության միջոցով կգնեն, իրենց ոճով»:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՈՒ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՆԿԱՐՆԵՐԸ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ եւ զենքեր: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այն պատկանում է Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: ԱԱԾ աշխատակիցները 2018թ. հունիսի 25-ին նշված փողոցի շենքերից մեկից դուրս գալու պահին բերման են ենթարկել Սերոբ Սահակյանին եւ Վլադիմիր Շահինյանցին՝ իրենց մոտ գտնվող ճամպրուկներով:
Պարզվել է, որ Ս. Սահակյանը թմրանյութեր եւ զենքեր թաքցրած Ն. Սարգսյանի մտերիմ ընկերն է: Հայտնի է դարձել, որ Ն. Սարգսյանը 2018թ. հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա եւ մինչ ՀՀ տարածքը լքելը իր թիկնապահի միջոցով Ս. Սահակյանին է փոխանցել Երեւանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր: Վ. Շահինյանցի եւ Ս. Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել եւ առգրավվել են կոկաին եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա եւ պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն եւ սեւ հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով, եւ այլ իրեր:
Բացի այդ` ԱԱԾ-ում հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռեւս 2013թ. Ն. Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի` շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն եւ հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել եւ հրաժարվել է վերադարձնել նկարները: Հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Ն. Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են նրա կողմից հափշտակված նկարները, ինչպես նաեւ 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ եւ զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:
Խուզարկության ընթացքում Ն. Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել է, թե իբր նկարները գնվել են իր կողմից: Նա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել է գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Ն. Սարգսյանը: Նկարների պատկանելիությունը վարպետի վրձնին եւ դրանց արժեքը պարզելու նպատակով նշանակվելու է համապատասխան փորձաքննություն: Խուզարկություն է կատարվել նաեւ Ն. Սարգսյանին պատկանող տարածքներում եւ նրա կողմից շահագործվող թանկարժեք ավտոմեքենաներում: Տարածքներից մեկում՝ իր աշխատասենյակի մետաղյա պահարանում, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող նյութով լի տարա՝ իր գործածման պիտույքներով: Ի դեպ, ավտոմեքենաներից մեկը` մոտ 90 հազար դոլար արժողությամբ, 2017 թվականի արտադրության «Mercedes-Benz GLE 400 4matic» մակնիշի ավտոմեքենան, կասկածելի գործարքներում ներգրավված եւ ցոփ ու շվայտ սովորություններով հանրությանը հայտնի վերոնշյալ անձն առանց վարանելու նվիրել է ընկերուհուն: Ն. Սարգսյանն ու Արտեմ Պետրոսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Ի դեպ, նախօրեին ԱԱԾ բերման ենթարկված Ալ. Սարգսյանն ու որդին՝ Հայկ Սարգսյանը, բաց են թողնվել: