«Իմ որդին այն երեխան չէր, որ ինքնասպան լիներ». նախկին դատապարտյալի ծնողները մինչև վերջ կպայքարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հուլիսի 12-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ առողջապահության նախարարության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ-ի թիվ 6 դատական բաժանմունքի լոգարանում ինքնասպան էր եղել 31-ամյա Արմեն Աղաջանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս մայրը` Գայանե Աղաջանյանը, ուշագրավ հայտարարություն արեց:

Ըստ մոր` որդին ամիսներ առաջ գտնվում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեկ քրեական գործի շրջանակներում. «Ավելի ուշ որդուս հետ ՔԿՀ-ում միջադեպ էր եղել, որից հետո ընտանիքս գրավ մուծեց, եւ տղայիս գրավի դիմաց ազատ արձակեցին: Սակայն որոշ ժամանակ անց որդուս կրկին խարդախության համար ձերբակալեցին, որից հետո տանում են Նուբարաշենի հոգեբուժարան եւ այնտեղ ստուգում են մեղսունակության կամ անմեղսունակության հարցը, ինչից հետո որդիս իբր հոգեբուժարանում ինքնասպան է լինում: Իմ որդին այն երեխան չէր, որ ինքնասպան լիներ, մենք որդուս հետ կատարվածը կապում ենք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքի հետ»:

Բանն այն է, որ ՀՔԾ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի մարտի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի շենքում դատապարտյալ Արման Աղաջանյանին մի խումբ անձանց միջոցով որպես պատիժ խոշտանգելու համար՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ: Իսկ հետո խոշտանգման դեպքը թաքցնելու համար նա, ըստ նախաքննական մարմնի, կատարել է պաշտոնեական կեղծիք:
Այս արարքի համար Արման Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավարումը, եւ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները անցնելու եւ պաշտոնական կեղծիք կատարելու համար:

Ասել է թե` ՔԿՀ-ի պաշտոնատար անձին կալանավորելուց հետո Արման Աղաջանյանի ծնողները որդուն փրկելու համար գրավ են մուծում եւ ազատ արձակում, սակայն կարճ ժամանակ անց խարդախության համար որդուն կրկին ձերբակալում են,ավելի ուշ հոգեբուժարանում գտնում ինքնասպան եղած:
Արման Աղաջանյանի ծնողները որդու առեղվածային մահվան դեպքը կապում են հենց այս պատմության հետ եւ հայտարարում, որ ամեն ինչ անելու են դեպքը բացահայտելու համար. «Մենք որոշակի ապացույցներ ունենք. մարմինը խոշտանգված է եղել, բայց մեր գերխնդիրը այս պահին այն է, թե ինչու ենք մենք մամուլից իմանում, որ որդիս ինքնասպան է եղել, մեզ անգամ տեղակ չեն էլ պահել, եւ երկրորդ խնդիրը` ով է կանգնած որդուս մահվան հետեւում»:

Կատարվածը իրոք զարմանալի է ու առեղծվածային, իսկ թե ինչ կբացահայտեն իրավապահները, սպասենք զարգացումներին: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ինքնասպանության հատկանիշններով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

Քնար Մանուկյան




Լրահոս