Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իր բոլոր դրական հետեւանքներով հանդերձ կարող է մեկ բացասական ազդեցություն ունենալ: Ոչ միայն կրկին ակտիվացել են մարդ-կուսակցությունները, այլեւ նոր մարդ-կուսակցություններ են ստեղծվում՝ իրենց մեծ ախորժակով: Ու սա այն դեպքում, երբ ՀՀ-ում մոտ 90 կուսակցություն կա: «Բանվորական միություն», «Ինտելեկտուալների», «Բագրեւանդ», «Կանայք հայոց աշխարհի», «Հայկանդուխտ ավանդապաշտ-ժողովրդավարական» կուսակցությունների կողքին իրենց անունը գրելու հայտ են ներկայացրել նորերը: Ինչպես հայտնի է, կուսակցություն է ստեղծել Անդրիաս Ղուկասյանը, նախկին ՀՀԿ-ական, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախկին փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Ավելին` նախօրեին էլ կուսակցություն ստեղծելու մասին հայտարարեցին 2016թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները Նախախորհրդարան նախաձեռնության հետ միասին: Ընդ որում` այս երկուսը նույն թիմն են: Ու հետաքրքիրն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը մտադիր է ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել եթե ոչ հաղթելու, ապա առնվազն ԱԺ անցնելու ակնկալիքով: Նախկինում, երբ ՀՀԿ իշխանության օրոք կեղծվում էին ընտրությունները, մարդ-կուսակցությունների գործը հեշտ էր. նրանք արդարանում էին, թե իշխանությունը չի թողնի իրենց անցնել խորհրդարան եւ հաճախ չէին մասնակցում ընտրություններին: Բայց հիմա, ընդհակառակը, ոգեւորված համաժողովրդական շարժման հաղթանակով` նոր պայմաններում յուրաքանչյուրն իրեն հզոր ուժ է երեւակայում իր մեծ ախորժակով: Մեկ հետաքրքրական փաստ էլ. «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` կուսակցություններն առնվազն երկու տարին մեկ անգամ պետք է համագումար անցկացնեն: Առավելագույնը մեկ տասնյակ կուսակցությունից բացի մնացած 80-ը որեւէ համագումար չեն արել: Բայց այս դեպքում օրենքը նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն չի տալիս: Նաեւ հայտնի չէ, թե որ մարմինն է իրավասու վերահսկել օրենքի պահպանումը:
Կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման դեմ պայքարը «խփել է» բրենդային թանկարժեք խանութների գործին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի կենտրոնում տեղակայված բրենդային խանութներում վաճառքը կտրուկ նվազել է: Խոսքը գերթանկարժեք խանութների մասին է, որտեղ կարող ես հանդիպել, օրինակ, 700 հազար դրամ գին ունեցող փողկապի: Կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման դեմ պայքարի պատճառով շատերը վախեցած են թանկարժեք իրեր գնելուց` մտածելով, որ այդ դեպքում իրենք էլ կհայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում: Անգամ այս հարցի շուրջ կառավարության անդամներն են կատակում: Օրինակ` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արտահայտվել էր հետեւյալ կերպ. «Մարդ «վախենում» ա նոր վերնաշապիկ առնի: Կարող ա հարցնեն, թե աշխատավարձդ ո՞նց ա հերիքել»:
Նախատեսված է, որ վաղը մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՔԾ-ն կհարցաքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նման դեպքերում հարցաքննության գործը վերապահվում է քննչական խմբի ղեկավարին: Բայց մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարի անունը գաղտնի է պահվում, այն էլ տեւական ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննչական խմբի ղեկավարը Էդիկ Հակոբյանն է, ով նման պատասխանատվություն էր ստանձնել նաեւ «Սասնա ծռերի» գործով: Հակոբյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` հրաժարվեց որեւէ բան հայտնելուց: ՀՔԾ լրատվական ծառայությունը եւս չհայտնեց , թե ով է քննելու Ռոբերտ Քոչարյանին կամ ով է առհասարակ մարտի 1- գործով քննչական խմբի ղեկավարը: Նաեւ լուրեր են շրջանառվում, որ քննչական խմբի ղեկավարը փոխվել է, եւ նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մուշեղ Բաբայանը: Մինչ այդ նշենք նաեւ, որ Քոչարյանի հարցաքննությունը տեսանկարահանվելու է:
Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի դեմ մարդ առեւանգելու եւ բռնության ենթարկելու քրեական գործով նոր մանրամասներ են ի հայտ գալիս: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 49-ամյա Արամը, ում առեւանգել ու բռնության են ենթարկել, Ն. Սարգսյանի թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ համատեղ բիզնես է ունեցել: Որոշ ժամանակ անց Արամը դիմել է Արտեմ Պետրոսյանին եւ հայտնել է, որ չի ցանկանում իր հետ համատեղ աշխատել, քանի որ կա այլ մարդ, որի հետ նա ցանկանում է ստեղծել նոր բիզնես: Այդ մասին տեղեկացել է Նարեկ Սարգսյանը եւ Արամին հրավիրել հանդիպման: Ըստ լուրերի` թեեւ Արտեմ Ասատրյանը Արամին զգուշացրել է, որ Նարեկի հետ հանդիպման չգնա` ասելով՝ իրեն լավ բան չի սպասվում, սակայն Արամը գնացել է: Դրանից հետո էլ տեղի է ունեցել միջադեպը. Արամին առեւանգել են, սկզբում խոշտանգել Սարգսյանի տան նկուղում, հետո՝ «Սկանյա» բեռնատարների սպասարկման վարչական շենքում: Հիշեցնենք` Արտեմ Պետրոսյանը հիմա կալանավորված է, իսկ Նարեկ Սարգսյանին հայտարարվել է հետախուզում: Մեզ հասած տեղեկություններով` թիկնապահին կալանավորելուց հետո դեռ չեն հարցաքննել:
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՓԱԿԵՑ
Անդրադառնալով Հայաստանում սահմանադրական փոփոխությունների, ըստ այդմ՝ պետական կառավարման մարմինների լիազորությունների վերաբաշխման անհրաժեշտությանը` վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում մեկ ուշագրավ հայտարարություն արեց: «Հայաստանում այսօր հաստատված է խորհրդարանական համակարգ, եւ հետեւաբար, իշխանությունը, պետության պատասխանատվությունը եւ ղեկավարումը դրված է կառավարության եւ վարչապետի վրա։ Բալանսավորումը չի կարող տեղի ունենալ վարչապետի եւ նախագահի միջեւ։ Բալանսավորումը պետք է տեղի ունենա օրենսդրի, գործադրի եւ դատական իշխանությունների միջեւ»,- ասել էր նա եւ իմիջիայլոց հավելել,- «Թեեւ չեմ բացառում, որ նախագահի ինստիտուտի համար եւս մեկ-երկու արարողակարգային լիազորություններ ավելացնենք»:
Ինչպես հիշում եք, ոչ վաղ անցյալում նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի անգամ խոսել էր սահմանադրությամբ նախագահի լիազորություններն ընդլայնելու անհրաժեշտության մասին: Ընդ որում` նա այդ թեմայով խոսել էր թավշյա հեղափոխությունից հետո, երբ արդեն «ձայնի իրավունք» էր ստացել: Մինչդեռ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, ընդհակառակը, Արմեն Սարգսյանը կամովին համաձայնվել էր անգլիական թագուհու դերին, նույնիսկ հարցազրույցներում համոզում էր, թե սխալ է տեսակետը, որ նոր սահմանադրությամբ նախագահը որոշիչ դերակատարություն չունի: Արդեն հունիսին, ընդհակառակը, Արմեն Սարգսյանը հայտարարել էր` սահմանադրությամբ վարչապետին հսկայական լիազորություններ են տրված, եւ որ իրական իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության եւ նախագահի գրասենյակի միջեւ:
Այնպես որ այդքանից հետո վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե բալանսավորում չի կարող տեղի ունենալ վարչապետի եւ նախագահի միջեւ, պատահական չէին: Նա հասկանում է իշխանության մեջ երկու տարբեր բեւեռների ստեղծման անթույլատրելիությունը: Ինչ-ինչ, բայց Փաշինյանը հասկանում է, որ Արմեն Սարգսյանը որոշիչ լիազորություն ունենալու դեպքում կարող է ցանկացած պահի իր դեմ դուրս գալ` լինելով «ընդունելի» թեկնածու իշխանության մեջ գտնվող մյուս ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, նաեւ իշխանությունից հեռացված ու ռեվանշի ձգտող ՀՀԿ-ի, ու ընդհանրապես, իր մնացած հակառակորդների համար: Արմեն Սարգսյանը մերժելի է եղել միայն ՀԱԿ-ի համար, քաղաքական դաշտի մյուս դերակատարները նրան ընդունում են: Ուստի հատկապես կոռուպցիոն այս բացահայտումների համատեքստում վարչապետին պետք չեն նոր գլխացավանքներ: Առավել եւս, երբ Արմեն Սարգսյանն արարողակարգային լիազորություններով պարբերաբար փորձել է մտնել վարչապետի գործունեության դաշտ: Ենթադրում ենք` ոչ միամտաբար: