Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են պետական կառույցների հարաբերությունները: Ինչպես հայտնի է` թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները սկսեցին ստուգել նախկին պաշտոնյաների ու նրանց զավակների՝ զինծառայությունից ազատվելու հիմքերը: Իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվողների առաջին ցանկում էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Տիգրան ու Տրդատ Խաչատրյանները: Տիգրանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, բայց եւ հիմա չեն կարող բանակ զորակոչել, քանի որ ամուսնացած է, ունի երկու երեխա: Օրենսդրության համաձայն` երկու երեխա ունենալու դեպքում քաղաքացին ազատվում է զինծառայությունից:
Իսկ ահա Տրդատի դեպքում ամեն ինչ այլ է. 22-ամյա Տրդատ Խաչատրյանին ՔԿ-ում մեղադրանք է առաջադրվել` փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: Միաժամանակ նաեւ Տրդատ Խաչատրյանի առողջական իրական վիճակը պարզելու համար որոշում է կայացվել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին: Ու այս օրերին այդ փորձաքննության պատճառով լարվել են ՀՀ զինվորական քննչական ծառայության եւ ՊՆ-ի հարաբերությունները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ զինվորական քննչական ծառայությունից դատահոգեբուժական հանձնաժողովին ստիպում են շուտ տալ եզրակացությունը, սակայն դատահոգեբուժական հանձնաժողովի անդամները քննիչներին բացատրում են, որ չեն կարող այդքան շուտ գնահատական տալ: Միայն թե բժիշկների այս պնդումները քննիչներն այդքան էլ հիմնավոր չեն համարում: Ու հիմա այս ամենի պատճառով երկու կառույցների մեջ տարաձայնություն է հասունացել:
Ինչպես հայտնի է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաքննիչ բողոքը քննեց եւ նրան ազատ արձակելու որոշումը կայացրեց դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որը 1998-99թթ. եւ 2001-2006թթ աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում: Տեսակետ կա, որ հենց այս հանգամանքն էլ դեր է խաղացել, որ Ազարյանը որոշի Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին: Բայց, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, դատավոր Ազարյանը դատաքննությունից առաջ կողմերին հարցրել է՝ արդյոք իրեն ինքնաբացարկ հայտնելու հիմքեր տեսնում են: Սակայն ո՛չ մեղադրող, ո՛չ պաշտպանական կողմը որեւէ առարկություն չի ներկայացրել ու դատավորին ինքնաբացարկ չի հայտնել: Դրանից հետո էլ սկսվել է Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննությունը: Բայց փաստորեն ստացվում է` իզուր:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին տեղեկության հրապարակումից հետո քաղաքացիները սկսել են շատ ակտիվ նախապատրաստվել դրան: Մասնավորապես քաղաքացիներից շատերը վարչապետ Փաշինյանին ուղղված նամակներ են պատրաստել եւ նրանք ձգտելու են այդ օրը նամակները փոխանցել նրան: Ենթադրվում է՝ այդ նամակներում մեծամասամբ անձնական խնդրանքներ են լինելու, եւ ակնկալիքներ, որ Փաշինյանը կլուծի իրենց խնդիրները: Բացի այդ` արդեն իսկ ինքնաբուխ ստեղծվել են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք այդ օրը պետք է տարբեր վայրերից երթով հասնեն հրապարակ՝ միանալու հանրահավաքի մասնակիցների հոծ բազմությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ՝ Միխայիլ Հարությունյանի ընտանիքին պատկանող «Միկշին» ընկերության հետ դատական վեճում: Դեռ այս տարվա մարտին «Միկշին»-ը դատական հայց էր ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, թե իբր մենք զրպարտել ենք նրանց: Ու սա այն դեպքում, երբ «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենը լուսաբանել էր կառաարության շենքի մոտ «Միկշին» ընկերության դեմ քաղաքացիների բողոքի ցույցը, ավելի ուշ՝ մեկնաբանությունների համար դիմել այդ ընկերությանը` չստանալով պատասխան: Եւ ահա «Միկշին» ընկերությունն այս ամենը համարել էր զրպարտություն, դիմել դատարան: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որում դատավոր Ռուբեն Ներսիսյանը մերժել է «Միկշին» ընկերության հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Նշենք, որ նույն դատավորը ժամանակին բավարարել էր «Ժողովուրդ» օրաթերթի դեմ Խաչիկ Խաչիկյանի՝ իբր իրեն վիրավորելու համար ներկայացրած հայցը:
ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՏԱԼՈՒ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, թե պետության եւ ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ եղանակներով: «Ուզում եմ նաեւ ասել, որ այս ողջ պրոցեսի ընթացքում մեր կառավարությունը, մեր իշխանությունը նույնպիսի պատասխանատվություն է զգում ձեր առաջ՝ Հայաստանի պետականության առաջ, ժողովրդի առաջ, օրինականության առաջ, եւ մենք նաեւ այս ողջ քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում եւ այդ լիազորությունների սահմանները չենք անցնելու ոչ մի պարագայում, որովհետեւ մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով, չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպաններ, ուզում ենք ուրիշների գողացածը տեղափոխել պետական բյուջե եւ ծառայեցնել մեր ժողովրդի եւ պետության կարիքներին։ Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության։ Ժողովրդից գողացված ամեն մի կոպեկ, ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին»։
ՀՀ վարչապետի այս հայտարարությունները պատահական չէին: Նա պետության ու ժողովրդի առաջ հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու մասին խոսում է մի իրավիճակում, երբ ՀՔԾ-ն նոր թափ է հաղորդել մարտի 1-ի գործին` միաժամանակ մեղադրանք առաջադրելով մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների: Այդ գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նույնիսկ կալանավորվեց, հետո ազատ արձակվեց: Ու թեեւ Փաշինյանը կոնկրետ որեւէ անուն չի տվել, ակնհայտ է՝ նրա հայտարարությունները նաեւ այս իրադարձություններին էին վերաբերում: Այս համատեքստում էր նաեւ ժողովրդից թալանված գումարները վերադարձնելու խոստումը: Մյուս կողմից, սակայն, նկատենք՝ Փաշինյանը մինչեւ հիմա ուղղակի չի անդրադարձել մարտի 1-ի գործին ու մասնավորապես Քոչարյանի կալանավորման, հետո ազատ արձակման թեմային: Օրերս Տավուշի մարզ այցի ժամանակ, երբ լրագրողները Փաշինյանի տեսակետն են հարցրել, վարչապետը հրաժարվել է խոսելուց` ասելով, թե իր խոսքերը կարող է ընկալվել որպես ճնշում: Ներկա ու նախկին իշխանությունների տարբերություններից մեկն էլ հենց սա է. իսկ հիշո՞ւմ եք՝ նախորդ քսան տարիներին ե՛ւ Ռ. Քոչարյանը, ե՛ւ Ս. Սարգսյանը նման քաղաքական հնչեղություն ունեցող դեպքերում ի՞նչ հայտարարություններ էին անում` այդկերպ ուղղորդելով իրավապահներին: