Ոստիկանությունում կադրերը նշանակվում են ՊԵԿ պաշտոնյայի միջնորդությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊԵԿ օպերատիվ-հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանը, որ այդ պաշտոնին է նշանակվել վերջերս, փորձում է ակտիվ դերակատարություն ունենալ ոստիկանությունում կադրային նշանակումների հարցում: Ընդ որում, նրա միջնորդության շնորհիվ ոստիկանությունում աշխատանքի են տեղավորվում անձիnք, որոնք համակարգից ազատվել են տարբեր պատմությունների արդյունքում:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել էր ոստիկանության` «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Լյովա Բեգոյանը, սակայն շատ կարճ ժամանակով: Մի քանի օր անց Կարեն Կարապետյանի միջամտության արդյունքում նա նորից վերականգնվել է իր պաշտոնին: Նման մի դեպք էլ վերջերս եղել է ոստիկանության ՃՈ քննական-հաշվառման Երեւան քաղաքի պետ Արմեն Դավթյանի հետ կապված. նա համարվում է նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Կարապետյանի շրջապատի անձանցից մեկը եւ հիմա պաշտոնավարում է Կարապետյանի միջնորդության շնորհիվ:

Նույն շրջանակների հետ սերտ կապեր ունի նաեւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներից Գեւորգ Ասլանյանը, որն աշխատանքից ազատվել էր, բայց Կարեն Կարապետյանի միջնորության արդյունքում հիմա աշխատում է ԿՀԴՊ ԳՎ-ում՝ վեցերորդ վարչությունում շատ ավելի բարձր պաշտոնի: Եւ վերջապես, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Կարեն Կարապետյանի միջնորդությամբ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ է նշանակվել Մելիքսեթ Արզումանյանը, որը, ըստ շրջանառվող լուրերի, սերտ կապեր ունի քրեական աշխարհի հեղինակությունների հետ: Թե ինչու է նա այսպես ակտիվ միջնորդում այս կամ այն անձի` ոստիկանությունում նշանակելու համար, մնում է միայն ենթադրել:

Ի դեպ, հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի անունը վերջերս մամուլում շատ է շրջանառվում բացասական կոնտեքստում: Ըստ մամուլի հրապարակումների` նա աղմկոտ անցյալ ունի, ներգրավված է եղել կոռուպցիոն մի քանի պատմությունների մեջ: Ավելին, հիմա ՊԵԿ-ում Կարեն Կարապետյանի հետ կապված ծառայողական քննություն է ընթանում: Այդ մասին դեռ հուլիսին ասել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ում հրամանով էլ նշանակվել էր ծառայողական քննությունը: «Կա ծառայողական քննություն, որն իրականացվում է չճշտված տեղեկությունները ճշտելու նպատակով…Ստացված տեղեկատվության հիման վրա իմ հրամանով ծառայողական քննությունն է իրականացվում:

Հնարավոր երեք ելք կարող է լինել՝ առաջին՝ հերքվում է տեղեկատվությունը, եւ Կարեն Կարապետյանը շարունակում է իր պաշտոնավարումը, երկրորդ՝ տեղեկատվության մի մասն է ճշտվում, մյուս մասը՝ հերքվում, եւ այդտեղ գնահատվում է նրա պաշտոնավարության նպատակահարմարությունը: Երրորդ՝ ամբողջ ծավալով տեղեկատվությունը ճշտելուց հետո, օրինակ, ՀՔԾ ուղարկելու նյութեր ենք ունենում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր նա:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ոստիկանությունում կադրային որոշ նշանակումների հարցում մեծ դերակատարություն ունի ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանը, որի միջնորդությամբ աշխատանքի են վերականգնվել պաշտոնանկ արված մի քանի հոգի: Սակայն Ահարոնյանը հերքեց. «Ոստիկանության կադրային քաղաքականությունը բացառապես ոստիկանության ղեկավարության իրավասության շրջանակներում է: Իսկ ձեր կողմից բարձրացված հարցը իրականությանը չի համապատասխանում»:

Մերի Մարտիրոսյան




Լրահոս