«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված մի շարք մանրամասներ փորձեց ճշտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ, վարչության անդամ, «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանից:
-Տիկի՛ն Նազարյան, ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել հենց դաշինքով:
-Մենք դաշինք ենք կազմել քաղաքացիների հետ, ոչ թե կուսակցության կամ կուսակցությունների: Մեր դաշինքում այն քաղաքացիներն են, ովքեր հեղափոխության իրականացման գործում մեծ ներդրում են ունեցել: «Քաղաքացիական պայմանագրի» եւ այդ քաղաքացիների նպատակը դրական եւ բարեխիղճ քարոզարշավի իրականացումն է, որպեսզի կարողանանք ստանալ ժողովրդի վստահությունն ու աջակցությունն առաջիկա տարիների գործունեության համար եւ անցնել գործի: Ես հավատացած եմ, որ մենք կկարողանանք քաղաքացիներին վստահեցնել, որ այս ընտրությունները հերթական, սովորական ընտրությունները չեն, այլ հեղափոխության շարունակությունն են:
-Այնուամենայնիվ, «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցությունը դաշինք կազմեց հենց «Առաքելություն» կուսակցության հետ: Ո՞րն էր հիմնական շարժառիթը:
-Ֆորմալ առումով այդպես եղավ, որովհետեւ մենք գնում ենք ընտրությունների ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունով, այլ «Իմ քայլը» անվանմամբ, որը հեղափոխության ժամանակ ծնված կարգախոս է: «Առաքելություն» կուսակցությունում մարդիկ են, ովքեր հեղափոխության արժեքներն են կրում իրենց մեջ: Մենք կարծում ենք, որ պետք է հնարավորություն տալ այդ մարդկանց ասել իրենց խոսքը եւ իրենց մասկացությունն ունենալ բարեփոխումների իրականացման գործում:
-Ուրիշ կուսակցությունների կողմից եղե՞լ են առաջարկներ ձեզ հետ դաշինք կազմելու վերաբերյալ:
-Եղել են: Եղել են նաեւ շատ քննարկումներ, բայց դրանք, ի վերջո, արդյունք չեն տվել: Չէի ուզի դրա մասին ավելի մանրամասն խոսել:
-Ինչպե՞ս եք գնահատոում «Ելք» դաշինքի մաս կազմող մյուս երկու կուսակցությունների կազմած դաշինքի շանսերը:
-Չեմ կարող գնահատել որեւէ այլ կուսակցության կամ դաշինքի շանսերը: Հարցումներ չեմ արել եւ չեմ կարող պարզապես կողքից որեւէ բան ասել:
-Կա՞ որեւէ քաղաքական ուժ, որին դիտարկում եք որպես լուրջ մրցակից:
-Անկեղծ ասած` շատերի անունները չեմ էլ մտաբերում հիմա: Որեւէ կուսակցության չեմ համարում լուրջ մրցակից, համենայն դեպս, հիմա: Բայց նաեւ չեմ բացառում, որ մեր լուրջ մրցակիցը ի հայտ կգա ընտրարշավի ընթացքում:
Լուսինե Մինասյան