Երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի ունեցած դեպքը մտահոգությունների տեղիք է տալիս: Երբ աշխատանքից հեռացվեց հիվանդանոցի նախկին տնօրեն Արա Մինասյանը, բացատրվեց կոռուպցիոն սխեմաներով, եւ նոր տնօրեն Արման Հովակիմյանի նշանակումը նոր իշխանությունները պատճառաբանում էին նաեւ արատավոր երեւույթները վերացնելու ցանկությամբ: Եվ ահա, նոր տնօրենի նշանակումից կարճ ժամանակ անց հիվանդանոցում դեպք է գրանցվում, որը նաեւ մտահոգելու տեղիք է տալիս:
Ինչպես հայտնի է` երեկ թթվածնային բալոնի պայթյուն է եղել, որի հետեւանքով մեկ զոհ եւ մեկ վիրավոր է եղել: Եւ ամենահետաքրքիրն այն է, որ այդ բալոնը չի պատկանել բուժհաստատությանը, եւ այդ հանգամանքը հենց նաեւ տնօրենի կողմից փորձ էր արվում որպես արդարացում ներկայացնել: Սակայն իրականում այդ ամենը հարցերի տեղիք է տալիս. այդ դեպքում ինչպե՞ս է այն հայտնվել բուժհաստատությունում, ո՞ւմ կողմից եւ ո՞ւմ ամենաթողության պատճառով:
Տնօրեն Արման Հովակիմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այդ հարցերի պատասխանները կարող են տալ միայն իրավապահ մարմինները: Այսինքն` տնօրենը տեղյակ չէ` իր հիվանդանոցում ինչ է կատարվում: Այդպես էլ հետագայում կարող են այլ դեպքեր գրանցվել, որոնց մասին տնօրենը եւս տեղյակ չլինի: