Նիկոլ Փաշինյանի հաջորդ խնդիրը. ԱԺ-ում պետք է լինեն քաղաքական դիսկուրս ձևավորելու ընդունակություն ունեցողներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները շատերի համար լիովին անսպասելի էին թե՛ իշխանական դաշինքի, թե՛ նրա հետ մրցակցող ուժերի ստացած քվեների առումով։ Այդ կապակցությամբ ինչպես իշխանության ոգեւորությունն է չափազանց բարձր, նույն չափով էլ մյուս ուժերի հիասթափությունն է մեծ։ Սակայն ընտրությունների արդյունքները պետք է դաշտում գործող բոլոր դերակատարների համար որպես դաս ընկալվեն, որը չի սերտվել դեռ 1990-ական թթ. Հայաստանում գրեթե համանման իրավիճակում։

Նիկոլ Փաշինյանի ակտիվ ու անհատականացված մասնակցությունը «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին արդեն իսկ հուշում էր, որ վերջինս անխուսափելիորեն մեծամասնություն է կազմելու ավագանիում։ Այդուհանդերձ, 81 տոկոսը թերեւս անպատկերացնելի էր անգամ վարչապետի համար, որը Նյու Յորքից չափազանց էմոցիոնալ կերպով արձագանքեց իրավիճակին՝ մատնելով իր աներկբա ուրախությունն այս առիթով։ Նույնիսկ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ իշխանության համար էլ էր անակնկալ այդքան բարձր վստահությունը։ Իսկապես, ստացվում է, որ վերջին 3-4 ամիսներին իշխանության վրիպումները որեւէ կերպ ազդեցություն չեն թողել իրավիճակի վրա։ Ավելին՝ իշխանությանը մրցակից ուժերը փորձեցին խաղարկել հենց այդ վրիպումները առանց որեւէ հաջողության։

Այդ ուժերի արձանագրած խիստ ցածր արդյունքներն ապացուցեցին, որ հեղափոխական օրակարգը շարունակում է պահանջված լինել, եւ քաղաքական մրցակցության արհեստական բորբոքումը հասարակության համար հետաքրքիր չէ։ Այս ուժերի խնդիրն է լրջորեն վերլուծել իրավիճակը եւ խնդիրն առաջին հերթին տեսնել սեփական վարքուբարքում։

Իսկ կատարվածի պատճառն, ըստ էության, այն էր, որ հակահեղափոխության հաջողության ու նախորդ ռեժիմի հնարավոր վերադարձի շուրջ ունեցած հասարակական անհանգստությունը գերակայող եղավ արդյունքի համար։ Ի դեպ, հատկանշական է, որ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնի հեռախոսազրույցի հրապարակումը նախընտրական քարոզչության մեկնարկին ոչ միայն չծառայեց իշխող ուժի արշավը ձախողելու նպատակին, այլեւ հակառակը՝ նպաստեց հասարակական մոբիլիզացիային ու ավագանու ընտրությունները վերածեց հեղափոխության վստահության հանրաքվեի։

Այսօր արդեն կարելի է ասել, որ հասարակությունը Նիկոլ Փաշինյանին օժտեց լուրջ ու անվերապահ վստահության մանդատով, ինչն արտահերթ ընտրությունների համար ավելի քան բավարար է, իհարկե, տրամաբանական փոխզիջումի սահմաններում։ Սակայն միաժամանակ այդ վստահությունն ինքնին խիստ պարտավորեցնող է։ Եթե այն ներկա պայմաններում իշխանության հաղթաթուղթն է, ապա երկարաժամկետ կտրվածքով վերածվելու է դամոկլյան սրի այդ նույն իշխանության գլխին։

Իշխանությունը ոչ միայն պետք է ընկալի այդ վստահության կապիտալիզացիայի կարեւորությունը, այլեւ գործնական առումով ինստիտուցիոնալիզացնի այն։ Կարելի է նույնիսկ պնդել է, որ ներկայիս միտումներով խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» կստանա նվազագույնը 65-70 տոկոս ձայն եւ բացարձակ մեծամասնություն կձեւավորի խորհրդարանում։ Ուստի այդպիսի ինստիտուցիոնալիզացիայի թերեւս ամենակարեւոր քայլը ԱԺ-ի ձեւավորումն է։ 1990թ. դեռ ԽՍՀՄ շրջանում ձեւավորված Գերագույն խորհուրդն ընդունված է համարել բնույթով ամենաքաղաքականը ՀՀ բոլոր խորհրդարանների համեմատ։

Եվ պատահական չէ, որ 1990-95թթ. Հայաստանում իրական քաղաքական գործընթացներ էին ծավալվում, եւ գաղափարական պայքարը հենց այդ շրջափուլում էր։ 1995թ. խորհրդարանը ձեւավորվեց արդեն կոնկրետ անձանց նեղ-անձնական շահախնդրություններով։ Իշխանությանը թվում էր, որ այդպիսի խորհրդարանը հուսալի ապավեն է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչելու համար՝ առանց ԱԺ-ում անհարկի բանավեճերի։

Սակայն 1998թ. փետրվարին պարզվեց, որ այդպիսի խորհրդարանը ոչ միայն գլխացավանք է, այլեւ պալատական հեղաշրջման հրաշալի գործիք։ Այն պահից սկսած, երբ խորհրդարանը սկսեց դիտարկվել կոճակ սեղմողների նստատեղի, այդ պահից պետության ներսում սկսվեց քաղաքական ճգնաժամը։ Օրերս հնարավոր դարձավ կոտրելու կեղծված ընտրությունների պրակտիկան, իսկ դեկտեմբերին նույնպիսի համառությամբ ու պատասխանատվությամբ կարելի է կոտրել ԱԺ-ի ամորֆության բարդույթը։

Եթե ինչ-որ տեղ հասկանալի էր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը քաղաքացիական ակտիվիստների գերակշիռ մեծամասնությամբ ու կառավարման փորձառություն չունեցող անձանցով համալրելը, ապա նույնպիսի շքեղություն չի կարելի թույլ տալ խորհրդարանի պարագայում։ Քանի որ փոխված սահմանադրակարգում պետական իշխանության առաջնային մանդատը պատկանում է ԱԺ-ին, վերջինս պետք է իր էությամբ նախ` լինի քաղաքական, ապա՝ պրոֆեսիոնալ։ Խորհրդարանի ապագա կազմը պետք է լինի քաղաքական դեմքերի ու արհեստավարժների հարաբերականորեն հավասար համամասնությամբ։

ԱԺ-ում պետք է հայտնվեն անձինք, ովքեր քաղաքական դիսկուրս ձեւավորելու ընդունակություն ունեն, ինչպես նաեւ տիրապետում են կոնկրետ ոլորտային մասնագիտական գիտելիքների։ Սա չափազանց կարեւոր հանգամանք է, եթե ցանկություն չկա կրկնելու նախորդ ԱԺ գումարումների ճակատագիրը։ ՀՀ վարչապետը, որին հասարակությունը փաստացի շնորհել է ԱԺ-ի ապագա կազմը որոշելու առանձնաշնորհը, պետք է ձգտի առավելագույնս խուսափել հնազանդ ԱԺ ունենալուց եւ վերջինս յուրայիններով համալրելու նախկին արատավոր սովորույթներից։

Նոր Հայաստանի մթնոլորտին ու ձեւավորվող ավանդույթներին համարժեք՝ Նիկոլ Փաշինյանը կարող է նույնիսկ մանրակրկիտ «քաստինգ» անցկացնել փորձագիտական ու մասնագիտական շրջանակների հետ եւ հասարակության դատին հանձնել ինչ-որ չափով անգամ աննախադեպ խորհրդարան։ Այդպիսի ԱԺ-ն կարող է լինել աննախադեպ՝ նախորդ 6 խորհրդարանների դեգրադացիայի հետ զրոյական համեմատությամբ։

Ն. Հովսեփյան




Լրահոս