Երբ հոգնում եմ ամեն ինչից և բոլորից, խմում եմ. Դավիթ Ամալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը: Երգիչը պատմել է իր նախասիրությունների մասին, ներկայացել մեզ բոլորովին նոր, հետաքրքիր ռակուրսից: Նա տվել է ուժեղ մարդու իր բնութագիրը, պատմել, թե ով մեծ ազդեցություն ունի իր որոշումների վրա: Դավիթը խոստովանել է, որ չի սիրում կոկիկություն եւ նույնիսկ ծայրահեղ դեպքերում մոտ չի գնա արդուկին:

-Դավիթ, օրվա ո՞ր հատվածն եք սիրում՝ առավո՞տ, կեսօ՞ր, թե՞ երեկո:

-Բոլոր ժամերն էլ սիրում եմ, թեպետ գիշերն է իմը:

-Վերջին անգամ ե՞րբ եք թատրոն գնացել եւ ի՞նչ ներկայացում եք դիտել:

-«Գոյ» թատրոնում դիտել եմ Արթուր Սահակյանի բեմադրած «Արալեզը»:

-Շարունակեք միտքը. «Անտանելի են այն մարդիկ, որոնք…»

-Դավաճան են: Ես նրանց չեմ ներում:

-Ձեր զգեստապահարանի անբաժանելի հագուստը կամ աքսեսուարը ո՞րն է:

-Ես հագուստների հանդեպ բացարձակ անտարբեր եմ, բայց ինձ ջինսի մեջ եմ լավ զգում: Անգամ բեմական շորերս են ջինսից: Առհասարակ, սիրում եմ չարդուկվող հագուստ: Կոկիկություն չեմ սիրում:

-Նախընտրում եք ամեն բան պլանավորե՞լ, թե՞ անակնկալի գալ:

-Անակնկալներն ինձ համար ավելի հաճելի են: Պլանավորված չեմ ապրում: Չունեմ գրաֆիկ, որից կարող եմ շեղվել:

-Ձեր որոշումների կայացման հարցում ի՞նչը կամ ո՞վ մեծ ազդեցություն ունի:

-Կյանքը: Բոլոր ընկերներս, ընտանիքս ունեն այդ ազդեցությունը: Իսկ, առհասարակ, ինձ ազդեցության տակ ընկնող մարդ չեմ համարում:

-Երբ հոգնում եք ամեն ինչից եւ բոլորից…

-Խմում եմ: Չկա այնպիսի խմիչք, որ չսիրեմ: Ինձ համար շատ հաճելի է գարեջուրը, բայց այնպես չէ, որ օղին տհաճ է: Այնուամենայնիվ, երբ երկու ամսով թողել էի խմելը, նախանձով էի նայում սառը գարեջուր խմողներին, ոչ թե օղի:

-Մշտապես կթողնե՞ք խմելը:

-Խմելը թողնեմ՝ ի՞նչ անեմ: Փառք Աստծո, խմիչքից կախման մեջ չեմ: Առթից առիթ եմ խմում, պարզապես այդ առիթներն ամեն օր լինում են (ծիծաղում է): Բայց երբ պետք է լինում չխմել, հեշտորեն անում եմ դա:

-21-րդ դարի տեխնիկական ամենամեծ նորամուծությունը ո՞րն է:

-Չգիտեմ, չեմ կարող ասել, այդ հարցում դիլետանտ եմ: Տեխնիկա չեմ սիրում, նույնիսկ վախենում եմ դրանից, ուզում եմ բնությունից չկտրվել:

-Սիրում եք ամենքի՞ն, թե՞ բացառիկներին:

-Բոլորին, եւ երբեք կշեռքի նժարիներին չեմ դնում իմ սիրելիներին:

-Ձգտում եք լինել օրիգինա՞լ, թե՞ ինքնատիպ:

-Երբեւէ չեմ ձգտում որեւէ բան լինել. այն եմ, ինչ կամ:

-Ո՞րն է Հայաստանում Ձեր ամենասիրելի վայրը:

-Ամբողջ Հայաստանը՝ իր քոլերով ու չոլերով: Շինարարական փոշիները չեմ սիրում, բայց եթե ընկերներս մոտս լինեն, նույնիսկ դրանց մեջ նստել-խմելն է հաճելի:

-Ո՞րն է «սեր» բառի հոմանիշը:

-Չկա, անորոշ է: Երեւի թե ապրելը, բայց եթե սերը չլինի, ապրելն իմաստ չունի: Մեկը բխում է մյուսից, ուրեմն հոմանիշ չեն:

-Սիրե՞լն է կարեւորը, թե՞ հասկանալը:

-Սիրելն առանց հասկանալ չի լինի:

-Կա՞ մի բան, որ լավ տղամարդը, ըստ Ձեզ, երբեք չպետք է անի:

-Լավ տղամարդ ասվածը լայն հասկացողություն է: Օրինակ՝ ես երբեք արդուկին չեմ դիպչի, որքան էլ ծայրահեղ իրավիճակ լինի (ծիծաղում է): Գուցե դա կարծրատիպ է, բայց ֆիզիկապես չեմ կարող:

-Շարունակեք միտքը. «Եթե ուզում եք շահել կնոջ սիրտը…»

-Երբեք չեմ ձգտում որեւէ մեկի սիրտը շահել, բայց եթե ստացվում է, ուրախ եմ:

-Ձեզ ի՞նչ կենդանու հետ եք ասոցացնում:

-Ես հորոսկոպով վագր եմ եւ, ընդհանրապես, վագր շատ եմ սիրում, ինքը, համենայն դեպս, սողուն չէ:

-Ըստ Ձեզ՝ ուժեղ մարդը նա է, ով…

-Բարուց ծնված ուժեղին եմ սիրում, բայց ոչ խեղճին:

-Ո՞վ է Ձեր սիրելի պոետը:

-Ինձ համար պիկային է ե՛ւ Թումանյանի, ե՛ւ Չարենցի ու Սեւակի, Սահյանի պոեզիան: Վերջին շրջանում Սահյան եմ շատ կարդում:

-Իմ հարցերից ո՞րը Ձեզ շատ դուր եկավ:

-Ձեզ հետ իմ զրույցը ինձ դուր եկավ, ապաքաղաքական զրույցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս