Լուսանկարն արվել է Երեւանի Մաշտոցի պողոտայում
37 համարի այս ավտոբուսի վարորդը հավատարիմ է մնացել իր սկզբունքներին. նա հեղափոխության առաջին իսկ օրերից մինչ այսօր «դուխով» է:
ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` բնակչության ո՞ր խմբերը կարող են օգտվել հիվանդանոցային անվճար բժշկական օգնությունից եւ սպասարկումից:
Ռուզաննա Մարկոսյան (53 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Մարկոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բուժօգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեն բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված քաղաքացիները սահմանված ՀՀ կառավարության 04.03.2004 թվականի «Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության եւ սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշման հավելված N 1-ով: (Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելված):
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ֆինանսավորումն իրականացվում է ըստ բաժանմունքների եւ բուժօգնության տեսակների, փաստացի կատարված հիվանդ/օրերի դիմաց, հիվանդի բուժման մեկ օրվա համար նախատեսված միջինացված գնով, սակայն ոչ ավելի, քան հաստատված սահմանափակված բյուջեի ծավալը:
ՀԱՐՑ. Աշխատանքային գրքույկս կորցրել եմ: Խնդրում եմ` ասեք` ո՞ւր դիմեմ եւ ի՞նչ անեմ այն վերականգնելու համար:
Գայանե Գեւորգյան (59 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված` աշխատանքային պայմանագիր կնքելու համար աշխատանքային գրքույկ պահանջելու գործատուի պարտավորության մասին դրույթը ուժը կորցրած է ճանաչվել 2017 թվականի հունվարի 1-ից:
Եթե աշխատանքային գրքույկն անհրաժեշտ է կենսաթոշակ նշանակելու նպատակով աշխատանքային ստաժը հաշվարկելու համար, ապա «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
Աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տեղեկությունները անհրաժեշտության դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը հարցման միջոցով ստանում է պետական արխիվից, եթե դիմումին կից ներկայացվել են հարցման համար անհրաժեշտ տվյալներ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ աշխատանքային գրքույկ պահանջելու դրույթն այլեւս ուժի մեջ չէ, սակայն քաղաքացուն անհրաժեշտ է վերականգնել իր աշխատանքային գրքույկը: Ուստի վերոնշյալ պատասխանից ելնելով` խորհուրդ ենք տալիս դիմում ներկայացնել, ապա դիմել պետական արխիվ: