ՀՈՒՇԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ:

-Պարո՛ն Աղաբաբյան, ինչպե՞ս կգնահատեք ներկայիս ներքաղաքական իրավիճակը:
-Հեղափոխությունը տեղի ունեցավ, բայց դեռ կա ներքաղաքական կրիզիս: Այն մարդիկ, ովքեր որ այսպես հրաժարվում են հին ռեժիմից եւ ուզում են միանալ հեղափոխությանը, դա պիտի արձանագրեն փաստերով: Այսինքն` եթե որեւէ քաղաքական ուժ ստորագրում է ինչ-որ փաստաթուղթ, որով հաստատում է, թե ինքը համաձայն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան այս տարվա դեկտեմբերին, դա դեռ չի նշանակում, որ լիարժեք հարցը լուծվեց: Հիմա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նման բան է արել: Նշանակում է` այդ կուսակցության անդամները պետք է հրաժարական տան: Փաստաթուղթը միայն այդպես կարող է վավերացվել: Ի վերջո, այս հարցը կապված է երկրի եւ պետության հետ, սա ինչ-որ սովորական անձնական հարց չէ: Հրաժարական տալով իրոք ցույց կտան, որ համաձայն են:
-Այնուամենայնիվ, հուշագրում նշված է, որ ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրի: Սա չի՞ կարող վստահության հիմք լինել:
-Ամեն ինչի նպատակը նոր ընտրությունների իրականացումն է: Ուրեմն` վարչապետը թող մնա վարչապետի պաշտոնում, իսկ իրենք թող հրաժարական տան: Եթե մի քաղաքական ուժ ուզում է լինել այսօրվա գործընթացների կողքին, ապա այդ ուժի պատգամավորների պատգամավոր մնալը ո՞ւմ է պետք: Լինում է չէ՞, որ այդ հուշագրերը, պայմանագրերը չեղյալ են համարվում:
-Այսինքն` դուք նման ռիսկեր եք տեսնո՞ւմ:
-Այո, իհարկե տեսնում եմ: Վարչապետի հրաժարականից հետո իրենք կարող են էդ ամեն ինչը չեղյալ համարել: Եթե դուք պաշտպանում եք վարչապետի դիրքորոշումը, ուրեմն հրաժարական տվեք, որպեսզի իրոք համոզված լինենք, որ այդ հուշագիրը նշանակություն ունի եւ կայուն փաստաթուղթ է: ՀՀԿ-ում էլ կան տղաներ, որոնք հաստատում են, որ հեղափոխության կողքին են: Ուրեմն նրանք էլ պետք է ցած դնեն իրենց մանդատները: Սա պետության խնդիր է, ոչ թե ինչ-որ մասնավոր բան:
-Ըստ Ձեզ` ինչը՞ ստիպեց ԲՀԿ-ին ստորագրել այդ հուշագիրը:
-Ամեն մեկն էլ իրավունք ունի խելքի գալու: Եթե իրենք իրոք խելքի են եկել, թող ցած դնեն մանդատները: Թե չէ հիմա որ ասենք` ժողովրդի ճնշման տակ են նման բան արել կամ իրավիճակն է ստիպել, է վաղն էլ կասեն` իրավիճակը ստիպեց, մենք էլ չեղյալ համարեցինք:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ հայտարարություն ստորագրեցին, որ կողմ են Փաշինյանի դիրքորոշմանը:
-Միայն խոսելով չի: Դե հիմա թող ժողովրդին ապացուցեն, որ ժողովրդի իրական զավակներն են: Միայն այդ հայտարարությունը ստորագրելով` ամենեւին հավատ չեն ներշնչում: Եթե ես նրանց փոխարեն լինեի, միանշանակ այդպես կանեի:
-ՀՀԿ-ական պատգամավորների` Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը կողմ լինելը Արմեն Աշոտյանի եւ Էդուարդ Շարմազանովի կողմից որակվեցին իբրեւ ճնշման տակ իրականացվող քայլ: Ի՞նչ եք կարծում, ինչ-որ ճնշումներ եղե՞լ են:
-Նորից եմ ասում, եթե պիտի ճնշման տակ նման բան անեն, վաղն էլ հակառակը կանեն: Եթե այդ մարդիկ հրաժարական տան, ժողովուրդը դա անպայման կգնահատի: Մի քանի օր առաջ տեղի ունեցածը ապացուցեց, որ հեշտությամբ կարող են մյուս ճամբար անցնել:
-Ձեր կարծիքով` խորհրդարանում ներկայացված ուժերը մտավախություն ունե՞ն, որ չեն հայտնվի նոր ձեւավորվող խորհրդարանում:
-Չգիտեմ: Կամ էլ ի՞նչ է եղել որ: Ես, օրինակ, ահագին ժամանակ է, ինչ պատգամավոր չեմ: Բայց ի՞նչն է պակասել: Պատի՞վս: Իհարկե ոչ: Ուղղակի սերնդափոխություն է, ուզում եմ նոր սերնդին տեսնել խորհրդարանում: Ես բացի իմ պատվից կորցնելու բան չունեմ: Եթե իրենց համար իրենց պատիվը ավելի թանկ է, քան ունեցվածքը, հրաժարական թող տան, անցնեն ժողովրդի կողմը: Կոչ եմ անում բոլորին. մի՛ մնացեք հակահեղափոխական, դարձե՛ք հեղափոխականներ:
-Դուք շատ մտերիմ եք եղել Աժ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի հետ: Ինչպես հայտնի է, վերջինիս դեմ քրեական գործ է հարուցվել: Ի՞նչ կարծիք ունեք այս գործի հետ կապված: Ե՞րբ եք վերջին անգամ տեսել Ձեր ընկերոջը:
-Մենք հին ընկերներ ենք: Որ իր դեմ այդպիսի գործով մեղադրանք կա, ինձ համար զարմանալի է: Ես իրոք տեղյակ չեմ եղել: Զարմանալի է, որ ինքը ընտանիքի լավ հայր է, ժողովրդի լավ որդի է, ու նման բան է տեղի ունեցել: Ես էլի չեմ հրաժարվում, որ ինքը իմ ընկերն է, բայց ես իր գործունեությունից տեղյակ չեմ եղել: Ահագին ժամանակ է` չենք շփվում: Իրեն միշտ դրական կողմից եմ տեսել` նույնիսկ իմանալով իր ու նախագահների մտերմության մասին: Դա մեզ երբեք չի խանգարել: Իր գործունեությամբ չեմ էլ հետաքրքրվել: Անընդհատ ասում են` դե իրար հետ կերել-խմել են: Հա, չեմ ժխտում: Ուտող-խմող մարդը բարի, բոլորին հասնող մարդ ա: Ինքն էլ բոլորին հասել է: Եթե անկեղծ ասեմ, չեմ էլ ուզում հավատալ սրան: Թե փաստեր կան, դա ուրիշ բան, բայց ես այդ փաստերի մասին էլ ոչինչ չգիտեմ: Եթե վաղը իրեն հայտնաբերեն, դատեն, որտեղ ուզում է լինի, ես իրեն մինչեւ վերջ օգտակար եմ լինելու:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵ՞Ն ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ

Վաղը` հոկտեմբերի 13-ին, Երեւանի ավագանու հատուկ նիստում տեղի կունենա Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածում ամրագրված է, որ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում, որի ժամանակ նաեւ բնակիչներին երդում է տալիս:

Հայկ Մարությանն իրավունքի ուժով քաղաքապետ դարձավ հոկտեմբերի 10-ին. «Իմ քայլը» դաշինքը, որի առաջին հորիզոնականը զբաղեցնում էր Մարությանը, բացարձակ առաջատարն էր` հավաքելով 81 տոկոս քվե: Իսկ օրենսդրությունը նախատեսում է` 50 տոկոսից ավելի քվե հավաքելու դեպքում քաղաքապետ դառնում են ոչ թե ավագանիների քվեարկությամբ, այլ իրավունքի ուժով:
Եվ ահա վաղը` 12:00-ին, տեղի կունենա նրա երդման արարողությունը: Ավանդաբար քաղաքապետերի երդման արարողությունն անցկացվում է նույն կարգով, որին հրավիրվում են բազմաթիվ հյուրեր` նախկին եւ ներկա պաշտոնյաներ: Իհարկե, այս դեպքում եւս կարգը կարող է նույնը մնալ, բայց փոխվել են դերակատարները:
Տարոն Մարգարյանի` 2017 թվականին տեղի ունեցած երդմնակալության արարողությունը բավականին ներկայացուցչական էր, որին նաեւ մասնակցել են մեծ թվով նախկին քաղաքապետեր` այդ թվում Կարեն Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը, Երվանդ Զախարյանը: Եվ հիմա իրավիճակը բոլորովին այլ է, եւ չի բացառվում, որ արարողությունը այնքան էլ ներկայացուցչական չլինի: Մասնավորապես, նախորդ տարի երդման արարողությանը ներկա էր ՀՀԿ խմբակցությունն ամբողջ թիմով, նախկին եւ ներկա նախարարներ, դե իհարկե, բոլորն էլ hանրապետականներ:
Այս արարողության ժամանակ բոլորովին այլ կլինի, եւ թերեւս հրավիրյալների մեծ մասը կլինեն ՔՊ-ականներ կամ նրանց տեսակետը կիսող ուժերի ներկայացուցիչներ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հրավերներ բոլորին ուղարկվել են, այդ թվում` նախկին քաղաքապետերին, պատգամավորներին, եւ հետաքրքիր է` նրանցից ով կընդունի հրավերը եւ ով` ոչ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՌՈՒՍՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները վերջին շրջանում, կարծես թե, ակտիվացել են: Խոսքը հատկապես Պետդումայի ներկայացուցիչների մասին է, որոնք հաճախակի են այցելում Հայաստան, հանդիպում իրենց խորհրդարանական գործընկերներին: Օրեր առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել էր ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինին: Իսկ երեկ էլ նա ընդունել է ՌԴ դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նեվերովի գլխավորած պատվիրակությանը: Արդեն այսօր էլ հենց Արա Բաբլոյանն է մեկնելու Մոսկվա: Եվ հետաքրքիր է, որ այս բոլոր այցերի ընթացքում ռուս պատոնյաները Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չեն հանդիպել: Եվ դա նշանակում է, որ դեռեւս խորհրդարանում ամեն դեպքում մեծամասնություն համարվող ուժի ներկայացուցիչները կարող են ՀՀ-ում ծավալվող իրադարձություններն այլ լույսից ներկայացնել: Չնայած «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բաբլոյանը երեկ պնդել է` Հայաստանում քաղաքական փոփոխությունները որեւէ կերպ չեն ազդել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությանը: Բայց դե ՀՀԿ-ականները հրապարակային խոսքում այլ բան են ասում, մասնավոր հանդիպումներում` միանգամայն այլ:

 

 

ՀԻՆ ՇՈՒԿԱՆ` ՀՅՈՒՐԱՆՈՑ
Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքի` Էջմիածնի հին շուկայում արդեն մի քանի շաբաթ` ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հին շուկան առաջիկայում հնարավոր է վերածվի հյուրանոցի: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` այդ տարածքը պատկանել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ընտանիքին, որտեղ նրանք եւս նախատեսում էին հյուրանոց հիմնել: Սակայն վերջին հայտնի դեպքերից հետո այդ ծրագիրը կասեցվեց: Պարզվում է` տարածքը նոր սեփականատեր ունի: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Էջմիածնի քաղաքապետարան, որտեղից հայտնեցին. «Դա հին շուկայի տարածքն է, որը վաղուց իր սեփականատերն ունի: Խոսքը «Աշոտ 13» ընկերության մասին է, որը պատրաստվում է այդ տարածքում հյուրատուն կառուցել: Բայց այդտեղ Մանվել Գրիգորյանին պատկանող ոչ մի տարածք չկա»: Ի դեպ, տեղեկացնենք, որ Էջմիածինը թեեւ համարվում է զբոսաշրջային քաղաք, բայց հյուրանոց չունի:

 

 

ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Պետրոսյանը, 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել: Հիշեցնենք` Արտեմ Պետրոսյանի եւ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հուլիսի 6-ից հայտարարվել էր հետախուզում, եւ նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Նրանք մեղադրվում էին թմրամիջոցներ եւ ապօրինի զենք պահելու մեջ: Հուլիսին Արտեմ Պետրոսյանը վերադարձել էր Հայաստան, ներկայացել իրավապահներին, նրան կալանավորել էին եւ ահա երեք ամիս անց նրան գրավի դիմաց ազատ արձակեցին:




Լրահոս