2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ ԿԹԵԹԵՎԱՆԱ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով կսկսվի 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ինչպես հայտնի է, բյուջեի նախագիծն արդեն ներկայացվել է խորհրդարան, եւ հոկտեմբերի 29-ից կսկսվեն քննարկումները:

Նկատենք, որ 2019 թվականի պետական բյուջեի քննարկումը կընթանա հետաքրքիր զարգացումներով. այն քննարկվելու է հավանաբար արդեն իրավունքի ուժով արձակված խորհրդարանում: Մինչ այդ արդեն վարչապետ Փաշինյանը հրաժարական ներկայացրած կլինի եւ ԱԺ-ն 14 օրվա ընթացքում երկու անգամ չի ընտրի նոր վարչապետ:
Ինչեւէ, նկատենք` 2019 թվականից Հայաստանն անցնում է ծրագրային բյուջետավորման ձեւաչափին, հետեւաբար բացի ծախսվող ֆինանսական միջոցներից կարեւորվելու են դրանց դիմաց ստացվող արդյունքները: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքերով` այսուհետ ուշադրության կենտրոնում պետք է լինեն արդյունքները, այլ ոչ թե գործընթացը եւ գործողությունները. «Այսինքն` ոչ թե կարեւորվելու է դրամական միավորը, որը ծախսվել է, այլ` ինչ արդյունք է ձեռք բերվել այդ ֆինանսական միջոցների ծախսման արդյունքում: Դա հնարավորություն կտա չափելի դարձնել արդյունքները»:
Մյուս կողմից, փորձագետները նշում են, որ 2019 թվականի համար կարեւոր այս ֆինանսական փաստաթուղթը ունի հստակ թվեր, որից պարզ է դառնում, թե ինչ է ակնկալում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաջորդ տարում:
Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի` 2019 թվականի բյուջեն կազմվելու է հենց միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիման վրա: Իսկ այդ փաստաթղթի համաձայն` 2019 թվականին տնտեսական աճը կկազմի 4,9 տոկոս: Ֆինանսների նախարարը համոզված է, որ այս ամենի արդյունքում շուրջ 130 մլրդ դրամով ավելի անվանական ՀՆԱ կունենանք:
Ի դեպ, ակնկալվում է, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամուտներ-ՀՆԱ հարաբերությունը կկազմի 21.6 տոկոս` ե՛ւ այս տարվա, ե՛ւ 2017 թվականի փաստացի 22.4 տոկոսի դիմաց: Ասել է թե` Փաշինյանի կառավարությունը գնում է հարկային բեռը թեկուզ փոքր, բայց թեթեւացնելու ճանապարհով:
Իսկ ՀՀ պետական բյուջեի եկամտային մասը կանխատեսվել է 2019-ին` 1 տրլն 454 մլրդ դրամի չափով: Նկատենք, որ 2018 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմում են 1,308 տրլն դրամ, որի աճը, նախորդ տարվա համեմատ, շուրջ 100 միլիարդ դրամ է կամ 8,2 տոկոս: Ծախսերը կազմում են 1,465 տրլն դրամ, իսկ աճը, նախորդ տարվա համեմատ, շուրջ 105 մլրդ դրամ: Իսկ ահա 2019 թվականի համար պետական բյուջեի նախագծով եկամտային մասը ընթացիկ տարվա համեմատ կանխատեսվում է ավելի քան 150 մլրդ դրամի աճ: Ստացվում է, որ 2019 թվականին պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի աճերը, նախորդ տարվա համեմատ, ընդամենը 3,5 տոկոսային կետով են գերազանցում այս տարվա նույն ցուցանիշները: Բայց մասնագետները պնդում են, որ դա էական չէ, քանի որ, նրանց խոսքերով, մեր երկրի տնտեսության մեջ դեռ ամբողջությամբ չի վերացել ստվերը: Մինչդեռ այն մեծ ազդեցություն կունենար բյուջեի եկամուտների ու ծախսերի ավելացման համար:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մտադիր է հաջորդ տարում աշխատանքներ տանել պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտների ապահովման ուղղությամբ: Նախատեսվում է շարունակել հարկային եւ մաքսային մարմինների ՏՏ ենթակառուցվածքների կատարելագործման աշխատանքները: Նաեւ կառավարությունը խոստանում է, որ հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները հաջորդ տարում, ինչպես նաեւ ՊԵԿ գործունեությունը, կլինեն թափանցիկ եւ հաշվետու:
Բացի այս, 2019 թվականի բյուջետային մուտքերը մաքսատուրքի գծով գնահատվել են 88.9 մլրդ դրամ: Այս դեպքում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ սկսած 2015 թվականից պետական բյուջե մուտքագրվող մաքսատուրքերի գերակշիռ մասը ձեւավորվում է ԵՏՄ անդամ պետությունների համար նախապես սահմանված մաքսատուրքերի վերաբաշխումների դրույքաչափերին համապատասխան: Ի դեպ, ԵՏՄ անդամ երկրների համար ճշգրտված ներմուծման աճը, ներառյալ փոխարժեքի արժեզրկումը, կանխատեսվել է 5.6 տոկոս, որն էլ կիրառվել է ընթացիկ տարվա համար մաքսատուրքերի սպասողական 84.1 մլրդ. դրամ մեծության վրա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ ԵՏ ՉՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքում շարունակվում է համայնքի ավագանու 9 անդամներից 5-ի, համայնքի բնակիչների մի ստվար մասի եւ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հակամարտությունը: Նրանք պահանջում են 2008 թվականից Ազատամուտը ղեկավարող, ՀՀԿ անդամ Ժ. Մարտիրոսյանի հրաժարականը:
Վերջինս ասում է, որ ինքն ընտրված համայնքապետ է, չի պատրաստվում հրաժարական տալ: Ժ. Մարտիրոսյանի նկատմամբ ինքնիրավչության, համայնքի բնակչուհիներից մեկի առանձնատունը խլելու հոդվածով քրեական գործ է հարուցվել, ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել: Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր կապ հաստատել Մարտիրոսյանի հետ, սակայն նա չէր պատասխանել մեր հեռախոսազանգերին: Երեկ, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց զրուցել նրա հետ: Ժ. Մարտիրոսյանն ասաց, որ ինքը հոկտեմբերի 8-ից գտնվում, բուժվում է Երեւանի թիվ 1 համալսարանական կլինիկայում, ոստիկանները տեղյակ են այդ մասին, այցելել են այդ հիվանդանոց: Ժ. Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով ցույցերին ակտիվորեն մասնակցել են Ազատամուտի միջնակարգ դպրոցի աշակերտները, դպրոցի տնօրինությունը: Երկար ժամանակ այդ դպրոցում դասադուլ է եղել, երեխաները մասնակցել են նաեւ միջպետական ավտոճանապարհի փակման գործողությանը: Այդ ամենը կատարվել է Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Լարիսա Հակոբյանի համաձայնությամբ: Օրինակ, Ժ. Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով Ազատամուտի դպրոցում սեպտեմբերի 28-ին դասադուլ է եղել, այդ օրը Ազատամուտում կայացած բողոքի ցույցի ժամանակ ելույթ է ունեցել գյուղի դպրոցի տնօրեն Լարիսա Հակոբյանը, աշակերտները ծափահարել են նրա ելույթը: Տեղի ունեցած դասադուլների պատճառով Ազատամուտի դպրոցի աշակերտները ետ են մնացել ուսումնական ծրագրից:
Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հոկտեմբերի 10-ին այցելել է Ազատամուտի դպրոց, ուր այդ օրը դասերը լիարժեք կայացել են: Մարզպետը զրուցել է ուսուցիչների եւ աշակերտների հետ: Ուսումնական ծրագրից հետ չմնալու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչեւ այս կիսամյակի ավարտը 9 շաբաթ օրերն Ազատամուտի դպրոցի համար կլինեն աշխատանքային եւ կլրացվեն բաց թողնված դասերը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
Ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում, այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ Խանդոյանին Եռաբլուրում հուղարկավորելու հարցով «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը դիմել էր ՊՆ-ին եւ դրական պատասխան ստացել: Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը, ով առավել հայտնի է Միայնակ Գայլ անունով, մահացել է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գյումրիում, նախնական տվյալներով` սրտի կաթվածի հետեւանքով:
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը պարգեւատրվել էր Արցախի եւ ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգեւով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» եւ այլ շքանշաններով: Նա կալանավորվել էր 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ գրավելու, պատանդ պահելու եւ զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով: 2018թ. օգոստոսի 18-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Խանդոյանի խափանման միջոց կալանավորումը. նա ազատ էր արձակվել պատգամավորների անձնական երաշխավորությամբ:




Լրահոս