ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ` ԱՅՍՕՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եվ այս պարագայում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ ահա արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սահմանադրությունում հետաքրքիր լուծումներ են թաքնված: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընտրություններից հետո գործելու է Սահմանադրության 149-րդ հոդվածը, որը սահմանում է. «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»: Իսկ սա նշանակում է, որ եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքները լինեն Երեւանի ավագանու ընտրությունների պես ակնհայտ տարբերությամբ, ապա մեծամասնության թեկնածուն, այս դեպքում` Նիկոլ Փաշինյանը, իրավունքի ուժով է դառնալու ՀՀ վարչապետ, ճիշտ այնպես, ինչպես եւ Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ՝ առանց ավագանիների կողմից ընտրության:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին համաներման նախագծի շուրջ աշխատող իրավաբանների քննարկումներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հաշվի առնելով, որ վերջին` 2013 թվականի համաներմամբ պատժից ազատել են այն անձանց, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակված եղել` ապա ներկայումս որոշել են մեկ տարով էլ շեմը բարձրացնել: Իրավական ոլորտում ակտիվ քննարկումներ են, որպեսզի համաներումը տարածվի նաեւ ՀՀ իրավապահների կողմից բացահայտված «հանցավոր երկու խմբերի»` «Սասնա Ծռերի» եւ «Նորք-Մարաշ» բանդայի գործով մեղադրյալների վրա: Արդյունքում որոշում է կայացվել` համաներում չի տարածվի այս երկու խմբերի այն անձանց վրա, որոնք մեղադրվում են սպանության մեջ:

 

 

 

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ հանդիպում է ունեցել «Վալլեքս» խմբի ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանի հետ: Հիշեցնենք, որ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը, իսկ պատճառն էլ վարկային պարտավորություններն են, որոնք ընկերությունը չի կարող մարել: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մեջլումյանը ցանկանում էր հասնել նրան, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 380 մլն դրամի չափով տուգանքը չեղարկվի: Սակայն մեր տեղեկություններով` երեկվա հանդիպումն անպտուղ է եղել: Գործարանի հետագա գործունեության ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարության ներկայացուցիչները գործարարի հետ նախատեսում են հանդիպում ունենալ նաեւ այս ուրբաթ:

 

 

 

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը ցուցմունք է տվել Բաղրամյան պողոտայում եւ Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նշել է, թե Երանոսյանն իր կողմից ընդամենը մեկ հատ նռնակի կիրառման դեպք է հիշում: Պաշտպանի խոսքով, սակայն, փորձ է արվում բոլոր նռնակների կիրառման պատասխանատվությունը թողնել Երանոսյանի վրա. «Ասում են, որ նա 4 հատ ԶԱՐՅԱ նռնակ է կիրառել, որի արդյունքում ցուցարարները տարբեր աստիճանի վնասվածք են ստացել, եւ ընդհանուր առմամբ 4 նռնակ է կիրառվել: Այսինքն` այստեղ պարզ է` եթե միայն Լեւոն Երանոսյանն է կիրառել, ապա վատ հետեւանքների համար պատասխանը կրում է Լեւոն Երանոսյանը», – փոխանցեց պաշտպանը:

 

 

 

ՏԱՐԱՆ ՄՈՍԿՎԱ
Հոկտեմբերի 29-30-ը Երեւանում պետք է անցկացվեր ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերը: Ընդ որում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ Աժ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը վստահեցրել էր, թե շատ ակտիվորեն մասնակցելու է երեւանյան լիագումար նիստերին: Առհասարակ, վերջին ժամանակներս խորհրդարանը շատ ակտիվ էր պատրաստվում այդ նիստին:
Սակայն երեկ պարզ դարձավ, որ այդ նիստերը կանցկացվեն ոչ թե Երեւանում, այլ Մոսկվայում, իսկ պատճառն էլ հենց վարչապետի հրաժարականի հանգամանքն է: Մասնավորապես, Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը լրագրողներին հայտնել է, թե տրամաբանական չէ այդ նիստերն անցկացնել արդեն կարծես թե չգործող խորհրդարանում: «Այդ պատճառով էլ նիստերը հանգիստ կանցկացվեն Մոսկվայում: Իսկ երբ Հայաստանում ամեն ինչ կարգավորվի, բոլորի հետ էլ կհամագործակցենք», – նշել է նա:
Սա, իհարկե, այնքան էլ մեզ ձեռնտու չէ, քանի որ վերջին շրջանում ռուսական կողմը մշտապես խոսում էր քիչ համագործակցության մասին, եւ Հայաստան այցելած ռուս պաշտոնյաներն էլ, կարծես թե, միայն խորհրդարանական ձեւաչափով էին հանդիպումներ ունենում: Եվ սա իրական հնարավորություն էր հանդիպել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին: Սակայն ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ այդ նիստերը պարզապես տեղափոխվեցին: Եվ ստացվում է, որ մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու դրան հետեւող իրադարձությունները Նիկոլ Փաշինյանը լինելու է ժամանակավոր պաշտոնակատարի դերում եւ հնարավոր է` այլ նիստեր եւս չանցկացվեն կամ այլ պաշտոնյաներ եւս չցանկանան բանակցություններ անցկացնել պաշտոնակատարի հետ կամ հանդիպումներ ունենալ գրեթե այլեւս չգործող խորհրդարանի ներկայացուցիչների հետ` չնայած այն հանգամանքին, որ այս խորհրդարանն իր լիազորությունները շարունակելու է մինչեւ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը: Բայց արի ու տես, որ ռուսական կողմին այդ տարբերակը դուր չի գալիս, եւ նրանք նման ձեւաչափի կողմնակից չեն:
Եվ սա էլ նշանակում է, որ փաստորեն ամեն ինչ սկսվում է զրոյից, եւ այսօրվանից կառավարության ներկայացուցիչները` վարչապետի գլխավորությամբ, դառնում են պաշտոնակատարներ, եւ մինչ տարեվերջ Հայաստանը գտնվելու է ներքաղաքական թոհուբոհի մեջ: Եվ արդյունքում կարող են տուժել արտաքին քաղաքականության հետ կապված կարեւոր հարցերը:




Լրահոս