Ո՞Վ ՀԵՌԱՑՐԵՑ ԱՐՑԱԽԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի վերջո, ո՞վ Արցախը հեռացրեց բանակցային սեղանից։ Գաղտնիք չէ, որ այս հարցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները մեղադրում են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ հակառակը՝ ՀՀ առաջին նախագահի թիմակիցները՝ Քոչարյանին։

Օրեր առաջ «Հայոց Աշխարհ» թերթի հետ զրույցում այս հարցին անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանը եւ սլաքներն ուղղեց կրկին դեպի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Անդրադառնալով ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին հայտարարություններին` Քոչարյանը նշել էր. «Իհարկե, պետք է ձգտել Արցախը վերադարձնել բանակցային գործընթաց: Եվ, նկատեմ` վերջին անգամ Արցախը բանակցային սեղանի շուրջ եղել է 1996 թվականի նոյեմբերին` Մինսկի խմբի շրջանակներում Հելսինկիում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ: Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահ ես դարձել եմ 1998 թվականին»: Այսինքն, ըստ էության, նա նշում է, որ մինչեւ իր նախագահ դառնալն արդեն իսկ Արցախը չի եղել բանակցային սեղանին, եւ վերջին 20 տարիների ընթացքում մենք սխալ տեղեկության ենք տիրապետել:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ, ով այս հարցի գիտակ է եւ մանրամասներ հիշեց տարիներ առաջ տեղի ունեցած բանակցային գործընթացից: «1992-1994թթ. բանակցություններն ընթանում էին պատերազմական գործողություններին զուգահեռ: Եվ Մինսկի խմբի ու Ռուսաստանի խաղաղարար ջանքերն այդ տարիներին առաջին հերթին ուղղված էին կրակի դադարեցմանը: Ընդգծեմ, որ սկզբնական շրջանում ԼՂ-ն մերժում էր բանակցություններին մասնակցել, քանի որ չէր հստակեցվում նրա կարգավիճակը: Եվ միայն Երեւանի հորդորներից հետո Ստեփանակերտը ներգրավվեց բանակցություններում», – հիշեց նախկին համանախագահը:
Նրա խոսքով` մայիսյան հրադադարից հետո` մինչեւ 1996թ., բանակցությունները հիմնականում տեղի էին ունենում Մոսկվայում եւ եռակողմ ֆորմատով` Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ: «Այս բանակցությունների ընթացքում երբեք չի քննարկվել ԼՂ կարգավիճակի հարցը, այլ միայն զինված հակամարտության հետեւանքների վերացումը: Ընդ որում, սեղանն ուղղանկյունաձեւ տեսք ուներ. համանախագահների աջ կողմում Լեռնային Ղարաբաղն էր, ձախ կողմում` Արբեջանը, իսկ մեր դիմաց` Հայաստանը: Արդեն 1996-ի դեկտեմբերին ԼՂ կարգավորման հարցում ներկայացվեց երեք կետանոց մի փաստաթուղթ, որում ընդունվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու նրա կազմում ԼՂ-ի բարձր ինքնավարությունը: 1997թ. գարնանը, երբ Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ` Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան ձեւաչափով բանակցությունների վերջին փուլը, հայկական կողմը լքեց բանակցությունները, քանի որ Ադրբեջանը պնդեց կարգավորման հիմք ընդունել 1996-ի Լիսաբոնյան երեք սկզբունքները», – նշեց նա` հավելելով, որ 1997-ի գարնանից առ այսօր եռակողմ ձեւաչափով բանակցություն տեղի չի ունեցել, ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին դադարեցվել է:
Այսինքն` ըստ էության, 1997-ից առ այսօր եռակողմ հանդիպում չի եղել: Սակայն Կազիմիրովը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ռոբերտ Քոչարյանը հենց Արցախից եկավ եւ դարձավ նախագահ եւ, ըստ էության, միջազգային հանրության մոտ նա ընկալվում էր նաեւ որպես Արցախի ներկայացուցիչ:
Հավելենք, որ արդեն 1999-ի գարնանը Վաշինգտոնում սկիզբ դրվեց Քոչարյան-Ալիեւ երկկողմ բանակցություններին: Սակայն նախագահների մակարդակով երկկողմ ձեւաչափով բանակցություններ են տեղի ունեցել նաեւ անցյալում. Տեր-Պետրոսյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ինչպես Այազ Մութալիբովի, Աբուլֆազ Էլչիբեյի, այնպես էլ` Հեյդար Ալիեւի հետ:
Սակայն այստեղ մեկ հետաքրքիր հանգամանք եւս կա, որի մասին մշտապես բարձրաձայնել են նաեւ Կոնգրեսի ներկայացուցիչները: Մասնավորապես, այդ տարիներին երբ պաշտոնական առաջարկներ էին լինում, դրանք ուղարկվում էին երեք մայրաքաղաքներ: Այդպես է եղել նաեւ 1998 թվականին: Այսինքն, պաշտոնական փաստաթղթերով նաեւ ապացուցված է, որ 1998-ին դեռ Ղարաբաղի հետ վարվում էին որպես պաշտոնապես բանակցող կողմ: Եվ արդեն քիվեսթյան բանակցությունների ժամանակ ընդհանրապես պաշտոնական առաջարկ չի տրվել Ղարաբաղին:
Ահա այսպես, Արցախը կամաց-կամաց դուրս է մնացել բանակցություններից: Ու կարելի է ասել՝ այդ գործընթացը եղել է փուլային տարբերակով: 1-ին փուլը արձանագրվել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, իսկ փաստաթղթային մասով էլ բանակցությունները շարունակաբար դադարեցվել են արդեն Ռոբերտ Քոչարյանի օրոք: Այդ ժամանակ համանախագահները Հայաստան այցելելիս մշտապես Արցախ են մեկնել: Բայց, անկախ ամեն ինչից, իրավիճակը նշանակում է, որ ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ նախագահները հավասարապես մեղավոր են Արցախի՝ բանակցային սեղանից դուրս մնալու համար, եւ ամենեւին պետք չէ պատասխանատվությունը միմյանց վրա գցել:
Հիմա Նիկոլ Փաշինյանին եթե հաջողվի բանակցային գործընթացում ներգրավել Արցախին, նշանակում է՝ պատմական իրողություն կունենանք:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Ո՞ՐՆ Է ԽԱԽՏՈՒՄ
ՀՀ Կառավարության եւ Ազգային ժողովի ջրերը շարունակում են նույն առվով չհոսել: Բավական չէ` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չհամաձայնեց Համաներման մասին նախագիծը ներառել հոկտեմբերի 29-ին մեկնարկող արտահերթ նիստի օրակարգ, եւ կառավարությունը ստիպված իր նախաձեռնությամբ մեկ այլ օր արտահերթ նիստ հրավիրեց, հիմա էլ այդ նույն նախագծի շուրջ այլ իրավիճակ է ստեղծվել: ԱԺ կայքում արդեն մի քանի օր է` հրապարակված է Համաներման մասին նախագիծը, այնինչ դա համարվում է գաղտնի փաստաթուղթ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում նշել էր. «Համաներման մասին նախագիծն առայժմ պետք է չհրապարակվեր, քանի որ ԱԺ-ում այն քննարկվում է փակ ռեժիմով: ԱԺ կանոնակարգ օրենքի հետ հակասություն է եղել, երբ հրապարակվել է Համաներման մասին նախագիծը, որովհետեւ այն քննարկվում է փակ ռեժիմով»։ Միեւնույն ժամանակ եթե առաջնորդվենք ԱԺ կանոնակարգ-օրենքով, ապա Համաներման մասին նախագիծը չպետք է քննարկվի արտահերթ նիստում: Մասնավորապես, ԱԺ կանոնակարգ-օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ կետում ասվում է. «Համաներման մասին օրենքի նախագիծը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի փակ նիստում», իսկ 3-րդ կետն էլ սահմանում է. «Իրավասու մշտական հանձնաժողովի եզրակացության ներկայացման ժամկետի լրանալուց հետո Համաներման մասին օրենքի նախագիծը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում»:

 

 

ԿԴԱԴԱՐԵՑՆԻ՞ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ
Մութ ամպեր են կուտակվել մանկապատանեկան ամսագրերի գլխին: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի տեսադաշտում են հայտնվել թվով 7 մանկապատանեկան ամսագիր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ նախարարի ԺՊ-ն հանդիպել է ամսագրերի խմբագրերի հետ: Իսկ մինչ այդ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում դպրոցների եւ մանկապարտեզների սաների ծնողներից հետաքրքրվել է՝ ծանոթ են արդյոք «Լուսապսակ», «Խատուտիկ», «Փերի», «Աղբյուր», «Ծիծեռնակ», «Խաբարբզիկ», «Կանչ» մանկապատանեկան ամսագրերին կամ թերթերին: Նրա խոսքերով` այս պարբերականներին պետբյուջեից վճարվում է 44 մլն դրամ. «Ըստ էության` ամբողջությամբ սուբսիդավորում է դրանք, բայց արդյունավետության հարցում կան վերապահումներ»- գրել է նա: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց «Փերի» ամսագրի խմբագիր Էլմիրա Բալասանյանի հետ. «Սյունիքի մարզի միակ մանկական թերթն է, ունի լրիվ սպառում: Վճարում են 100 դրամ, բայց թերթի ինքնարժեքը շատ ավելին է»: Հարցին` կփակվի արդյոք ամսագիրը, նա արձագանքեց. «Եթե նույնիսկ չտան սուբսիդավորում, սյունեցին ընթերցասեր է, գիր ու գրականություն սիրող, նա չի թողնի երբեք, որ իր թերթը փակվի: Անձամբ ես` որպես խմբագիր-տնօրեն, կգտնեմ այլ հնարավորություններ եւ թերթը կպահեմ»:

 

 

ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ԲԱՑԱՌԵԼ Է
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից իրենց նախընտրական ցուցակում ընդգրկվելու առաջարկ չկա, քննարկում չի եղել այս հարցով: «Եթե որեւէ ցուցակով խորհրդարանական գործունեություն իրականացնելու առաջարկ լիներ, բացառվում է, որ ընդունեի: Ես խորհրդարանական գործունեության մեջ ինձ սկզբունքորեն չեմ տեսնում, երբեւէ, որեւէ ֆորմատով»,-հայտնել է նա: Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր է` ՔՊ նախընտրական ցուցակում լինեն 2-3 հանրապետականներ: Գեւորգ Կոստանյանը չի բացառում «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունը, բայց բացառապես մասնագիտական առումով. «Ես բազմիցս ասել եմ, որ պատրաստ եմ իմ համեստ ներդրումն ունենալ երկրի բարօրությանն ուղղված ցանկացած ֆորմատով, բայց բացառապես մասնագիտական, ոչ քաղաքական»:

 

 

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ
Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի` ՀՅԴ-ն երբեք գաղտնի քաղաքական գործընթացների չի մասնակցում, քանի որ մեր հավատամքն այլ է: Խմբակցության ղեկավարի խոսքով` եթե դու իրավացի ես, ապա այդ ճշմարտության մասին պետք է հայտնես հանուն հետապնդվող նպատակի: «Մենք չենք մասնակցել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի կրկնակի քննարկման համար արտահերթ նիստ անցկացնելու ստորագրահավաքին, քանի որ մեր երեք առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել: Հիմա իրենց հերթն է: Թող ասեն, թե ինչու են անտեսել մեր առաջարկները»,-նշել է Ա. Ռուստամյանն ու հիշեցրել, որ իրենք ինքնուրույն կմասնակցեն:

 

 

ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով` Հանրապետականը (ՀՀԿ) լինելու է արմատական-կառուցողական ընդդիմություն: Ըստ նրա` ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին կմասնակցի քաղաքական ցուցակով: Հարցին, եթե մասնակցեք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա ցուցակը կգլխավորի Սերժ Սարգսյանը, խմբակցության ղեկավարը պատասխանել է. «Որեւէ բան առայժմ չենք կարող ասել, քննարկումից հետո դրա մասին կխոսենք»: Գործարարներ այլեւս չե՞ք ընդգրկի, ինչպես միշտ արել եք. այս հարցին ի պատասխան` նա հայտնել է. «Քաղաքական զարգացումների արդյունքում այս ճանապարհում մենք այդ քայլերը կատարում ենք, առավել եւս մենք ընդդիմադիր կերպարով ենք հանդես գալիս եւ պետք է որպես ընդդիմություն հանդես գանք, եւ մեր ցուցակը կլինի հարիր ընդդիմադիր ցուցակ»:

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Հոկտեմբերի 31-ին` ժամը 11-ին, կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ. օրակարգի միակ հարցն է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» կառարավարության ներկայացրած նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի ժպ Արտակ Զեյնալյանը վերջերս հայտնել է, որ մեծ համաներում է սպասվում: «Սա մարդասիրական ակտ է, մարդասիրական ակցիա է, որը իրականացվում է այս իրադարձությունների լույսի ներքո: Կառավարությունը հանրության անունից այս ժեստը անում է իր նկատմամբ ոտնձգություն իրականացրած մարդկանց համար»,-ասել է նախարարը:




Լրահոս