Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադից վերադառնալուց հետո խոսել է առաջնությունում նվաճած արծաթե մեդալի մասին: «Աշխարհի առաջնության արծաթե մեդալը շատ մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր մարզիկի համար: Ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես ծրագրել էինք: Անձնական քաշս ավելացրել եմ, դրա արդյունքում հրում վարժության կիլոգրամներս բարելավել եմ: Դա շատ կարեւոր էր ինձ համար, քանի որ հրում վարժությունից էի սովորաբար տուժում: Հիմա այս վարժությունում ավելի եմ ուժեղացել»,-ասել է Գոռ Մինասյանը:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմում հաջող էր հանդես եկել նաեւ Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն, 21-ամյա Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), որը դարձել է աշխարհի չեմպիոն: «Տպավորությունների մասին կասեմ, որ ինչի համար գնացել էի աշխարհի առաջնության, դրանով վերադարձա: Շատ ուրախ ու հպարտ եմ դրա համար: Ռեկորդի մասին կասեմ, որ դա քրտնաջան աշխատանքի արդյունք էր, որի համար ես պատրաստվել էի: 8 տարի առաջ չէի կարող պատկերացնել, որ ես եմ լինելու հաջորդ աշխարհի չեմպիոնը Հայաստանից: Այս հաղթանակն ինձ տալիս է մոտիվացիա, որպեսզի հաջորդ տարիներին կրկնեմ ու գերազանցեմ իմ արդյունքները»:
«ՍՈՍԵ»-Ն ԿՑՈՒՑԱԴՐՎԻ
«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրում կցուցադրվի ռեժիսոր Մարթա Հաուզկիի «Անապատի ագռավները. հերոսի ճանապարհորդությունը Հայոց ցեղասպանության միջով» վավերագրական ֆիլմը: Նկարահանումներն ավարտվել են 2016թ.: Մեկ ժամ տեւողությամբ վավերագրական ֆիլմի հիմքում Լեւոն Յոթնախպարյանի հիշողություններն են: Սա անհավանական թվացող, բայց իրական պատմություն է մի մարդու խիզախ պայքարի մասին, ով «կռիվ» էր տալիս ոչ միայն ողջ մնալու, այլեւ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկված իր երիտասարդ հայ ընկերներին օգնելու համար: Ֆիլմն անդրադառնում է նաեւ այդ տարիներին հրեաների` հայերին օգնելու փաստին: Ֆիլմի ցուցադրությունն ու գրքի շնորհանդեսը նախատեսված է «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի ընթացքում` նոյեմբերի 21-ին: Ներկա է լինելու Լեւոն Փարյանը, որն աջակցել է նաեւ ֆիլմի ստեղծմանը:
ՀՐԱՎԻՐՎԵԼ Է
Ըստ «Բանանց»-ի պաշտոնական կայքի` «Բանանց»-ի պաշտպան Նարեկ Պետրոսյանը եւս հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: Հավաքականը նոյեմբերի 12-20-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք` Ազգերի լիգայի մրցաշարի շրջանակներում անցկացնելով հանդիպումներ Ջիբրալթարի եւ Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան նոյեմբերի 16-ին եւ 19-ին: