Գաղտնիք չէ, որ Հայաստանի առաջնային խնդիրներից մեկը տարիներ շարունակ եղել է աներեւակայելի չափերի կոռուպցիան: Անգամ ՀՀԿ-ն իր իշխանության օրոք խոսում էր կոռուպցիայի առկայության մասին, հայտարարում դրա դեմ պայքար, նույնիսկ տարբեր հանձնաժողովներ ձեւավորում, բայց միեւնույն է, ցուցադրական քայլերից այն կողմ նրանք չէին անցնում: Եւ ինչպես թավշյա հեղափոխությանը հաջորդած բացահայտումներն են վկայում, ՀՀԿ իշխանության տարիներին կոռուպցիան գնալով ավելացել է: Հիմա հետաքրքիր է՝ ի՞նչ ծրագրեր են այս ուղղությամբ առաջարկում դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրութունների մասնակից քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը:
Հետաքրքիր է, որ 11 ուժերից 7-ն են միայն իրենց ծրագրերում անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարին եւ որոշ դրույթներ ներկայացրել: Անդրադառնանք այդ դրույթներին ըստ քաղաքական ուժերի համարների հերթականության:
Օրինակ` Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի մասին ոչ մի անդրադարձ չկա: Սա, հավանաբար, այն պատճառով, որ ՀՀԿ-ն իշխանություն վերադառնալու հույս չունի, հետեւաբար, չի ունենա լծակներ այդ գործը կազմակերպելու համար: Եւ բացի այդ՝ ՀՀԿ իշխանության տարիներին կոռուպցիան այն աստիճան շատ է եղել, որ հիմա նրանց կողմից դրա դեմ խոսելը ծաղրի է նման:
Նոր իշխանությունները՝ «Իմ քայլը» դաշինքը, առաջարկում է ստեղծել անկախ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին: Դաշինքը գտնում է, որ, իրենց համոզմամբ, կոռուպցիոն ցանկացած գործարք նվազեցնում է մասնավոր ընկերությունների արտադրողականությունը, խաթարում է ազատ մրցակցությունն ու սոցիալական արդարությունը եւ հանգեցնում է հանրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործմանը: «Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու համար կոռուպցիայի բոլոր դրսեւորումների համար համապատասխան սահմանումներ ու սանկցիաներ ենք սահմանելու օրենսդրությամբ: Կոռուպցիայի կանխարգելման համար մեծ նշանակություն ենք տալու կոռուպցիայի համար պատիժների խստացմանը»,-նշված է դրույթներից մեկում:
Ի դեպ, «Իմ քայլը» դաշինքի առաջարկած լուծումների հետ համընկնում են նաեւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ծրագրի առաջարկները: Կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացման համակարգից պետք է անցում կկատարվի կենտրոնացված համակարգի. ստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մասնագիտական մարմին, որը իր գործունեությունը կիրականացնի հակակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման եւ պատժի անխուսափելիության հենասյուների հիման վրա: Այս հատվածի համաձայն` պետք է բարելավվի նաեւ գույքի, եկամուտների եւ շահերի բախման հայտարարագրման համակարգը: Այդ նպատակով նրանք առաջարկում են վերանայել ու ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց ցանկը, ինչպես նաեւ հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսված պատժամիջոցները:
ՀՅԴ-ի նախընտրական ծրագրում եւս առկա է դրույթ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Նրանք առաջարկում են ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին, որը պետք է զբաղվի կոռուպցիայի աղաղակող եւ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող դեպքերում, այլ ոչ թե աշխատանքի պատրանք ստեղծի:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրում եւս անդրադարձ կա կոռուպցիայի դեմ պայքարին: Կուսակցության ծրագրում նշված է, որ Հայաստանում ժողովրադավարացման, տնտեսության զարգացման եւ բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացների արգելակման հիմնական պատճառներից մեկը կոռուպցիան է՝ իր բոլոր դրսեւորումներով:
Հակակոռուպցիոն պայքարին որեւէ անդրադարձ չկա նաեւ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրում:
Իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցութան ծրագրում էլ նշվում է, որ կոռուպցիայի ու հովանավորչության դեմ իրական պայքարի իրականացում է պետք եւ քրեական պատժի խստացում պաշտոնատար անձանց կողմից տվյալ հանցագործությունների կատարման դեպքում։ «Մեր համոզմամբ` կաշառակերության դեմ պայքարի կարեւոր տարրերից է օրենսդրության կատարելագործումը այն հաշվով, որ բացառվեն կոռուպցիոն ռիսկեր ստեղծող իրավակարգավորումները եւ կրճատվեն հայեցողական լիազորությունները»,- ասված է ծրագրում։
«Մենք» դաշինքն իր ծրագրով նախատեսում է պայքար կոռուպցիայի, մենաշնորհների եւ ստվերի դեմ: Նրանք նախատեսում են ունենալ Էապես բարեփոխված հանրային կառավարում: Նախատեսվում է նաեւ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետ կառուցակարգերի ներդրում՝ հաշվի առնելով միջազգային փորձը եւ չափանիշները: Ծրագրում նշվում է. «Պետք է վերացնել ստվերը՝ բյուջետային եկամուտները ավելացնելով 600 միլիոնից մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլարով: Դա իր հերթին նշանակում է՝ բյուջետային ծախսերը բնակչության մեկ շնչի հաշվով կարող են ավելանալ 200-300 ԱՄՆ դոլար կամ միջին ընտանիքի հաշվով՝ 800-1200 ԱՄՆ դոլար: Մենաշնորհների եւ օլիգոպոլիաների վերացում, բիզնեսից պետական իշխանության տարանջատում՝ դադարեցնելով պետական խտրական եւ հովանավորչական քաղաքականությունը, խստացնել տնտեսական մրցակցության օրենսդրությունը»:
ՕԵԿ-ն իր ծրագրում եւս համանման դրույթներ ունի: Մասնավորապես ծրագրում նշվում է կոռուպցիայի եւ գանձագողության դեմ պայքարի ուժեղացման, երկրից ապօրինի դուրս բերված գումարների վերադարձի եւ ապօրինի հարստացման դեմ պայքարի իրական մեխանիզմների ներդրման մասին:
Կոռուպցիայի դեմ պայքարին անդրադարձ չկա նաեւ «Սասնա Ծռեր» եւ ԲՀԿ կուսակցությունների ծրագրերում: Չնայած երեկ` հեռուստաբանավեճի ժամանակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհ որպես մատնանշեց մարդկանց եկամուտների բարձրացումը:
Ամփոփելով կարող ենք նշել, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից միայն երկուսն են համակարգային քաղաքականություն ներկայացրել եւ պայքարը դիտարկում են երեք քայլերի ամբողջականություն` հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում եւ պատժի անխուսափելիություն: Եվ այս պարագայում համընկնում են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության եւ «Իմ քայլը» դաշինքի ծրագրերը: Իսկ մյուսներինը տրիվիալ հայտարարություններից այն կողմ չեն անցնում:
Նաիրա Հովհաննիսյան