0038 հրամանի կոնտեքստում ՀՀ ԶՈւ մի շատ մեծ հատված ներգրավված է եղել պրոցեսներին, հիմա ի՞նչ եք առաջակում՝ ԶՈւ այդ հատվածը կտրե՞նք, նման բան լինել չի կարող։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի՝ վարչապետի խորհրդական նշանակվելու հետ կապված դժգոհություններին:
«Մենք այսօր խոսում ենք «Մարտի 1-ի» իրադարձություններում ԶՈւ ներգրավվածության մասին, չէ՞. այդ ԶՈւ-ում ներգրավված ու ներգրավվող մարդկանց 90 տոկոսն այսօր էլ շարունակում է ծառայել ԶՈւ-ում։ Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմի հետ կապված մեղադրանքներին, պետք է ևս մեկ անգամ ասեմ, որ եթե ինչ-որ հայտարարություն բանավոր հնչում է, դա դեռ չի նշանակում, որ դա դատավճիռ է»,-նկատեց նա:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ինքն Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված հարյուրավոր գաղտնի նյութեր է կարդացել: Նրա խոսքով, նյութերում ոչինչ չկա, որը կխոսի հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանի թեկնածությունն իրեն ոչ մեկը չի առաջադրել. որոշում կայացրել է ինքը։