«Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրեն Ներսես Շիրինյանի շուրջ աղմկահարույց պատմությունները շարունակվում են: Իրավապահները թմրամիջոց պահելու համար նրան մեղադրանք են առաջադրել:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017թ. դեկտեմբերի 29-ին` ժամը 16:45-ի սահմաններում, Ներսես Շիրինյանի BMW մակնիշի ավտոմեքենան Երեւան քաղաքի Վարդանանց-Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում արգելված վայրում կայանելու հարցի շուրջ վիճաբանել է ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների հետ, ապա դիմելով փախուստի, Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ գրպանից հանել է կտորից դրամապանակը եւ նետել գետնին:
Դեպքի վայրի զննությամբ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները հայտնաբերել եւ վերցել են կտորից դրամապանակը, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային փաթեթ խոշոր չափերով` 0,44 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Շիրինյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2018 թվականի սեպտեմբերի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, սակայն Շիրինյանը այս պատմությունից չոր դուրս եկավ: Նրա վրա տարածվել է համաներումը, եւ գործի վարույթը կարճվել է:
Դատելով իրավիճակից` եթե իրավապահները Ներսես Շիրինյանի այս արարքի համար պատասխանատվության կանչեին, ապա նոյեմբերի 2-ին տեղի չէր ունանա այն, ինչ եղավ : Հիշեցնենք` Նոյեմբերի 2-ին` ժամը 18:10-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Հանրապետության եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` կրակոցների կիզակետում է եղել «Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրեն Ներսես Շիրինյանը: Դեպքի վայրից իրավապահները հայտնաբերել են նաեւ ատրճանակ, որը, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր պարզել, ժամանակին նվիրել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Ու ստացվում է, որ ԼՂՀ նախկին նախագահի նվիրած զենքից կրակոցներ են արձակվել, ու այդ զենքը տիրոջ հետ միասին հայտնվել է միջադեպերի կիզակետում:
Քնար Մանուկյան