ՀՔԾ-ն մերժել է Սամվել Մայրապետյանին խիստ անհրաժեշտ բուժումը Գերմանիայում կազմակերպելու հնարավորությունը:
ՀՔԾ քննիչը բանավոր մերժել է Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի՝ Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու դիմումը, որի գրավոր պատասխանը դեռևս չկա: Սամվել Մայրապետյանը կարիք ունի շտապ բժշկական միջամտության Գերմանիայում՝ կյանքի ցուցումով:
Մի շարք անվանի վիրաբույժներ, հրավիրված կոնսիլիումի արդյունքում, կարծիք են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել ու տրամադրել մասնագիտացված բուժում, քանի որ <<Հայաստանի Հանրապետությունում բացակայում է տրանսլյումինալ դրենավորման տեխնիկան>>։
Ստեղծված իրավիճակում միակ ելքը Սամվել Մայրապետյանին շտապ կերպով Գերմանիա տեղափոխելն է: Այն կլինիկայում, որտեղ նախկինում բուժվել է Սամվել Մայրապետյանը ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շտապ կարգով համապատասխան բուժում ստանալու նպատակով։ ՀՔԾ-ից Մայրապետյանի փաստաբանին գրավոր չպատասխանելու պատճառը գուցե կայանում է նրանում, որ ՀՔԾ-ում նախատոնական տրամադրություն է, քանի որ պետական այս մարմինը փակ է մինչև 2019 թվականի հունվարի 8-ը։
Փաստորեն, այնպիսի պայմաններում, երբ անձի կյանքը վտանգի տակ է, ՀՔԾ-ում դիմումին ընթացք չտալու համար կարող են արդարանալ նրանով, որ քննիչները տոնում են Նոր Տարի և Սուրբ Ծնունդ կամ առնվազն՝ նախապատրաստվում տոներին։
Առավել զարմանալի է, երբ պետական այս իրավասու մարմինը, որը կոչված է իրականացնել հանրային ծառայություն, նույնիսկ հերթապահ աշխատակից չունի տոնական օրերին, որը իրավունք կունենա շտապ կարգով ընթացք տալ և պատշաճ ձևաչաձով պատասխանել կյանքի ցուցում պարունակող նմանատիպ դիմումներին։
Նման հանգամանքում միակ հնարավոր ելքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն է։ Հուսով ենք, որ ի պատասխան միջազգային այս ատյանի հաղորդագրությանը Նոր Հայաստանի նորաթուխ իշխանությունները չեն խնդրի նրանց սպասել մինչև հունվարի 8-ը՝ երբ ՀՔԾ պաշտոնատար անձինք տոներից կվերադառնան աշխատանքի։
Այսպիսով, եթե այդ խախտումների արդյունքում Սամվել Մայրապետյանի առողջությանը հասցվի անդառնալի վնաս և նրա կյանքը հայտնվի անխուսափելի վտանգի առաջ, դրա ողջ պատասխանատվությունը կրելու են ՀՀ իշխանությունները։
Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 27-ին դատարանը բավարարել էր Սամվել Մայրապետյանի պաշտպաններիս ներկայացրած միջնորդությունը կալանավորումը 30 միլիոն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ: Դատարանի որոշման համար առանցքային նշանակություն էր ունեցել Սամվել Մայրապետյանի ծանր առողջական վիճակը, որն անհամատեղելի է կալանքի հետ։
Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վատթարացումն արձանագրվել էր դեռ կալանքից նրա ազատումից օրեր առաջ, երբ դատաբժշկական փորձաքննության շրջանակում լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու նպատակով Մայրապետյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Կալանքից ազատվելուց հետո առ այսօր Սամվել Մայրապետյանը շարունակում է մնալ հիվանդանոցում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:
Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ
Երևան
30.12.2018 թ․