Հունվարի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացավ ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանի դատավարության հերթական նիստը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով մեղադրողը՝ ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը, հանդես եկավ մեղադրական ճառով:
Նրա մեղադրական ելույթը տեւեց ավելի քան երեքուկես ժամ: Նա անդրադարձավ քրեական գոծով վկաների նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների հակասություններին: Նա դատավոր Զոյա Զաքինյանին մեղադրեց կանխակալ վերաբերմունքի մեջ այն բանի համար, որ դատավորը մերժել է մեղադրողի ներկայացրած մի միջնորդությունը: Նա իր ելույթի ավարտին դատարանին միջնորդեց Գերասիմ Մարդանյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման, 3 տարի ժամկետով նրան զրկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Ժ. Սիմոնյանի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը այդ նիստի ընթացքում չհասցրեց ելույթ ունենալ: Գերասիմ Մարդանյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի համարում, սույն քրեական գործը համարում է կեղծ, շինծու:
Ոսկան Սարգսյան
Տավուշ