Գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանության գործը մնում է առեղծված, սակայն նրա անվան շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ինքնասպան եղած գործարարից բնակարան գնած հայտնի անձինք դիմել էին դատարան: Մասնավորապես, դատարան էին դիմել ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի դուստրը` Նաիրա Սարգսյանը, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, «Գրանդ Քենդի» հայ-կանադական ՍՊԸ-ի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Վարդանյանը` Հրանտ Վարդանյանի որդին:
Հավելենք, որ ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւս 2016 թվականին հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ ինքնասպան եղած գործարարի ընկերության: Եվ, ահա, երեկ տեղեկացանք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը մերժել է այդ հայցադիմումները:
Դատարանը որոշումը պատճառաբանել է նրանով, որ հայցվորների կողմից դատարանին վերաբերելի ապացույցներ չեն ներկայացվել, որով կհիմնավորվեր, որ անշարժ գույքի բաժանման 06.04.2010թ. պայմանագիրը չի կնքվել օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Քնար Մանուկյան