2019 թվականի մարտի 1-ից Արցախում սրտի անհետաձգելի վիրահատության «Stent for life» ծրագրի զարգացման նպատակով` անվճար, պետական պատվերի շրջանակներում մեկ «ոչ դեղապատ» ստենտի տեղադրումը փոխարինվում է մեկ «դեղապատ ստենտով»: Միաժամանակ հիվանդները երկու ամիս հնարավորություն կունենան հիմնական դեղերի ցանկից ստանալ հակաթրոմբային և հակախոլեստերինային դեղեր:
2018 թվականին աշխատանքներ են տարվել ստենտերի գների նվազեցման ուղղությամբ և արդյունքում հնարավորություն է ստեղծվել այն ձեռք բերել սահմանվածից 70 հազար դրամ ցածր գնով։
Նախորդ տարում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 380 քաղաքացի, որոնցից 272-ը ենթարկվել է կորոնար անոթների անգիոգրաֆիկ հետազոտության, 133 հիվանդի տեղադրվել 164 ստենտ: Տարվա կտրվածքով 86 սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդի կատարվել է կորոնար անոթների անգիոպլաստիկա:
2018 թվականին անգիոգրաֆիայի բաժանմունքում 26 հիվանդի կատարվել է ստորին վերջույթների էնդովասկուլյար միջամտություններ, 9-ի հիվանդի` ստորին վերջույթների անգիոգրաֆիա, 17 հիվանդի տեղադրվել 29 ստենտ: Այս միջամտությունները կատարվել են անգիոգրաֆիայի բաժանմունքի բժիշկների և անոթային վիրաբույժների կողմից: Վիրահատություններն իրականացվել են ավստրիահայ հայտնի անոթային վիրաբույժ Արա Ուղուրլյանի մասնակցությամբ:
Անգիոգրաֆիայի բաժանմունքն աշխատում է 24-ժամյա ռեժիմով` սերտ համագործակցելով առողջության պահպանման առաջնային օղակի և շտապօգնության ծառայության հետ: