«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, ինչպես հայտնի է, Ապարանի մի շարք համայնքներում գյուղապետերի նկատմամբ գործեր են հարուցվում՝ չարաշահումների հետ կապված: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին՝ որպես նախկին պատգամավոր:
-Ես անընդհատ լսում եմ` մեկին են բռնել, մյուսի դեմ գործ են հարուցում: Ասում են` այսքան շորթում կա, այնքան յուրացում: Օրինակ, ես վերահաշվարկ եմ արել, կոնկրետ իմ տարածքում Գեղարոտ գյուղի նախկին գյուղապետի մասով 5 տարվա մեջ միլիոնուկեսի մասին է խոսվում, որ բաժանում ես, ամսական անում է 25 հազար դրամ: Մենք դրա համար երեւի չենք արել հեղափոխություն: Դրել, պարտադիր ծախսերն եմ գումարել, հաշվել, թե նախկին գյուղապետերի ծախսերը ինչքան են եղել այս տարածաշրջանում: Ոնցոր դրեցին, հաշվեցին, որ պարզեցված հարկով էին աշխատում խոշոր գործարարները, որովհետեւ քաղաքական որոշում կար, փողերը ճամփին կուլ էին տալիս եւ այլն, նույնն էլ գյուղապետերը: Ամսական 2-ից 4 կանեստեր վառելիք են տվել օրգաններին, մի հատ աքլոր են մորթել, տարեկան մի հատ գառ են մորթել, ու ստացվում է իմ հաշվարկով` 37 հազար դրամ ամսական պարտադիր ծախս են ունեցել այն իշխանությունների օրոք: Ես ուզում եմ հասկանալ` այսքանը չեն հասկանում: Այդ գործ հարուցողները էդ գառն են կերել, էդ վառելիքը եթե չլիներ, իրենք ոչ թե օպերատիվ աշխատանքով կզբաղվեին, հանցագործություն կբացեին, անգամ տեղ էլ չէին հասնի իրենց ֆոնդերով, եւ դա բոլորը գիտեն: Դրել են ինչ են ուզում անել: Նիկոլին են թիկունքից խփում էդ նախկին իշխանության ներկայացուցիչները, որ էսօր 90 տոկոս իշխանության մեջ են: Այդ քննիչները, որ այսօր գործ են հարուցել, թող իրենց կերած գառը հետ տան, իրենց կերած աքլորը հետ տան, իրենց վառած բենզինը հետ տան, այդ մարդիկ էլ կարողանան փակեն այդ յուրացումները: Թող գնան, իրական յուրացումների տեղը ման գան:
Նախորդ իշխանությունը կոռուպցիոն սխեմայով է ղեկավարել երկիրը: Այսինքն` պարտադրել են, որ գյուղապետը խախտումներ անի, որ էդպես ղեկավարվի: Ամբողջ երկիրն է այդպես ղեկավարվել: Ես հաշվարկ եմ անում, հասկանում եմ, որ մի բան էլ իր գրպանից է գյուղապետը փող դրել: Այս տարածքի գյուղապետերը հիմա վարկի ու պարտքի տակ են, ոնց որ իրենց գյուղացիները: Իրենք էս հարցը չեն բարձրացնի, չեն ասի` արա, ախր էդ աքլորն ես կերել, ես պիտի մի տեղից հանեի: Կա՛մ ծառատունկ էիք անում, կա՛մ խաչի բացում էիք անում, սեղան էիք գցել տալիս, չէ՞: Հո հորս տնից չէի՞ն բերելու էդ փողերը:
-Դուք ի՞նչ լուծում եք տեսնում այս պարագայում:
-Թող ձեռք քաշեն գյուղապետերից: Եթե էսպես լինի, ամբողջ Հայաստանին պետք է դատեն: Կամ այն 11 հազար նպաստառուները 10 տարի է` իրենց պարտքի տակից չեն կարողանում դուրս գալ: Սկզբից վարկ են վերցրել, հետո դա վերաձեւակերպել են կապակցված, հետո փոխկապակցված, հետո խմբակային: 10 տարի է` այդ վարկը տալիս են, 100 հազար դրամ պարտք էն վերցրել, դեռ եսիմ ինչքան էլ պարտք են: Հատուկ եղել է սխեմա, որ մարդկանց ստիպեն ծախել իրենց ունեցվածքը: Կոմունիստների ժամանակվա հավաքած ոսկիները տվեցին, հերիք չէ, նշանի մատանիներն էլ ձեռքերից առան էդ վարկերով: Հիմա մենք ինչի՞ ենք համարում, որ էդ 11 հազարն էլ, որ վարկ են էսօր փակում, ստիպված են փակում շատերը: Պիտի հատ-հատ ուսումնասիրվի: Դրանց մեջ կլինեն այն մարդիկ, որոնց մասին խոսվում է, թե ինչու են նպաստ ստանում, միգուցե նույնիսկ նպաստի իրավունք էլ չունեն, կլինեն մարդիկ, որ անունները գրել են, այդ սոցիալ վարչությունները իրենց գրպանն են դնում: Բայց հիմնականում էդպես չէ: Այս բաներին պետք է ուշադիր լինել: Իսկ կոռուպցիայի տեղը ես ասեմ` նախորդ տարվա բյուջեների ցանկացած հոդված: 700 հազար Մոզամբիկից էր, որտեղից էր, մասնագետ էին բերել, որ ցորեն աճեցնի, կովի կրծքերն էին լվալ սովորեցնում, բոլոր ճանապարհաշինարարությունները, գազաֆիկացման աշխատանքները, բոլոր դպրոցների վերանորոգումները, մանկապարտեզների կառուցումները, վարկային ծրագրերը, խորհրդատվական ծախսեր կային 24 տոկոս: Սա է իրենց ման գալու տեղը, ոչ թե էկել ընկել են գյուղապետերի հետեւից: Էսօր էն քննիչը որ գործ է հարուցել, թող իր կերած գառի, վառած բենզինի փողը հետ տա գյուղապետին, եթե դա համարում են յուրացում: Պետք է տարանջատել լեռնային տարածքի գյուղապետերին եւ Արարատյան դաշտի գյուղապետերին: Եթե ուրիշ տեղերում հող են ծախել, դա արժեք է ունեցել, էստեղ ստիպված ասել են` գառ բե՛ր, գառն էլ որտեղի՞ց պիտի տա. կա՛մ պիտի մարդ ձեւակերպեր, մեկի ռոճիկը վերցներ, դներ ծախսերի մեջ, կա՛մ պիտի գյուղապետարանի ունեցվածքը ծախեր, այդ հարցը փակեր: Մարզպետ էր գալիս, պիտի տաներ, պատիվ տար, ծրագրեր էին իրականացնում, պիտի հաց կերցնեին: Չգրված, բայց պարտադրված կարգեր են եղել նախորդ իշխանությունների օրոք: Էնպիսի տպավորություն է, որ այս իշխանությունները նրանց օրգանական շարունակությունն են. այդ թեզն են առաջ տանում, գործեր են հարուցում գյուղապետերի դեմ: Ես իմ անունից պաշտոնապես հայտարարում եմ` Ապարանի, Ծաղկահովիտի 44 գյուղեր այդ վիճակում են եղել:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՎԵԼ Է ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՕՐՈՔ
2019 թվականի մարտի մեկին Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ Կենտրոնական բանկի կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու համար։
Նշենք, որ երեկ` իր ասուլիսի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը, անդրադառնալով այդ հարցին, ասաց, որ առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմը ներդնելը Հայաստանի միջազգային պարտավորությունն է, եւ այդ պարտավորությունը արձանագրված է ՄԱԿ-ի եւ Եվրոպական որոշ կառույցների՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերություններում։
«ՄԻԵԴ-ը դա արձանագրել է, որ լիարժեքորեն համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Դա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մակարդակով ճանաչված գործիք է, որը կարող է կիրառվել։ Դեռեւս 2015 թվականին միջազգային մեր գործընկերները մեզ ռեկոմենդացիա են արել, որ այդ մեխանիզմը Հայաստանում ներդրվի»,-ասաց Փաշինյանը: ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, խոսելով այս մասին, ասաց, որ Կենտրոնական բանկը սրանով Նիկոլ Փաշինյանի կառավարության տակ ռումբ է դնում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Արփինե Հովհաննիսյանը, կարծես, ինստիտուտները խառնել է:
«Օրենսդրական այս կարգավորումը ավելի շատ պետք է լինելու ոչ թե ՀՀ իրավապահ մարմիններին, այլ օտարերկրյա իրավապահ մարմիններին, երբ որ մարդը այլ երկրում կատարել է հանցագործություն` փողերի լվացման հետ կապված, եւ խնդիր է ծագում, որ իր գույքը գտնվելու է Հայաստանում, եւ պետք է կարողանանք գույքը սառեցնենք եւ այդ բռնագանձման գործընթացը իրականացնենք, եւ այդ այն ժամանակ, երբ դատավճիռ դեռ չկա: Այդ միջազգային պայմանագիրը վավերացվել է դեռ նախորդ իշխանության օրոք: Ես չեմ կարծում, որ մենք նմանատիպ գործեր կունենանք: Հայաստանի Հանրապետությունն այն պետությունը չէ, որ փողերի լվացման արդյունքում էստեղ բերեն փող պահեն, բայց մենք պետք է ունենանք, որովհետեւ միջազգային պայմանագրից է դա բխում, ընդ որում` նախկին իշխանության կողմից վավերացված»,-մեզ հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:
Լ. ՄԻՆԱՍՅԱՆ
ԿԿԱՐՃՎԻ՞
2018 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ քրեական գործ է հարուցվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երեւանում կառուցած առանձնատան օրինականության վերաբերյալ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ուսումնասիրելով «Հետք» էլեկտրոնային թերթում 2018թ. օգոստոսի 24-ին հրապարակված «Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքները, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռությունից ելնելով` ծառայողական պարտականությունները չկատարելու) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»։ Այդ գործի հարուցումից անցել է 7 ամիս, սակայն ՔԿ-ն այդպես էլ որեւէ էական առաջընթաց չի գրանցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ նախաքննական մարմինը կարճի այս քրեական գործը, քանի որ քննության ընթացքում ձեռք բերված տվյալները տանում են այդ ուղղությամբ:
ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներում կլինի: Դա է ենթադրում այն համանուն նախագիծը, որը կառավարության կողմից արդեն ներկայացվել է խորհրդարան: Մասնավորապես, նախագծերի ընդունման դեպքում 36-44 տոննա ընդհանուր զանգվածի գերազանցման համար թույլտվություն չի պահանջվելու, եւ առանց թույլտվության ծանրաքաշ տրանսպորտային միջոցով փոխադրումների իրականացման համար սահմանված վարչական պատասխանատվության միջոցը նույնպես հանվել է: Նախագծով նախատեսվում է նաեւ առանց համապատասխան լիցենզիայի մարդատար-տաքսի ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում վարչական ակտերով նախատեսված տուգանքի գումարներից, ինչպես նաեւ կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
ՌԴ-ԻՑ` ԶՐՈՅԱԿԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեի տվյալներից պարզեց, որ այս տարվա հունվարին ՀՀ է ուղարկվել 5 մլն 431 հազար 900 դոլարի մարդասիրական օգնություն: Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ ստացվել է 18 մլն 569 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Հատկանշական է փաստը, որ մարդասիրական օգնություն Հայաստանը ստացել է ԵՄ եւ այլ երկրներից, իսկ ԱՊՀ երկրներից, այդ թվում` Ռուսաստանից, այս տարվա հունվարին որեւէ մարդասիրական օգնություն չի եկել: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում եւս ՌԴ-ից ՀՀ մարդասիրական օգնություն չի ստացվել: