Լիլիթ Մակունցը հերքում է, լրատվամիջոցն` ապացուցում ձայնագրությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սոցցանցի իր էջում գրել է.

«Պաշտոնապես հերքում եմ, որ Խմբակցության հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել: Կատարյալ հերյուրանք է: Հորդորում եմ չտարածել ապատեղեկատվություն»:

Մինչդեռ, Aravot.am-ը ներկայացրել է հրապարակմանը կից ձայնագրություն: Ի դեպ, ArmLur.am-ի թղթակիցը ևս ֆիքսել է դահլիճից հնչող բուռն քննարկումները:

Aravot.am-ի և «Ժողովուրդ» օրաթերթի համապատասխան հրապարակումները ներկայացնում ենք ամբողջությամբ:

Երեկ մենք հրապարակել էինք, որ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստում բուռն քննարկումների մեջ է եղել: Այնքան թեժ եւ բուռն, որ փակ դռներից դուրս լսվում էին վիճաբանության ձայները՝ կապված ԲԴԽ-ն ցրելու, կոտրած տաշտակի առաջ կանգնելու եւ անցումային արդարադատության հետ: Մենք, առանց պատգամավորների անունները նշելու, հրապարակել էինք նրանց խոսքերից հատվածներ, որտեղ մեկն ասում էր. «Արտակ Զեյնալյանին էդքան ասեցինք՝ ցրեք ԲԴԽ-ն, ցրեք ՍԴ-ն, եւ դա կարող ենք անել, անցումային արդարադատություն մտցնենք, արդարադատության նախարարն ասում է՝ նշանակված պաշտոնատար անձինք ունեն լեգիտիմ ակնկալիքներ, որպեսզի պաշտոնավարեն մինչեւ էսինչ ժամկետները: Ասում եմ՝ էդ չկա:

Այսօրվա գործող արդարադատության նախարարն է ասում, հիմա մենք դա ո՞նց անենք»: Մեկ այլ պատգամավոր էլ, որի անունը նույնպես երեկ չենք հրապարակել, հավելել էր. «Ես էլ եմ շատ-շատ ջղայնացած պարոն Զեյնալյանի վրա, բայց եկեք այնուամենայնիվ… եկեք հիշենք, որ մեր նախընտրական ծրագրում կա գրած անցումային արդարադատության մասին…»: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեր հրապարակումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, թե «Պաշտոնապես հերքում եմ, որ խմբակցության հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել: Կատարյալ հերյուրանք է: Հորդորում եմ չտարածել ապատեղեկատվություն»:

 

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ էր հրավիրել, որը տեւեց մոտ երեք ժամ: Խմբակցության նիստն այնքան թեժ էր, որ պատգամավորների ձայնը լսելի էր անգամ այն հատվածում, որտեղ լրագրողները սպասում էին: Պատգամավորները ներսուդուրս էին անում ու ամեն վայրկյան հայտարարում էին, թե «հեսա կպրծնի» քննարկումը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրերին իսկապես իրավիճակը շատ լարված է, քանի որ վերջին օրերին ամեն օր տարբեր իրադարձություններ են տեղի ունենում, որոնք խմբակցությունում փորձում են քննարկել ու ելքեր գտնել:

Երեկ` նիստի ավարտից հետո, այդպես էլ անհայտ մնաց, թե, ի վերջո, ինչ է որոշել իրենց խմբակցությունը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության այն առաջարկի մասին, թե պետք է օր առաջ արտահերթ նիստ հրավիրել ու քննարկել դատաիրավական համակարգում կատարվելիք իրադարձությունները: Ի դեպ, պատգամավորները խմբակցության նիստի մտնելիս եւ նիստից դուրս գալիս շատ մտահոգ էին. նրանց խոսքով` օրակարգը շատ հագեցած էր, ու քննարկվելիք հարցերը մտահոգիչ են: Նիստի ընթացքում էլ որոշ պատգամավորներ դուրս էին գալիս ծխելու ու արդեն խումբ-խումբ քննարկում այն հարցերը, որոնք խմբակցության նիստում քննարկվում էին:

Նիստի ավարտից հետո, իշխանական պատգամավորները որեւէ բան չցանկացան խոսել` հայտարարելով, թե բոլոր հարցերին կպատասխանի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Բայց նա էլ չցանկացավ մեկնաբանել այն ամենը, ինչ քննարկել էին. միայն նշեց, թե խմբակցությունում քննարկումներ էին ու վերջ: 




Լրահոս