Աշխատակիցներին հեռացնում են լրագրողներին խնդրի մասին հայտնելու պատճառո՞վ. ինչ է կատարվում Գյումրու «Սասստեքս» կարի արտադրամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր է` Գյումրու «Սասստեքս» կարի արտադրամասում բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Աշխատակիցները բողոքում են, որ իրենց աշխատավարձը պետք է լինի 55 հազար դրամ, բայց աշխատակիցներն այդքան գումար չեն ստանում: Ի պատասխան նրանց բողոքի` տնօրինությունը ցածր վարձատրությունը պատճառաբանում է ոչ որակյալ արտադրանքով, որն էլ արտահանվել է երկրից:

Աշխատակիցները սակայն պնդում են, որ աշխատանքի որակը ստուգվել է, եւ եթե անգամ անորակ ապրանք է եղել, ապա նրանց այդ մասին չի զգուշացվել:

ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ աշխատակիցներից մի քանիսին ասել են, որ աշխատանքի չգնան, եւ խոսքը վերաբերել է հատկապես նրանց, որոնք խոսել են լրագրողների հետ` խնդիրներ բարձրաձայնելով:

ArmLur.am-ը կապ հաստատեց աշխատակիցներից մեկի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունները:

«Մեր ոչ պաշտոնապես վերադասը, այլ պատասխանատուն` պարոն Ներսեսը, ասաց, որ ովքեր լրագրողների հետ խոսել են, նրանք արդեն չեն աշխատելու: Պաշտոնական դեռ ոչինչ չեն ասել, բայց Ներսեսը չէր կարող ինքնագլուխ նման բան հայտարարել: Դա վերևից եկած հրահանգ է: Ուղղակի չեն պարտադրել դեռ, ասել են` մինչեւ երկուշաբթի աշխատանքի չեք գա ոչ մեկդ: Այսինքն` սպասում են բողոքի ալիքը մի քիչ հանդարտվի: Բայց այսօր էլ ուզում էինք մենք աշխատել, սակայն մեզ թույլ չտվեցին: Ասացին` գնացեք տուն եւ վերջ, սեփականատերը չի ուզում, որ դուք աշխատեք…»,- ներկայացրեց աշխատակիցը, ապա հավելեց.

«Մենք եկանք տուն: Մոտավորապես 30 աշխատակցի ասել են` էլ չգաք: Ասեմ նաեւ, որ այսօր լրագրողներին թույլ չէին տալիս գործարան մտնել: Ընդմիջման ժամին են լրագրողները հանդիպել աշխատակիցներին: 55 հազար դրամը այսօրվա պայմաններում մեծ բան չէ, բայց ախր մենք դա էլ չենք ստանում, ստանում ենք 20 հազար դրամ: Մենք ամեն ինչի պատրաստ ենք: Գյումրեցին այնքան նեղ վիճակներ է հաղթահարել, բայց սա անհնար է»:

ArmLur.am-ը կապ հաստատեց նաեւ ընկերության գլխավոր տեխնոլոգ Լալա Թորոսյանի հետ, ով հայտարարեց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում:

Լուսինե Մինասյան




Լրահոս