Մանվել Գրիգորյանի վիճակն օրեցօր վատանում է. ի՞նչ են մտածում իշխանությունները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ կտրուկ վատացել է ԱԺ նախկին պատգամավոր, այժմ կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը: Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը նշել է, որ քրեադատավարական ընթացակարգով իրենք ամեն բան անում են խափանման միջոցը փոխելու հարցով, նաեւ ընդգծել. «Սա ամենադաժան դեպքն է»:

Որքան էլ Մանվել Գրիգորյանին մեղսագրվող հանցանքը սոսկալի է եւ մարդկանց մոտ արդարացի զայրույթ է հարուցել, այնուամենայնիվ, արձանագրենք՝ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը չպետք է վերածվի պատժի: Այս առումով պատահական չէ, որ երեկ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ նշել է, թե իրենք ուսումնասիրություններից հետո եզրահանգումներ կանեն, թե որքանով է խափանման միջոց կալանքը համատեղելի Մ. Գրիգորյանի առողջության հետ։ ՄԻՊ-ը նաեւ տեղեկացրել է, որ Գրիգորյանը հրաժարվել է բուժօգնությունից:

Մինչ այդ, նկատենք՝ նախկին իշխանությունների օրոք, չնայած առողջական լուրջ խնդիրներին, տեւական ժամանակ կալանքի տակ էր պահվում «Սասնա ծռերի» գործով հայտնի Հաց Բերողը` Արթուր Սարգսյանը: Թեեւ ակնհայտ էր՝ կալանքը նրա առողջական վիճակի հետ անհամատեղելի էր, բայց իշխանությունները որպես պատիժ շարունակում էին Սարգսյանին պահել բանտում: Ու նրա մահը առ այսօր ծանրացած է նախկին իշխանությունների խղճին:

Եթե նման բան կրկնվի Գրիգորյանի դեպքում, առնվազն չի տեղավորվի նոր Հայաստանի որդեգրած սկզբունքների շրջանակներում, որքան էլ Մանվել Գրիգորյանի կերպարը հասարակության համար լինի մերժելի, նրան մեղսագրվող հանցանքը՝ աններելի: Ու բացի այդ` կա մեկ ուրիշ հանգամանք. այս ամենը կարող է Հայաստանի համար խնդիրներ առաջացնել ՄԻԵԴ-ում եւ կարող է միջազգային կառույցներում մեր վարկանիշի վրա ստվեր գցել: Այնպես որ, իշխանությունները ճիշտ կանեին, եթե լրջորեն քննարկեին նրա խափանման միջոցը փոխելու հարցը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս