ՊՎԾ-Ն 7 ՏԵՂԵԿԱՆՔ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները խորությամբ ձեռնամուխ եղան նախկինների օրոք տեղի ունեցած դեպքերի բացահայտմանը եւ թալանված գումարների վերադարձին։ Ըստ այդմ, այս մեկ տարվա ընթացքում հարուցվել են բազմաթիվ գործեր, պետբյուջե վերադարձվել գումարներ, իսկ մի շարք գործեր շարունակում են քննվել։

ՀՀ Գլխավոր դատախազությունը հրապարակել է 2018 թվականի գործունեության զեկույցը, որն ուսումնասիրելիս «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր փաստեր հայտնաբերեց։
Այսպես, ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2018 թվականին ՀՀ դատախազություն է ուղարկվել 7 տեղեկանք։ Այս մարմինը եւս Դավիթ Սանասարյանի նշանակումից եւ հեղափոխությունից հետո բազմաթիվ ուսումնասիրություններ է անցկացրել, սակայն փաստացի դատախազություն ուղակված է եղել ընդամենը 7 տեղեկանք: Դրանցից է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացվող ուսումնասիրության ընթացքի վերաբերյալ տեղեկանքը, որն ուղարկվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն։ Նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հարուցվել է քրեական գործ՝ «ԲԷՑ» ՓԲԸ-ի հաշվեկշռում եղած 593.2 մլն դրամ արժողության եւ 2007 թվականի նոյեմբերի 6-ին «Էներգանորոգում» ՓԲԸ տեղափոխված ավտոտրանսֆորամտորից 26.1 տոննա պղնձե մալուխ եւ 35.8 տոննա էլեկտրատեխնիկական մետաղ յուրացնելու դեպքի առթիվ։
Այս նույն ՓԲԸ-ի վերաբերյալ եւս մեկ տեղեկանք է ներկայացված եղել, որն արդեն ուղարկվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն։ Այստեղ էլ նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հարուցվել է քրեական գործ՝ ՓԲ ընկերության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 325.9 մլն դրամ արժողությամբ տրանսֆորմատորի յուրացման դեպքի առթիվ։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի մեկ այլ հանձնարարագրի հիման վրա` «Լուսանշան» ՊՈԱԿ-ի 2016-2018 թթ. գործունեության վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմվել է տեղեկանք, որն ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում. տնօրենը նախազգուշացվել է պետությանը հասցրած վնասը կամովին հատուցելու մասին։ Նախազգուշացման արդյունքում` արձանագրված 209.7 մլն դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Նույն ՊՈԱԿ-ի առնչությամբ մեկ այլ տեղեկանք է կազմվել՝ ավել հաշվարկված աշխատավարձերի եւ իրականացրած աշխատանքների ծավալների հավելագրման վերաբերյալ։ Ստացված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե։ Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ։
Դավիթ Սանասարյանը տեղեկանք է ներկայացրել նաեւ ՀՀ անշարժ գույքի կադաստրում բացահայտումների մասին: Այդ տեղեկանքներն ուղարկվել են Լոռու, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի դատախազություններ դրանցում ներկայացված փաստերում հանցագործության հատկանիշների առերեւույթ առկայությունը ստուգելու համար։ Ըստ այդմ, Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շահումյան գյուղի բնակիչ Մարգարիտա Մանվելովայի կողմից 2018թ. սեպտեմբերի 3-ին կոմիտեի Լոռու մարզի ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստր կեղծ քաղաքաշինական փաստաթղթեր ներկայացնելու եւ դրանց հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարվելու դեպքի առթիվ։ Քրեական գործ է հարուցվել նաեւ Աչաջուրի համայնքապետարանի աշխատակցի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ, իսկ, ահա, Գավառի բաժնում գործ չի հարուցվել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ։
Իսկ, ահա, ՀՀ պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղարի կողմից ներկայացվել է տեղեկանք՝ Օլեգ Դուրգարյանի եւ մյուսների կողմից ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը հասցեագրված դիմումի վերաբերյալ, որի հիման վրա Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Այրումի համայնքապետարանում իրականացված վերահսկողության արդյունքում ձեռք բերված տվյալները ուղարկվել են Լոռու մարզի դատախազության քննարկմանը։ Ուղարկված փաստաթղթերը կցվել են Օլեգ Դուրգարյանի նախկին հաղորդումների հիման վրա Մեծ Այրում համայնքի նախկին ղեկավար Սահակ Նազարյանի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։
Մեկ այլ դեպք էլ վերաբերում է Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքապետարանից ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքներին։ Տեղեկանքը ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն։ Նախապատրաստված նյութերով Կոտայքի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի եւ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խոշոր չափի յուրացումների փաստով։
Հետաքրքիր է` հարուցված քրեական գործերից քանիսն իրենց տրամաբանական ավարտին կհասնեն, ու քանի հոգու նկատմամբ մեղադրական դատավճիռ կկայացվի:
Մեկ փաստ էլ. դատախազություն իր բացահայտումներն է ներկայացրել նաեւ Հաշվեքննիչ պալատը: ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության կողմից կատարողական վարույթներում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ միայն հարուցվել է 7 քրեական գործ: Քրեական գործ է հարուցվել նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում Հաշվեքննիչ պալատի բացահայտումների, ինչպես նաեւ Գյուղատնտեսության նախարարության` ՀՀ-ում տավարաբուծության զարգացման ծրագրի վերաբերյալ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ
Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով չորս մեղադրյալներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին եւ Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ դեռ փետրվարի 15-ին հայտարարել էր նախաքննության ավարտ եւ գործը տրամադրել կողմերին՝ ծանոթանալու համար: Եւ, ահա, ապրիլի 6-ին՝ շաբաթ օրը, լրանում է գործի նյութերին ծանոթանալու համար ՀՔԾ սահմանած 50-օրյա ժամկետը:
Հիշեցնենք` ավելի վաղ կողմերը միջնորդություններ են ներկայացրել ժամկետը երկարացնելու համար, քանի որ չեն հասցրել ծանոթանալ 70 հատորանոց քրեական գործին, սակայն ՀՔԾ-ն մերժել էր այդ միջնորդությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նույն խնդրով կողմերը դիմել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն: Ավելին` Մարտի 1-ի գործով մեղադրյալների պաշտպանները կրկին միջնորդություն կներկայացնեն:

 

 

 

ՍԿՍԵԼ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խմբակցությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ սկսել է քննարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումները: «Ձգտելու ենք իրականացնել բարեփոխումներ, որոնք բավարար օրենսդրական եւ ինստիտուցիոնալ հիմք կստեղծեն 2018թ. դեկտեմբերի 9-ի ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների փորձառությունը կապիտալիզացնելու համար»,-ասել է Միրզոյանը: Նշենք, որ իշխանություններն ԸՕ-ի հետ կապված առաջարկների են սպասում ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ուժերից ու հ/կ ներկայացուցիչներից, բայց առաջին քննարկումը Միրզոյանը սկսել է խորհրդարանական ուժերից:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին` փորձելով հասկանալ՝ իրենք ԸՕ նախագծի վերաբերյալ ինչ առաջարկներ ունեն: «Ոչ մի բովանդակային քննարկում չի եղել, սա ընդամենը սկզբնական փուլն է, որը ազդարարում է քննարկումներ։ Իհարկե, մենք ունենք մեր տեսակետը, սակայն առայժմ վաղ է ինչ-որ բան ասել։ Առայժմ ակտիվ քննարկումների փուլն է»,- ասաց նա:

 

 

ԳՆԱՃ
Այս տարվա մարտ ամսվա ընթացքում, պաշտոնական տվյալներով, ալյուրի գները բարձրացել են 4, հացինը` 1.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ: Այն հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 0.6 տոկոս գնաճով: Փոխարենը նույն ժամանակահատվածում էժանացել է սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը: Մսամթերքի շուկայում արձանագրված գնանկումը կազմել է 0.7 տոկոս. հիմնականում նվազել են տավարի ու խոզի մսի գները: Բայց, չնայած սրան, թռչնամիսն է թանկացել 2.1 տոկոսով: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` հացաբուլկեղենն ու ձավարեղենը եւս թանկացել են. այս շուկայում մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 1 տոկոս գնաճ:

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան: Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի` զորավարժարանում վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ-երի նորագույն ռազմական տեխնիկաները: Նիկոլ Փաշինյանը դիտակետից հետեւել է նաեւ ռազմական տեխնիկաների ցուցադրական փորձարկումներին։

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է
«Ես միշտ պատրաստ եմ երկրին օգտակար լինել»,- երեկ լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը այսպես պատասխանեց այն հարցին, թե արդյոք իշխանությունների կողմից որեւէ պաշտոն ստանձնելու առաջարկ ստացել է։ «Ես պետական ապարատում եղել եմ 1995 թվականից` տարբեր իշխանությունների օրոք, ինձ համար որեւէ նշանակություն չի ունեցել, թե ինչ կարգավիճակի մասին է խոսքը»,- նշել է նա:

 

 

ՏՆՕՐԵՆ ԸՆՏՐՎԵՑ
«Լրատվական ռադիո»-ի հիմնադիր Գարեգին Խումարյանն ընտրվել է Հանրային ռադիոյի տնօրեն: Նշենք, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համալրման մրցույթը հայտարարվել էր փետրվարի 22-ին: Մարտի 4-ը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու վերջնաժամկետն էր: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Լրատվական ռադիո»-ի տնօրեն ընտրելու են հենց Գարեգին Խումարյանին` իշխանությունների համար ցանկալի թեկնածուին:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ` ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ
Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի ղեկավար Գեւորգ Դանիելյանը մեղադրվում է խոշոր քանակությամբ սերմացու եւ պարարտանյութ յուրացնելու համար: Գեւորգ Դանիելյանը 2013-2016թթ. ընթացքում պետությանը պատճառել է ընդհանուր առմամբ 2.988.000 ՀՀ դրամի վնաս, ինչի առթիվ հարուցվել է քրգործ: Պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու համար Գեւորգ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 314 հոդվածի 1-ին մասով:




Լրահոս