Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լինելու է ՀՀ ոստիկանության զորքերում, որտեղ նշվելու է ՈԶ-ի 27-ամյակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը եւ իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչները:
Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ է մասնակցելու ոստիկանության զորքերին նվիրված տոնական միջոցառմանը: Հիշեցնենք, որ ժամանակին այս ոլորտը կարելի է ասել «սեփականաշնորհել» էր Լեւոն Երանոսյանը ու Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Երանոսյանը պաշտոնանկ եղավ: Իսկ արդեն մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի հրամանատարական կազմին ներկայացրեց ոստիկանության զորքերի նորանշանակ հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Վահե Ղազարյանին:
Ըստ մեր տեղեկությունների՝ ոստիկանության զորքերում այս օրերին լուրջ «պատրաստություն» են տեսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորելու համար: Հեղափոխությունից հետո հայրենի իշխանությունների առաջին այցելությունն է լինելու ոստիկանության զորքեր, որտեղ ժամանակին մեծ շուքով Երանոսյանը տոնում էր իրենց տոնը:
Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերին Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ: Լեւոն Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ