ԱԺ նախկին պատգամավորի գործընկերները կանգնեցին «դատաստանի» առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի հունվարի 17-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով հետախուզում էր հայտարարվել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի նկատմամբ: Շուտով կլրանա նրան մեղադրանք առաջադրելու եւ հետախուզում հայտարարելու վեց ամիսը, սակայն նախաքննական մարմինը դեռեւս փնտրում ու փնտրում է Արամ Հարությունյանին:

Նկատենք, որ չնայած իրավապահները փնտրում են նրան, սակայն վերջինիս մտերիմների մասով ՀՔԾ-ն քրեական գործն անջատեց եւ ուղարկեց դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արաքս Դիլանյանի եւ ԱԺ նախկին պատգամավորի գործընկերոջ Վիկտոր Մարտիրոսյանի մասով քրեական գործը մտել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, եւ այն կքննի դատավոր Արմեն Վարդապետյանը:

Նշենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը մշտապես հայտնել է. «Կաշառքը տվել եմ 2008թ-ին, իսկ 2009թ-ից իմ հանքերը սկսեցին զրկել լիցենզիայից: Դա փոխանցվեց Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, որը Սուրիկ Խաչատրյանի մտերիմ ընկերն էր, եւ սկսեցին զրկել: 8 մլն դոլարը ես փոխանցել եմ Դուբայ իրեն տված հաշվեհամարին` Արաքս Դիլանյանի հաշվին:

Արաքս Դիլանյանը հենց նույն օրն արդեն իր հաշվից փոխանցել է Արամ Հարությունյանի 3 հայտնի գործընկերներին` Վիկտոր Մարտիրոսյան, Արմեն Խաչատրյան, Գագիկ Կարապետյան: Իսկ 6 մլն-ը տվել եմ կանխիկ` Սուրեն Ավագյանի միջոցով»:

Եվ ահա, այս փաստերի հիման վրա իրավապահները կալանավորել էին Վիկտոր Մարտիրոսյանին: Ի դեպ, Արաքս Դիլանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:

Քնար Մանուկյան




Լրահոս