Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում շինարարական ակտիվ աշխատանքներ են սկսվել: Հիմքից կառուցվում է տուն՝ տարիներ շարունակ 18 քմ մակերեսով վագոն-տնակում ապրող Հասոյանների ընտանիքի համար: Գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ մայիսից մեկնարկած աշխատանքներն արդեն տեսանելի արդյունք են տվել. տան պատերը կանգուն են, տանիքը՝ կառուցված:
Երեք ամիս առաջ Հասոյանները հուսալ անգամ չէին կարող, որ ամառը, ամեն տարվա պես, անցնելու է ոչ միայն բերք ու բարիք ստեղծելու, այլև իրենց երազանքների տունը կառուցելու հաճելի հոգսերի մեջ: Այսօր արդեն՝ շինհրապարակում աշխատող կամավորների շնորհիվ նաև, լիահույս են, որ սեղմ ժամկետներում տանտեր են դառնալու: Մեծ թափով՝ մայթերի բետոնացում է կատարվում: Ներքին հարդարման աշխատանքներն էլ նախատեսված է ավարտել աշնանը:
18 քմ մակերեսով վագոն-տնակը և 8 տարվա դժվար հիշողությունները շուտով անցյալում կմնան:
«Ամուսնուս ծնողների տանն ապրել ենք տասներկու հոգով: Ստիպված էինք տեղափոխվել վագոն տնակ: Շատ դժվար է մեծացող երեխաների հետ ապրել չափազանց փոքր տարածքում. վագոնի միակ սենյակը և՛ ննջարան է, և՛ հյուրասենյակ և՛ խոհանոց ու լոգարան: Հիմա նոր կյանք է սկսվում մեզ համար: Ընտանիքիս բոլոր անդամներն այնքան ոգևորված են:
Փորձում ենք հավատալ, որ կառուցվող ու վեր բարձրացող պատերը մեր են լինելու և, որ այս ամենն իրականություն է»,- ասել է Զարինեն:
«Իրականացվող ամեն ծրագիր որոշակի հաշվետվություն է պահանջում: Այն սովորաբար արտահայտվում է թվերով: Օրինակ, ասում ենք՝ տարիների ընթացքում, մեզ հաջողվել է 200 տան կառուցման մասին հայտարարել: Ավելի կարևոր է, սակայն, այն հաշվետվությունը, որը մենք մեր հոգու խորքում ենք արձանագրում: Երբ ժպտացող աչքեր ենք տեսնում և զգում, որ դարձյալ մեկին հաջողվեց կյանքի հունի վերադարձնել ու ոգևորել: Մարդասիրության և պատասխանատվության դրսևորումն ամենացանկալի հաշվետվությունն են: Ուրախ և հպարտ եմ՝ տարիների մեր գործընկերության արդյունքի համար»,-ասել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում կառուցվող 200-րդ տունը բարձրանում է հիմքից: Այդ առումով՝ Հասոյանների տունն ուրույն տեղ ունի. ծրագրի շրջանակներում սա առաջին դեպքն է:
Մեզ համար հոբելյանական է կառուցված տների քանակը, իսկ ընտանիքի համար հոբելյանական կլինի տարին»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Այս տարի բնակարանաշինության ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է շուրջ 109 մլն ՀՀ դրամ: Դրա արդյունքում, բնակարանային աջակցություն է ստանալու 43 ընտանիք: