ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 20-ին ՀՀ վարչապետի հատարարության եւ այլ թեմաների շուրջ զրուցել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, մայիսի 20-ին ՀՀ վարչապետը դատական համակարգի վիճակի մասին խոսելիս ասել էր, որ քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետեւ քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միեւնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները հենց այդ նույն կոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով: Դուք` որպես Քննչական կոմիտեի նախագահ, վարչապետին տեղյակ պահե՞լ եք իրավիճակի մասին, որ նա նման հայտարարություն արեց:
-Վարչապետը ոչ մի քրեական գործի վարույթի չի միջամտում, եւ այսքան ժամանակ նման իրադրություն չի եղել: Ինչ վերաբերում է Ձեր կողմից բարձրացված հարցին, ապա ասեմ, որ Քննչական կոմիտեն կատարել է ուսումնասիրություններ, եւ կոնկրետ քրեական գործով մենք ունենք այնպիսի իրավիճակ, երբ անձը ազատվում է արգելանքից, եւ դրանից հետո կատարում է է՛լ ավելի ծանր հանցագործություն: Ինչ վերաբերում է Ձեր բարձրացրած խնդրին, ապա ասեմ, որ դատաիրավական համակարգում արդյունավետ այդ խնդիրների լուծումները գտնելու համար կազմակերպվում են քննարկումներ շահագրգիռ մարմինների միջեւ, եւ վստահ եմ, որ առաջիկայում բոլոր խնդիրները հաղթահարված են լինելու:
-Ինչպիսի՞ն է ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի աշխատանքային համագործակցությունը: Կարծես թե չեք կարում համագործակցել, քանի որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Լոռու մարզի դատախազի տան թալանի գործով քննիչները դատախազին կանչում են հարցաքննության, վերջինս չի գալիս, այսինքն` իր համար միեւնույնն է` կանչել եք, թե ոչ, չի գալիս ու վերջ: Դուք Գլխավոր դատախազի հետ խոսե՞լ եք, թե այս ինչ մոտեցում է երկու մարմինների աշխատակիցների միջեւ:
-Լոռու դատախազը այդ գործով հարցաքննվել է, դատախազների հետ մեր հարաբերությունները գործընկերային են, եւ դատավարության շրջանակներում յուրաքանչյուրս, մեր լիազորությունները իրականացնելով, կատարում ենք մեր առջեւ դրված խնդիրները:
-Բայց, կարծես թե, այդպես չէ: Օրերսմենք էլ հրապարակեցինք, որ ՊԲ-ում բացահայտվել էր մի դեպք, որ բանակի սպան զինվորական մեքենաներից դիզվառելիքը հանել եւ ջուր էր լցրել: Քննիչը միջնորդել էր սպային կալանավորել, իսկ դատախազը մտել է դատարան ու ասել է, որ պետք չէ կալանավորել: Այս հարցը լուրջ քննարկման պատճառ է դարձել ինչպես ՀՀ գլխավոր դատախազությունում, այնպես էլ ՀՀ քննչական կոմիտեում:
-Մի լավ ասացվածք կա, որ շատ դիպուկ բնութագրում է իրավաբանների դիրքորոշումը, մտածելակերպը եւ խառնվածքը: Ռուսերեն դա հնչում է այսպես. «ԺՉՈ þՐՌրՑՈ – ՑՐՌ ՎվպվՌÿ»: Այսինքն`այդ առողջ մրցակցությունը միայն ողջունելի է, որ դատախազը իր լիազորությունների շրջանակում իր հիմնավորած կարծիքը պահանջի ցուցումով կատարելու, քննիչը իր լիազորությունների շրջանակում համաձայնվի դատախազի հետ կամ չհամաձայնվի, դա շատ առողջ, ողջունելի պրոցես է, հարաբերությունները գործընկերային են: Քննիչը դատախազի կողմից տրվող ցուցումներին համաձայն չլինելու դեպքում կարող է բողոքարկել:
-Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել է, որ օպերատիվ տեղեկություններ կան, որ որոշ շրջանակներ որոշել են սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն ու որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել` լկտի պահվածքով աչքի ընկնել եւ այլն: Դո՞ւք եք տիրապետել այդ տեղեկությանը եւ ասել վարչապետին, ոստիկանությանը կամ ԱԱԾ-ին:
-Քննչական կոմիտեում օրերս կար մի ծեծկռտուքի փաստի առթիվ հարուցված քրեական գործ, որով երկու անձ ներգրավվել են կասկածյալ, եւ նրանց կառաջադրվի մեղադրանքներ: Ինչ վերաբերում է Ձեր հարցադրման ուղղվածությանը, ապա ասեմ, որ Քննչական կոմիտեն կարող է միայն կոնկրետ քրեական գործով օպերատիվ հետախուզական տվյալ ունենալ, այսինքն` բնականաբար, եթե մենք չունենք նման գործ վարույթում, ապա օպերատիվ հետախուզական տվյալ չենք կարող ունենալ:
-Հասարակության մոտ մտագոհություն կա. այս հայտարարությունից հետո կարող է նախաքննական մարմինն իշխանության համար անցանկալիներին բռնել եւ ասել, օրինակ, օպերատիվ տվյալներ կան, որ դու ես արել:
-Դուք իրավական կատեգորիաներով չեք խոսում. եթե կլինեն հանգամանքներ, որոնք կվկայեն մի խումբ անձանց կողմից ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստմանը, կլինեն հանգամանքներ, որոնք կվկայեն խուլիգանության եւ այլ հանգամանքներ, այդ ժամանակ կոնկրետ կքննարկվի կոնկրետ քրեական գործի հարուցումը: Իսկ Դուք հիմա ոչ իրավաբանական կատեգորիաներով եք հարցը տալիս. բնականաբար, նման բան չի կարող լինել:
-ՀՀ քննչական կոմիտեում ներկայիս պաշտոնատար անձանց մասով քրեական գործեր են քննվում ԱԺ պատգամավորների մասնակցությամբ: Նախաքննական մարմինը կաշկանդվա՞ծ է նրանց մասով քրեական գործերը քննելիս:
-Ե՛վ Քննչական կոմիտեն, ե՛ւ որեւէ այլ մարմին որեւէ պաշտոնատար անձի զբաղեցրած դիրքից որեւէ հանգամանքով կաշկանդված չէ: Պատգամավորների մասնակցությամբ ունենք երկու գործ, ուրեմն Սոֆյա Հովսեփյանի եւ Գայանե Աբրահամյանի նկատմամբ հնչեցրած սպառնալիքներն են, որով քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով, եւ իրականացնում ենք նախաքննություն:
-Կասկածյալներ կա՞ն. ովքե՞ր, ինչո՞ւ են սպառնացել:
-Այս պահին չկա կասկածյալ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

«ՄԱՐՏԻ 1»-Ի ԳՈՐԾՈՎ ՍՊԱՆՎԱԾԻ ՀՈՐ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ
Հունիսի 10-ին Էրեբունի վարչական շրջանի «Ուպրավլենի»-ի մոտակայքում վիճաբանություն էր եղել, որի հետեւանքով սպանվել էր Սարգիս Ավագյանը, որը «Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրն է: «Ժողովուրդ» օրաթերթին տեղի ունեցած միջադեպից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Նախ` պաշտոնապես
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ 2019 թվականի հունիսի 10-ին` ժամը 13:05-ին, մարմնական վնասվածքներով մի երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց:
Նույն օրը` ժամը 13:15-ին, «Ուպրավլենի»-ի մոտակայքից 55-ամյա եւս մեկ տղամարդ էր տեղափոխվել հիվանդանոց, որը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել էր: Արդյունքում պարզվեց, որ երիտասարդն ու տարեց տղամարդը, որը եղել է տաքսու վարորդ, դանակահարվել են նույն միջադեպի ընթացքում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Հայտնի դարձավ, որ դանակահարված տարեց տղամարդը Սարգիս Ավագյանն է` «Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրը: Ի դեպ, մամուլում հրապարակվեց, որ միջադեպը առաջացել է մեքենայում ծխելու հարցի շուրջ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել միջադեպից:
Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն` միջադեպը, ըստ նախնական վարկածի, սկսվել է մեքենան հետուառաջ տանելու շուրջ: Դեպքի ականատեսները իրավապահներին պատմել են, որ բակում վիճաբանության ձայներ են լսել, տեսել են, որ անծանոթ երկու տղաներ մեքենան հետուառաջ տանելու շուրջ վիճում են տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի հետ: Ավելին, ականատեսները պատմել են, որ այդ ժամանակ Սարգիս Ավագյանը ասել է. «Դուք ինձ ճանաչո՞ւմ եք, որ նման բաներ եք ասում»: Բնակիչներից մեկը, տեսնելով, որ ծեծում են Ավագյանին, իջել է օգնության, եւ այդ ժամանակ 1995 թվականի ծնված երիտասարդին ու Ավագյանին դանակահարել են, որից հետո Սարգիս Ավագյանը հիվանդանոցում մահացել է:
Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահները միջադեպի տարածքի ողջ տեսախցիկները առգրավել են, որտեղ երեւում է, որ Սարգիս Ավագյանին դանակահարած անձինք չեն օգտվել տաքսի ծառայությունից, եւ ոչ էլ միջադեպը կարող է կապ ունենալ մեքենայում ծխելու հետ: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները պարզել են, թե ովքեր են դանակահարել Սարգիս Ավագյանին եւ 1995 թվականի ծնված անձին, եւ այժմ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻՑ
Երեկ 63-ամյա Ժորա Հակոբյանը Արամավիրի մարզի Առատաշեն գյուղի տներից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող «Տոզ» տեսակի 5.6 մմ տրամաչափի զենքով կրակել է իր 60-ամյա կնոջ ուղղությամբ, այնուհետեւ գնացել է իր կնոջ` նույն գյուղում բնակվող 70-ամյա եղբոր տուն եւ նույն զենքով կրակել վերջինիս ուղղությամբ: Դեպքի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Առատաշեն համայնքի ղեկավար Վահրամ Հարությունյանի հետ. «Ես շատ վատ կարծիք ունեմ այդ մարդու մասին, եւ ոչ միայն ես, այլեւ ամբողջ գյուղն է այդ կարծիքին: Այդ մարդն ամբողջ կյանքն այդպես ապրեց. ո՛չ ընտանիքի հետ, ո՛չ կնոջ հետ, ո՛չ էլ հարեւանների հետ նորմալ հարաբերություններ չունեցավ: Ինձ թվում է` նա հոգեկան շեղումներ ուներ, որովհետեւ անընդհատ ընտանիքում ծեծ ու կռիվ էր»: Առատաշեն գյուղապետի խոսքով` տղամարդը կնոջը տարիներ շարունակ ենթարկել է կտտանքների. «Ես պարզապես զարմացած եմ, թե այդ կինն ինչպես է կարողացել այդքան տարի հանդուրժել ամուսնուն»: Հավելենք, որ ամուսիններն ունեն երեք զավակ:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Անձնական երաշխավորությամբ դատարան դիմելու օրենսդրական արգելք չի եղել` նախագահների հետ կապված: Այս մասին երեկ հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` անդրադառնալով Արցախի ներկայիս եւ նախկին նախագահների երաշխավորությամբ Ռ. Քոչարյանին կալանքից ազատելուն: Ինչ վերաբերում է հարցին, թե պնդում է արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանքի տակ մնա, Արթուր Դավթյանը նշեց, որ դա որեւէ մեկի ցանկությունը չէ: «Այս գործերով հազարից ավելի անձինք են հարցաքննվել, եւ դեռ մի հազարից ավելիին էլ հարցաքննելու անհրաժեշտություն կա: Մենք այսօր մեղսագրել ենք մեղադրյալ Քոչարյանին մի արարք, որի իրադարձություններին ներգրավված են եղել նրա հետ ծառայողական եւ այլ կախվածություն ունեցող բազում անձինք»,-ասաց նա: Նշենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, «Մարտի 1»-ի գործը կասեցնելու եւ սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները: Նիստը հետաձգվեց, քանի որ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:




Լրահոս