Անհրաժեշտ է առնվազն 3 անգամ ավելացնել դատավորների թիվը. ԲԴԽ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հյուրընկալել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը, վերջինիս աշխատակազմի ղեկավար Ջոշ Քոնոլին, կոնգրեսական, Հանձնաժողովի անդամ Ջուդի Չուն:

ԲԴԽ-ից հայտնում են, որ կոնգրեսականներին ընդունեցին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Սերգեյ Չիչոյանը եւ Հայկ Հովհաննիսյանը:

Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահը ներկայացրեց օրենսդրությամբ Բարձրագույն դատական խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակն ու Խորհրդի գործունեության կարճ ժամանակահատվածում արված աշխատանքը:

Հյուրերը հետաքրքրվեցին դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերով, նրանց գույքային դրությանն ու բարեվարքությանն առնչվող հարցերով, ինչպես նաեւ արդար դատաքննության իրավունքի ապահովման եւ արդարադատության կառավարման համակարգն արդյունավետ դարձնելու գործում Խորհրդի ունեցած դերով:

Խորհրդի կողմից նշվեց, որ ուշացած արդարադատությունն անարդյունավետ արդարադատություն է, եւ Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքներ է տանում գործերի քննության ողջամիտ ժամկետների արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ:

Իր խոսքում Խորհրդի նախագահը նաեւ նկատեց, որ արդար դատաքննության բոլոր բաղադրիչներն առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է առնվազն երեք անգամ ավելացնել դատավորների թիվը, մինչդեռ այսօր կա դատավորի 13 թափուր հաստիք:

Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը շնորհակալություն հայտնեց Խորհրդին իրենց հյուրընկալելու համար եւ ընդգծեց Բարձրագույն դատական խորհրդի հետ արդյունավետ փոխգործակցելու իրենց հաստատակամությունը:

Հանդիպման ավարտին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր հերթին նկատեց, որ բաց են եւ պատրաստակամ հետագայում եւս ցանկացած հարցի կառուցողական եւ առարկայական քննարկման համար:




Լրահոս