Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 31-ին նշանակված է Սամվել Դավթյանի, Արթուր Մարգարյանի, Քրիստինե Հարությունյանի եւ Լիլիթ Սողոմոնյանի դատավարությունը: Սամվել Դավթյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2012թ. հուլիսի 3-ից զբաղեցնելով Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Դիլիջանի սոցիալական ծառայության պետի պաշտոնը` 2016թ.-ին Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության մասնաշենքում հանդիպել է սոցիալական նպաստ ծրագրում ընդգրկված Արմինե Բաբաջանյանին եւ շորթման, կաշառք ստանալու պահանջով դիմել է նրան` հայտնելով, որ սոցիալական նպաստ ծրագրից օգտվելը շարունակելու համար յուրաքանչյուր տարի երկու ամսվա սոցիալական նպաստի գումարը` 36 հազար դրամը, պետք է տրամադրի իրեն, հակառակ դեպքում կզրկվի նպաստից:
Արթուր Մարգարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա ընտանեկան նպաստ ծրագրում ընդգրկվելու նպատակով 2016թ. ամռանը հանդիպել է Դիլիջանի սոցիալական ծառայության պետ Ս. Դավթյանին, ում հայտնել է իր այցելության նպատակի մասին: Վերջինս, տեղեկանալով, որ նրա անվամբ առկա են գրանցված ավտոմեքենաներ, նրան հայտնել է, որ չի կարող օգտվել ընտանեկան նպաստ ծրագրից, նրան ուղղորդել է ամուսնալուծվել կնոջից, որպեսզի կարողանա օգտվել ընտանեկան նպաստ ծրագրից:
Ա. Մարգարյանը համաձայնել է Ս. Դավթյանի պահանջին,որի արդյունքում վերջինս միասնական դիտավորությամբ 2016թ. սեպտեմբերից մինչեւ 2018թ. հուլիսը ստացել է 115 հազար դրամ կաշառք: Քրիստինե Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Սամվել Դավթյանի եւ Արթուր Մարգարյանի օժանդակությամբ խաբեության եղանակով կատարել է ուրիշի գույքի խոշոր չափերով հափշակություն:
Լիլիթ Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ խաբեությամբ, գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ լրացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող դիմում-հայտարարագիր եւ թաքցնելով իր եւ ամուսնու համատեղ բնակվելու ու փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը` լրացրել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն այն մասին, որ ինքը մշտապես բնակվում է Դիլիջան քաղաքի Գայի փողոցի 78 շենքի 24 բնակարանում,որի հիման վրա նրան տրամադրվել է ընտանեկան նպաստ:
Ոսկան Սարգսյան
Տավուշ