Հանկարծ չստացվի, որ ես մի տղա եմ, որը սարի գլխին նստած՝ բոլորին աջ ու ձախ քննադատում է. Հայկ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հետ էի քաշվել, որ հասկանամ՝ ինչ եմ ուզում»

Երգիչ, դերասան, սթենդափեր Հայկ Պետրոսյանը վերջերս օնլայն տիրույթում հանրությանը ներկայացավ նոր նախագծով, որը կոչվում է «Մի խոսքով»: Առաջին թողարկումը հայերիս երաժշտական ճաշակի մասին է: Հայկը սրճարանում զրուցում է երկու հոգու հետ, հումորային հարցադրումներ է անում, մեկնաբանություններ, որոնք մտածելու առիթ են տալիս: Հոլովակի վերջում դիտողի համար այդպես էլ հանելուկ է մնում՝ ընկերներն իրական էին, թե երեւակայական.կադրում Հայկը միայնակ է մնուm, եւ այնպիսի տպավորություն է, թե նա զրուցում էր ինքն իր հետ: «Ժողովուրդ»օրաթերթը Հայկի հետ զրուցել է նոր նախագծի եւ հետագա անելիքների մասին:

-«Մի խոսքով»-ը տեւակա՞ն է լինելու, սպասե՞նք անդրադարձ, օրինակ, հասարակական-քաղաքական թեմաների:

-Անպայման շարունակական, երկարատեւ է լինելու նախագիծը: Արդեն 8 հոլովակ նկարել ենք: Նախագիծը երեք սեզոնից է բաղկացած լինելու: Ամեն սեզոն ունենալու է իր ոճը: Հիմա փակագծերը չեմ ուզում բացել:Միայն կասեմ, որ հաջորդ երկու թեմաները կոչվելու են «Մի խոսքով.հեռախոս», «Մի խոսքով.ամեն ինչ արագ է զարգանում»: Տարբեր թեմաներ են արծարծվելու: Նախագծի առաջին նպատակը ունկնդրին զվարճացնելը չէ, թեպետ տպավորությունը կարող է հակառակը լինել: Կան հոլովակներ, որոնցում բավական լուրջ թեմաներ են շոշափվելու: Քաղաքական թեմաների էլ անպայման կանդրադառնանք, ունեմ նման սցենարներ: Կան դեպքեր, երբ բուն թեման քաղաքական չէ, բայց տեքստում առկա են նաեւ քաղաքական հումորներ: Պարզապես այս պահին չէի ունի քաղաքական թեմայով խոսել, որովհետեւ մեր կյանքն առանց այդ էլ բավական քաղաքականացված է: Թեմաները բազմաթիվ են՝ կենցաղային, մշակութային, հասարակական, քաղաքական, բայց ինձ համար ամենակարեւորը մարդու թեման է, անհատի եւ հասարակության առնչությունների թեման:

-Հա՛յկ, զրուցակիցներդ, ավելի ճիշտ՝ քեզ ունկնդրող ընկերներդ, ի վերջո, երեւակայական են, այդպես չէ՞:

-Առաջին սեզոնի ավարտին կբացեմ գաղտնիքը: Ես չեմ խոսում հանդիսատեսի հետ, այլ ընկերներիս: Եթե տեսախցիկին նայեի ու խոսեի, իմ լեքսիկոնն, օրինակ, ուրիշ կլիներ: Եվ հետո կուզեի մի բան էլ ասել. թեեւ այս նախագծի շրջանակում շատ հարցերի քննադատական, հումորային, երգիծական հայացքով եմ նայում, իրականում շատ դեպքերում ինքս ինձ եմ քննադատում: Հետագայում դա ավելի պարզ կլինի: Հանկարծ չստացվի այնպես, որ ես մի տղա եմ, որը սարի գլխին նստած՝ բոլորին աջ ու ձախ քննադատում է: Բացարձակ այդպես չէ:

-Տեւական ժամանակ էր՝ ելույթներով հանդես չէիք գալիս: Ի՞նչն էր պատճառը:

-Այո, հետ էի քաշվել, փորձում էի հասկանալ՝ ինչ եմ ուզում անել իսկապես: Մեր գործի մեջ մի վտանգավոր բան կա. գալիս է պահ, երբ դու անում ես այն, ինչը գիտես՝լավ է ընդունվելու հանդիսատեսի կողմից: Դու գիտես, որ տվյալ հումորն ընդունվելու է, դա ես գրում: Հասկանալով այդ վտանգը՝ ես հասկացա, որ պետք է գրեմ այն, ինչ ուզում եմ ես: Գուցե հանդիսատեսս պակասի, բայց այդպես ավելի անկեղծ կլինեմ:

-Հա՛յկ, նոր սթենդ-ափ ներկայացումներ պատրաստու՞մ եք:

-Երեք նոր սցենար ունեմ: Առաջիկայում խաղալու եմ Լոս Անջելեսում, ասելիքիս 80 տոկոսը նորություն է լինելու: Այս տարի որոշեցի Երեւանում չանել ներկայացում, քանի որ տարիների դադարից հետո վերջապես հայրս վերադարձավ բեմ, ես էլ շատ ուզում էի լինել հանդիսատեսի կարգավիճակում: Գուցե Ամանորի առթիվ որեւէ ներկայացում անեմ: Յոթ ամիս է՝ սթենդ-ափով բեմ չեմ բարձրացել, այս ընթացքում բավական շատ կուտակումներ են եղել:

-Հանդես եկաք «Կյանք ու կռիվ 1» ֆիլմում, Ձեր կերպարը բավականին սիրվեց: Գեղարվեստական ֆիլմերում կրկին հանդես կգա՞ք:

-Ի դեպ, ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ մինչ այդ եւս մեկ ֆիլմի շրջանակում աշխատել եմ, որը դեռ էկրան չի բարձրացել: Խաղացել եմ Դիանա Մալենկոյի հետ: Հետո առաջարկ ստացա նկարահանվելու «Կյանք ու կռիվ»-ում, սիրով ընդունեցի: Մհեր Միրտչյանի հետ աշխատելը շատ հետաքրքիր դպրոց էր, կյանքի դպրոց: Բայց ես թատերական կրթություն չունեմ, մասնագիտությամբ քաղաքագետ եմ, ու Մհերը ինձ շատ օգնեց տեսախցիկի հետ աշխատելու հարցում: Եթե առաջիկայում էլի հարմար առաջարկներ ստանամ, կընդունեմ: Ես կինոն սիրեցի:

-Ձեզ տարբեր ամպլուաներում փորձել եք՝ սթենդափեր, երգիչ, դերասան: Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Բազմաֆունկցիոնալ երիտասարդ եմ (ծիծաղում է): Անկեղծ ասած՝ այդ հարցի շուրջ վերջին երկու տարիներին շատ երկար մտածում էի, տարակուսում էի՝ որ ուղին ընտրեմ, գուցե երգի ասպարեզը, քանի որ հեղինակային երգեր եմ գրում, թե ես դերասան եմ, թատրոնն է իմը, կամ կարող է ես անտաղանդ տղա եմ, իզուր տեղը մտել եմ այս ասպարեզ…Այդ կասկածները միշտ հոգիս հանել են, բայց վերջերս ներդաշնակություն գտա ինքս ինձ հետ ու հասկացա, որ բոլորն էլ ես եմ: Օր է լինում՝ երգ է ծնվում, օր է լինում՝ սքեթչ, ներկայացում: Այս պահին ամեն բան մեծ սիրով եմ անում: Առանցքայինը հանդիսատեսի հետ շփումն է, մարդու հետ գործ ունենալը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս