«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխանության ներսում վերջին ժամանակահատվածում լուրջ դժգոհություններ են սկսվել կառավարության աշխատանքներից: Բանն այն է, որ օրենսդիր դաշտի ներկայացուցիչները մշտապես «կռիվների» մեջ են գործադիրի անդամների հետ, քանի որ վերջիններս իրենց հետ հաշվի չեն նստում, իսկ ինչ վերաբերում է նախագծերի մշակմանը, ապա դա արդեն դարձել է երկու կողմերի հիմնական վեճի թեման:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հետ` պարզելու համար, թե ինչից է առաջացել իրենց իշխանության երկու թեւերի լարվածությունը:
-Պարո՛ն Փամբուխչյան, մեր տեղեկությունների համաձայն` առաջիկայում պլանավորված է Ձեզ կրկին գործուղել հայրենի կառավարություն` այս անգամ ղեկավարելու ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, քանի որ նպատակ կա նախարար Սուրեն Պապիկյանին նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Արդյոք նման առաջարկ ստացե՞լ եք Ձեր թիմից, ու եթե նման առաջարկ ստացել եք, ո՞րն է Ձեր որոշումը, կգնա՞ք նորից գործադիր մարմին:
-Ես նման առաջարկ չեմ ստացել ու առաջին անգամ Ձեզանից եմ լսում առհասարակ նման խոսակցություն: Ցանկացած առաջարկ այս պահին, որ լինի էլ, ես պետք է մտածեմ, հասկանամ ու նոր կպատասխանեմ` կընդունեմ, թե չէ նման առաջարկը: Այս պահին ես նման առաջարկ չունեմ:
-Տեղեկություններ կան, որ Ձեր իշխանության ներսում դժգոհություններ կան կառավարության աշխատանքից, նրանց վարած քաղաքականությունից, ու արդեն պահանջ կա նրանց այդ ղեկավար պաշտոններից հեռացնելու. որքանո՞վ են իրատեսական այս տեղեկությունները:
-Ես կարծում եմ, որ կառավարությունը հնարարավորինս արդյունավետ է աշխատում, իսկ աշխատանքային ընթացիկ որոշ բացթողումներ, քիչ հարցերում գուցե դանդաղ որոշումների կայացում եւ այլն, ապա դա, կարծում եմ, աշխատանքային պրոցեսներ են, որոնք լինում են: Բայց կարծում եմ` ընդհանուր արդյունավետությունը կառավարության աշխատանքի բարձր է: Ես բարձր եմ գնահատում իրենց կատարած աշխատանքը ու, որպես քաղաքական թիմի անդամ, ամբողջությամբ օժանդակում եմ կառավարության աշխատանքը: Ես համակրում եւ օժանդակում եմ կառավարության աշխատանքը:
-Բայց, կարծես թե, ընդդիմությունը` ի դեմս ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության, գործընթաց է սկսել` նախարարների պաշտոնանկությունների հետ կապված: Այդ դեպքում ի՞նչը չի բավարարում ընդդիմությանը, որ նման քայլի է դիմել: Ըստ մեր տեղեկությունների` այդ նախարարներն են Էրիկ Գրիգորյանը, Արայիկ Հարությունյանը, Զարուհի Բաթոյանը, Տիգրան Խաչատրյանը: Դուք գո՞հ եք իրենց կատարած աշխատանքից:
-Ես Ձեր նշած մարդկանց աշխատանքը գնահատում եմ լավ: Ընդդիմությունը ունի լիազորություն ցանկացած հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու համար, ինչպես նաեւ ազատ է արտահայտելու իր կարծիքը: Դա ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիրքորոշումն է, ու դա մեր դիրքորոշումը չէ:
-ՀՅԴ Երիտասարդների միությունն էլ պահանջ է դրել` կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման հարցի հետ կապված: Ըստ նրանց` առաջիկա հինգշաբթի օրը նախարարը պետք է հրաժարական ներկայացրած լինի:
-Մեր քաղաքական թիմում նման հարց չի քննարկվել. եթե ինչ-որ հարցեր լինում են, մենք քննարկում ենք ու ներկայացնում ենք մեր դիրքորոշումը: Այդ ենթադրություններին` նախարարի լավ եւ վատ աշխատանքի հետ կապված, ես չեմ ցանկանում որեւէ բան պատասխանել: Եթե որեւէ հարց է լինում, մենք մեր թիմի ներսում քննարկում ենք ու ներկայացնում ենք մեր դիրքորոշումը: Ես զերծ եմ մնում այդ հարցում տեսակետ հայտնելուց:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ