Մեր կառավարությունն Արցախի կառավարության հետ քաղաքական որոշում է կայացրել. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և նշել, որ Արցախի խորհրդարանական  մբակցությունների հետ հանդիպումները հետագայում կրելու են շարունակական բնույթ:
«Սա շատ լավ առիթ է, որպեսզի արձանագրենք, ամփոփենք, թե վերջին մեկուկես տարվա ընթացքում Արցախի հետ հարաբերություններում կոնկրետ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել: Ուզում եմ անդրադառնալ ֆինանսատնտեսական հատվածին: Առաջին ամենակարևոր հարցը թերևս հետևյալն է. խոսքը միջպետական վարկի վերակառուցման մասին է: Մենք համապատասխան պայմանավորվածությունը ձեռք ենք բերել դեռևս այն ժամանակ, երբ պարոն Հարությունյանն Արցախի պետնախարար էր: Սա շատ կարևոր որոշում է, որը դե ֆակտո իրականացվում է:

Այսինքն՝ քաղաքական որոշմամբ մենք արձանագրել ենք, որ այդ գումարը մենք ավելի լավ է վերակառուցենք: Մեր կառավարությունն Արցախի կառավարության հետ քաղաքական որոշում է կայացրել, որ ավելի լավ է այդ գումարը շարունակվի շրջանառվել Արցախի Հանրապետությունում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է նաև ՀՀ կառավարության մեկ այլ որոշում, որով 2.1 մլրդ դրամ է տրամադրվելու
առաջնագծի և ընդհարապես զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար: «Հաջորդը. Արցախի զինծառայողների բնակարանային խնդիրները լուծելու համար 2.9մլրդ դրամ հատկացնելու որոշման նախագիծն այս պահին գտնվում է շրջանառության մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ որոշում է կայացվել նաև Արցախի համար ձեռք բերել շտապօգնության 10 մեքենա:

Այնուհետև հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու պետությունների կառավարությունների,
խորհրդարանների համագործակցությանը, տարբեր ոլորտներում գործակցությանը, Հայաստանում և Արցախում տնտեսության առանձին ճյուղերի զարգացման խթանմանը վերաբերող հարցերի:

Վարչապետ Փաշինյանը հանգամանալից անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հանդիպման համար և անդրադարձել «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջիկա անելիքներին:




Լրահոս