«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Աժ իշխանական խմբակցության ներկայացուցիչները որոշել են այժմ էլ «Կուսակցությունների մասին» օրենքը ներկայացնել տարբեր մարզերի բնակիչներին: Ըստ մեր տեղեկությունների` իմքայլականները գնացել են Շիրակի ու Լոռու մարզեր ու ներկայացրել, թե ինչ են ցանկանում փոխել այդ օրենքում: Բանն այն է, որ իշխանությունները ցանկանում են առաջիկայում այդ օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնել: Իսկ ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, ապա կարծես թե այդտեղ լուրջ խնդիրներ են առաջացել, ինչի համար «ստոպ» են տվել:
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը», ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեռեւս սեպտեմբերին սկսել էին քննարկումները Ընտրական օրենսգրքի ու «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների շուրջ: Առաջարկվում է բարձրացնել կուսակցությունների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում անհրաժեշտություն են համարում բարձրացնել կուսակցություններին տրվող պետական ֆինանսավորումը:
Աշխատանքային խմբի համակարգող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի խոսքով` իրենք նախատեսում են հստակեցնել կուսակցություններին տրվող ֆինանսավորման եղանակը, քանի որ նախկինում պետական ֆինանսավորումից միայն խորհրդարանական կուսակցություններն են օգտվել: Մեր տեղեկություններով` այս ժամանակահատվածում իշխանության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել` այս հարցի հետ կապված, տարբեր ՀԿ-ների հետ, հիմա էլ որոշել են մարզերում խոսել այդ մասին:
Մեր տեղեկություններով` մարզերում հանդիպումները այդքան էլ մեծաթիվ չեն լինում: Աշխատանքային խմբի անդամները տեղեկություն են հաղորդում, որ իրենք մարզ են գնում կուսակցությունների օրենքում փոփոխությունների վերաբերյալ հանրությանը հուզող հարցերին պատասխանելու համար ու ակնկալում են, որ իրենց հարցեր են ուղղելու կամ լսելու են: Բայց մեր տեղեկություններով` դրանք մարդաշատ չեն անցնում: Կարծես թե իշխանությունները ձեւական կողմն են պահում այս ամենում, որպեսզի հետագայում ցույց տան, որ այդ փոփոխությունները քննարկվել են բոլոր սեկտորներում:
Իսկ ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, ապա դա ավելի անհույս վիճակում է գտնվում, քանի որ հայրենի իշխանավորները պարզել են, որ այդտեղ Սահմանադրական դրույթների անհապատասխանություններ կան, անսահման գործ ու լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է ուսումնասիրել ու նոր կարողանալ ինչ-որ փոփոխություններ իրականացնել:
Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ