Նոյեմբերի 18-ին Իջեւանի տարածաշրջանի Ենոքավանի անտառում հովազի հարձակմանը ենթարկված, Ենոքավան գյուղի 35-ամյա բնակիչ Արման Գաբրիելյանի վիճակը բարվոք է: Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Վազգեն Մարգարյանը հայտնեց, որ իր կորած խոզերի բոլուկը անտառում որոնելիս տարբեր տեղերում Արմանը տեսել հոշոտված մի քանի խոզերի մարմիներ: Գճաքար կոչվող տեղանքում` բարձր ժայռերի շրջակայքում, նա անսպասելի կերպով հովազի հարձակմանն է ենթարկվել: Որսորդ ենոքավանցին իրեն չի կորցրել, ձեռքը մտցրել է ընձառյուծի երախը, գազանին բարձր հայհոյել է, գոռացել: Հովազը վնասել է նրա ձեռքերը, ուսը, ոտքերը: Այդ ամենը տեւել է 5 րոպե, որից հետո գազանը հեռացել է:
Ենոքավանցուն փրկել է այն, որ թիկունքով հենվել է ծառի, գետնին չի պառկել, այլապես մոտ 90 կգ քաշ ունեցող արու հովազը նրա վիզը կհոշոտեր: Արման Գաբրիելյանն ասել է, որ ինքը նախկինում անտառում մոտիկից տեսել է արջի, սակայն հովազն իր համար ավելի ահարկու է եղել: Իջեւանի հիվանդանոցում նրան սրսկում կարվի կատաղության դեմ: Վազգեն Մարգարյանը հայտնեց, որ Ենոքավանի բնակիչը դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում, հետո տնից կներկայա հիվանդանոց, որպեսզի վիրակապերը փոխեն: Արման Գաբրիելյանի ունեցած 50 խոզերը գտնվել են, 40-ը դեռեւս կորած է:
Արմանը Ենոքովանի «Ապագա տուր» հանգստյան գոտու ձիարշավարանի պատասխանատուն է, նա է կազմակերպում զբոսաշրջիկների ձիերով արշավները: Իջեւանի ԲԿ-ում նրա բուժումը կատարվում է«Ռոսսգոստրախ» ընկերության ապահովագրական փաթեթով։
Ոսկան Սարգսյան
Տավուշ