Նոյեմբերի 21-ին` ձմռան մեկնարկից 9 օր առաջ, իտալական «Սուարդի» ընկերությունը Նոյեմբերյան քաղաքում քերեց միջպետական ավտոճանապարհը, որպեսզի ասֆալտապատում կատարի, սակայն կեսօրից հետո թաց եղանակը խանգարեց, աշխատանքները դադարեցին: Նոյեմբերի 22-ին Նոյեմբերյանում ձյուն տեղաց, ճանապարհաշինական աշխատանքները չվերսկսվեցին: Նոյեմբերյանի կենտրոնում` Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի քերված ծածկին, ճանապարհաշինարարները ձյութ են քսել, ճանապարհի ծածկը սեւացել է: Իտալական ընկերության աշխատողները Նոյեմբերյանի բնակիչներին ասել են, որ իրենք ասֆալտի հետ սոսինձ են խառնելու, եւ ցուրտ եղանակը չի խանգարի ասֆալտապատման գործին:
«Սուարդի» ընկերությունը 2018թ. աշնանը քանդեց, քերեց Այրում քաղաքի խաչմերուկից, ջրհան կայանների հիմնարկության վարչական շենքից մինչեւ Բագրատաշենի մաքսակետ ավելի քան 10 կմ միջպետական ավտոճանապարհի ծածկը եւ այդպես էլ այն չասֆալտապատեց, ավտոմեքենաները ավելի քան մեկ տարի, ճանապարհի անհարթ ծածկից ցնցվելով, վնասվում են: Նույն ընկերությունը ասֆալտի քերվածքով բեռնատարի տարողությունը 50-60 հազար դրամով վաճառել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշենի ենթաշրջանի բնակիչներին, սակայն դրա վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի տվել, այսինքն` ընկերությունն անօրինական շահույթ է ստացել: Սակայն իրավապահներն այդ առթիվ քրեական գործ չեն հարուցել:
Այդ ընկերությունը նախկինում Այրում քաղաքի վարչական տարածքում քանդել է իր զբաղեցրած տարածքի հողի ծածկը եւ խիճ արդյունահանել, այն օգտագործել ճանապարհաշինության մեջ, դրա համար 5 միլիոն դրամով տուգանվել:
Ոսկան Սարգսյան
Տավուշ