ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ խախտումներ են հայտնաբերվել ԱԻՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում իր ստուգումները, սակայն մինչեւ այժմ որեւէ տեղեկություն չկա, թե ինչ թերություն է հայտնաբերել ՊՎԾ-ն ԱԻՆ-ում:

Ըստ մեր տեղեկությունների` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեռեւս լարված իրավիճակը շարունակվում է, քանի որ դեռեւս որեւէ ինֆորմացիա չկա, թե ինչ է հայտնաբերել ՊՎԾ-ն, ու ինչ պետք է սպասեն իրենք առաջիկայում` իրենց հետագա աշխատանքի հետ կապված:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս հոկտեմբերի 25-ին էր տեղեկացրել, որ ԱԻՆ աշխատակիցները նախարար Ֆելիքս Ցոլակյանի դեմ բողոք-դիմում են գրել վարչապետ Փաշինյանին՝ դժգոհելով, որ, իբրեւ թե, նախարարը ներսում յուրայիններ ունի: Ֆ. Ցոլակյանն էլ իր հերթին դիմել էր վարչապետին՝ խնդրելով այդ նամակի հետքերով գալ նախարարություն ու ստուգումներ իրականացնել՝ պարզելու նամակի արժանահավատությունը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՊՎԾ ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հետ` պարզելու համար, թե ինչ խնդիրներ են, ի վերջո, ԱԻՆ-ում հայտնաբերել:

-Պարո՛ն Քյարամյան, ՊՎԾ-ն մի քանի շաբաթ շարունակ ԱԻՆ-ում ուսումնասիրություններ էր իրականացնում: Ի՞նչ խնդիր հայտնաբերեցիք:

-Մենք մշտադիտարկում ենք իրականացրել ԱԻՆ-ում, ուսումնասիրությունն ավելի լայն ասպեկտ է ընդգրկում եւ ավելի բարձր ռիսկայնություն է իրենից ենթադրում, իսկ մշտադիտարկումը ավելի լոկալ հասկացություն է: Այն ինֆորմացիան, որը մենք չենք հրապարակում ի սկզբանե, ուրեմն հրապարակման ենթակա չի, այսինքն` այն ինֆորմացիայի մասը, որը որ մենք մեր պաշտոնական խողովակներով հրապարակում ենք` կապված մեր ուսումնասիրությունների, եւ մշտադիտարկումների հետ, ուրեմն այդ հատվածն է հասու հանրությանը: Հաշվի առնելով մեր ծառայության առանձնահատկությունները` մենք ինքներս ենք որոշում` ինֆորմացիայի որ հատվածն է ենթակա հրապարակման, որը ոչ: Մենք այստեղ պետք է հաշվի առնենք մի կարեւոր հանգամանք, որ, ընդհանրապես, մեր ուսումնասիրությունների մի զգալի հատվածը իրավապահ համակարգ է ուղարկվում, այսինքն` հետագայում քրեական գործեր են հարուցվում: Հաշվի առնելով հետագայում հարուցվելիք քրեական գործի առավել արդյունավետ քննության հեռանկարը` շատ հաճախ մենք չենք հրապարակում մեր արդյունքները կամ հրապարակում ենք մասամբ:

-Իսկ ԱԻՆ-ում մշտադիտարկման ո՞ր հատվածն է հրապարակային, խախտում հայտնաբերվե՞լ է:

-Եթե մենք ԱԻՆ-ի հետ կապված չենք հրապարակել արդյունքները, ուրմեն այդ առումով մենք այլ պարզաբանումներ տալու անհրաժեշտություն չենք տեսնում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս