ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դա մեր անձնական խնդիրն է. Վազգեն Ռշտունին՝ Վահագն Հարությունյանի հետ հարաբերությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է դատական համակարգում տիրող իրավիճակին եւ գրել, որ առկա է մի սխեմա, որը թույլ է տվել ներկայիս իշխանություններին պարզել, թե իրավական համակարգի որ ներկայացուցիչների թեթեւ ձեռքով են ազատվել աղմկահարույց քրեական գործերով հայտնի պաշտոնյաները կամ էլ հաջողացրել երկրից դուրս գնալ մինչեւ նրանց հանդեպ հետախուզում հայտարարելը:

Եվ, ահա, նույն սխեմայի համաձայն` ՀԿԳ գործերով վարչության նախկին պետ Վահագն Հարությունյանին, որը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ է, Հայաստանից գնալու հարցում օգնել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, որը ընկերական ջերմ հարաբերությունների մեջ է Վահագն Հարությունյանի հետ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի առնչությամբ մի քանի հարց է ուղղել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն:

-Պարո՛ն Ռշտունի, տեղեկություններ կան` Դուք, Վահագն Հարությունյանի հետ ունենալով մտերիմ հարաբերություններ, կարողացել եք այնպես անել, որ նա լքի Հայաստանի Հանրապետությունը: Արդյոք ճի՞շտ է տեղեկությունը, Դուք նրան օգնե՞լ եք լքել երկիրը:

-Ես չգիտեմ` Դուք ինչքանով եք պատկերացնում դատավորի հնարավորությունները, բայց եթե կան հատուկ ուժային ծառայություններ կամ հատուկ կառույցներ, ինչքանո՞վ եք տրամաբանական համարում, որ եղել են արգելքներ կամ սահմանափակումներ կամ միգուցե խափանման միջոց՝ ընտրված Վահագն Հարությունյանի նկատմամբ, եւ ես կարողացել եմ օգնել, որպեսզի նա լքի Հայաստանի Հանրապետության սահմանը:

Այսինքն` եթե եղել են արգելքներ, ու ես դա արել եմ, ուրեմն սահմանը ապօրինի հատման օժանդակող եմ հանդիսանում: Եթե ես հանդիսանում եմ այդպիսին, կարծում եմ, պետք է այդ ուղղությամբ քննություն իրականացվեր եւ պարզվեր: Ես որքանով տեղյակ եմ, երբ Վահագն Հարությունը լքել է Հայաստանի Հանրապետության սահմանը, որեւէ արգելք չի եղել: Նա եղել է ՀՀ քաղաքացի, նրա նկատմամբ մեղադրանքներ չեն եղել, նա քրեական հետապնդման տակ չի եղել եւ նա լքել է ՀՀ սահմանը:

-Դուք շփում կամ կապ ունե՞ք Վահագն Հարությունյանի հետ:

-Կարող եմ ասել, որ վերջում մամուլից տեղեկացա, որ նա ցանկություն է հայտնել վերադառնալու Հայաստանի Հանրապետություն:

-Իսկ Դուք անձնապես իր հետ շփվո՞ւմ եք:

-Դա մեր անձնական խնդիրն է, թույլ տվեք այդ հարցին չպատասխանել: Ես նաեւ տվյալ դիրքորոշումն արտահայտել եմ իմ դատական ակտով, երբ Վահագն Հարությույանի հետ կապված վարույթ, բողոք է եղել ՀՀ վերաքննիչ դատարանում, ես այդ գործով հայտնել եմ ինքնաբացարկ` նշելով, որ ես նրա հետ գտնվել եմ մտերիմ հարաբերությունների մեջ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս