«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Իրինա Դանիելյանն է: Քչերը գիտեն, որ նա 1981-85թթ. սովորել է Երեւանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում եւ, փաստորեն, ունի երաժշտական կրթություն:
«Չորս տարի դասավանդել եմ Աշտարակի երաժշտական դպրոցներից մեկում: Խորհրդային տարիներին դիպլոմը ստանալու համար պետք էր մարզերից մեկում 4 տարվա աշխատանքային փորձ ունենալ: Այդ էր պատճառը, որ ճանապարհն ինձ տարավ դեպի դպրոց` դասավանդելու»,-մանրամասնեց տիկին Դանիելյանը:
Հարցին, թե որքանով է օգնել երաժշտական կրթությունը դերասանական ասպարեզում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Միայն ուսումնարանը չէ, որ օգնել է ինձ այդ հարցում, ես երաժշտական գիտելիքներ կուտակել եմ նաեւ խոռում երգելով: Երաժշտության ոլորտից տեղյակ լինելն, իհարկե, օգնում է դերասանի մասնագիտությանը»:
Տիկին Դանիելյանն ուսմանը զուգահեռ սովորել է նաեւ Երեւանի Կամերային թատրոնի ստուդիայի դպրոցում: «Ուսումնարանից հետո երաժշտական բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ծրագրել էի կոնսերվատորիա ընդունվել, բայց հետագայում արդեն որոշեցի դերասանուհի դառնալ եւ էլ չգնացի կոնսերվատորիա: Իսկ ուսումնարանում սովորել եմ երաժշտության տեսություն: Ես վոկալ չեմ սովորել, ուղղակի ունեմ ձայնային որոշ տվյալներ»,- եզրափակեց նա:
Հավելենք, որ Իրինա Դանիելյանը 1995-98թթ. աշխատել է Հայաստանի երգի պետական թատրոնում` որպես երգչուհի եւ հանդիսավար:
Աննա Բաբաջանյան